Հարցազրույց

«Տպագիր մամուլի մահախոսականը կարդալու համար դեռ շատ վաղ է»

16.10.2013

Photo by hra.am

Հարցազրույց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։

Ի՞նչ առաքելություն պիտի ունենա մամուլն, առհասարակ։

Մամուլի դերակատարությունն, առհասարակ, հասարակության մեջ առկա գաղափարների արծարծումն է և իրադարձությունների ճշմարիտ անդրադարձը՝ ճշմարիտ, բազմակողմանի տեղեկատվության մատուցումը։

Իսկ հայաստանյան մամուլը որքանո՞վ է իրականացնում իր առջև դրված այդ խնդիրները։

Տպագիր և ինտերնետային մամուլն, այսպես թե այնպես, իրենց դերը կատարում են, իսկ հեռարձակող լրատվամիջոցները գաղափարների բազմազանության, կարծիքների բախման մասով իրենց դերը շատ թերի են կատարում՝ իմ պատկերացմամբ։

Իսկ ինչո՞ւ է այդպես։

Որովհետև թելադրանքների և ազդեցությունների տակ է՝ իշխանություններից, փող ունեցող շրջանակներից, կուսակցական որոշ թևերից, օլիգարխներից, և հասկանալի է, որ թելադրանքն ուղղակիորեն արտացոլվում է դրանց արտադրանքում։

Եթե ընդհանուր առմամբ գնահատելու լինեք, ըստ Ձեզ որքանո՞վ է հայաստանյան մամուլն ազատ։

Ամբողջականության մեջ, պիտի ասեմ, որ անազատ է։ Ըստ տեսակների եթե դատենք, տպագիր մամուլը, հանգիստ խղճով կարող ենք ասել, որ բավականաչափ ազատ է՝ չնայած որոշ խնդիրների, ինտերնետայինն ազատ է, հեռարձակողը էականորեն անազատ է։ Եվ հաշվի առնելով, որ հեռարձակողների՝ հեռուստատեսության և ռադիոյի ազդեցությունը հասարակական կյանքի վրա, հասարակական կարծիքի ձևավորման վրա ահռելի է, ընդհանուր հավաքականության մեջ, իմ մասնավոր գնահատականն այն է, որ Հայաստանում մամուլը դեռ մնում է անազատ։ 

Իսկ որքանո՞վ է ազդեցիկ մամուլը Հայաստանում։

Հեռարձակողները բավականին ազդեցիկ են։ Հեռարձակողների միջոցով ուղեղներ լվալու և պրոպագանդայի գործառույթներ են իրականացվում՝ հիմնականում իշխանական, հիմա արդեն՝ ռուսականի և Մաքսային միության ուղղությամբ և այլն, որը շատ բացասական հետևանքներ է թողնում։ Այս իմաստով, դժբախտաբար, ազդեցիկ են հեռարձակողները։

Իսկ տպագիր մամուլը, չեմ կարծում, թե ազդեցիկ է, տպաքանակները սարսափելի ցածր են լայն հասարակական կարծիք ձևավորելու համար, բայց էլիտար ընթերցողների համար՝ քաղաքական, հասարակական, մշակութային շերտերում որոշակի ազդեցություն ունի, անշուշտ։

Ինտերնետում լիակատար բազմազանությունը բերել է նաև ձայների ֆանտաստիկ առատության, որում կոնկրետ ձայները, ցավոք սրտի, սկսել են կորել։ Չեմ կարող ասել, որ ինչ–որ մի բևեռ ինտերնետային մամուլում ազդեցիկ է հասարակական կարծիքի վրա։

Դուք կիսո՞ւմ եք այն մտահոգությունը, որ թերթերը մի օր կկանգնեն փակման վտանգի առջև։

Ես այդ հարցին շատ ուշադիր եմ և հետևում եմ դեռ 1999-2000 թվականներից, և արևմտյան մամուլի շարժի նկատմամբ շատ աչալուրջ եմ։ Իսկապես, տպաքանակների անկում դիտվել և դիտվում է, բայց Արևմուտքում կա նաև կայունացում անկումից հետո, հասկանալի է, որ ինտերնետային տարբերակների շնորհիվ։

Ես անձամբ կարծում եմ, նույնիսկ՝ համոզված եմ, որ տպագիր մամուլը չի վերանա, ինչպես հիմա շատերը գուժում են։ Ճիշտ է, կորուստներ կունենա, ստիպված կլինի վերափոխումներ անել՝ կերպարանափոխումից սկսած, բովանդակությունից վերջացրած, բայց կենսունակ կլինի։ Հասկանալի է, որ օպերատիվությամբ չի կարողանա մրցել ո՛չ հեռուստատեսության, ո՛չ ռադիոյի կամ ինտերնետային մամուլի հետ, բայց իր տեղը պահպանելու է։ Տրանսֆորմացիաներ են սպասվում և կոնվերգենցիա՝ տարբեր մամուլի տեսակների միախառնումը, միախառնման ազդեցությունը ԶԼՄ բոլոր, այսպես կոչված, ավանդական տեսակների վրա։

Տպագիր մամուլի մահախոսականը կարդալու համար դեռ շատ վաղ է։ Շատ նման է թատրոն-կինո էպոպեային։ Կինոյի հայտնության ժամանակ սկսեցին խանդավառությամբ թաղել թատրոնը, բայց թատրոնն ապրեց ու կարողացավ իր տեղն ունենալ։ Հասկանալի է, որ իր լսարանով ոչ մի կերպ չի մրցում կինոյի լսարանի հետ։

Տպագիր մամուլն էլ ունենալու է իր տեղը մեր երկրում։ Դժվարություններ կան, իհարկե, դա մարդկանց եկամուտների ծավալն է, աղքատության բարձր մակարդակը, թերթի տպագրության հետ կապված բարձր ծախսերը և բարձր ինքնարժեքը, որը նվազեցնում է թերթի մատչելիությունը և տպաքանակը։ Բայց տպագիր մամուլը կմաքառի և կվերապրի։

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

Աղբյուրը՝ www.hra.am