Հարցազրույց

Իրավախախտում կատարած երեխայի խնդիրները գալիս են ընտանիքից

05.11.2013

Photo by hra.am

Հարցազրույց ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Գայանե Հովակիմյանի հետ:

«Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ–ը վերջերս Մշակույթի նախարարությունից տեղափոխվեց Արդարադատության նախարարության ենթակայության տակ։ Ինչո՞ւ։

Ես կարծում եմ, որ շատ ճիշտ էր այս որոշումը, քանի որ կենտրոնը ծառայություն մատուցում էր հենց արդարադատության համակարգին: Եվ տեղափոխվելով այստեղ՝ աշխատանքն ավելի ներդաշնակ կդառնա, իմ պատկերացմամբ:

Ի՞նչ աշխատանքներ եք ներկայումս իրականացնում իրավախախտում կատարած անչափահասների հետ և ի՞նչ ծրագրեր ունեք նախատեսած առաջիկայի համար։

Հիմա «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրականացվում են անչափահասների կրթական, սոցիալական և մշակութային դասընթացներ, բայց նպատակ կա ընդլայնելու կրթական ծրագրերը, որպեսզի դրանք հասցեագրվեն բոլոր այն կարիքներին, որոնք իրականում կան, բայց լուծումներ չեն ստանում։

Ի տարբերություն հասարակական կազմակերպությունների՝ ՊՈԱԿ–ը հնարավորություն ունի, որպես պետական մարմին, ավելի  շուտ տեսնել այդ խնդիրները և շարունակական ու երկարաժամկետ լուծումներ տալ դրանց։

Բացի այդ, մենք ուզում ենք մեր ծրագրերն ուղղված լինեն ոչ միայն անչափահասներին, այլ նաև՝ մինչև 25 տարեկաններին, որովհետև 18-19 տարեկանում տեղափոխվում են չափահասների հիմնարկ, բայց մինչև 25 տարեկանը նրանց կարելի է համարել խոցելի, որոնց խիստ անհրաժեշտ են կրթական–սոցիալական ծրագրերը։

Մենք հիմա սկսել ենք սոցիալական հետազոտություն անել, կարիքների գնահատում, որ հասկանանք՝ ի՞նչ կրթական ծրագրեր պետք է անել, ո՞րն է ավելի արդյունավետ կամ ավելի պահանջարկված իրենց կողմից։ Իհարկե, մենք կարող ենք ենթադրել, թե ի՞նչ է պետք նրանց, բայց երբ դատապարտյալը հասկանում է, որ իր կարծիքը հաշվի է առնվում, դա նրան ավելի է մոտիվացնում: Մյուս կողմից, հասկանալի է, որ շուկան ունի իր պահանջարկները, բայց պետք է նաև մեր հնարավորություններին համապատասխան լինի։ Սոցիալական հետազոտությունն առաջին քայլն է։

Կարիքների գնահատմանը զուգահեռ մենք մշակում ենք սոցիալական ծրագրեր, ինչը նորույթ է Հայաստանի համար։ Մենք ուզում ենք կրթական դասընթացի մոդուլի նման մշակել նաև սոցիալական ծրագրերը, այսինքն՝ որն է նպատակը, խնդիրները, ինչ մեթոդներ են ներառվելու: Եթե շատ ընդհանուր ասենք, դա ռեաբիլիտացիոն մասն է:

Ուզում ենք գտնել այն ճանապարհները, թե ինչպես կարող ենք աջակցել անչափահաս դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո։ Այս պահին կենտրոնացած ենք հատկապես սոցիալականի վրա, որովհետև հաճախ էդ սոցիալական կապերի բացակայությունն է ծնում նոր հանցագործություն, այսինքն եթե մարդու հետ  կատարվի աշխատանք, տրամադրվի տեղեկատվություն և արվի ուղղորդում՝ համապատասխան ծառայությունից աջակցություն ստանալու համար, ապա այդ մարդը կարող է գնալ, նորմալ աշխատել: Տվյալ դեպքում խոսքը չափահաս դարձածների մասին է, որովհետև մենք մաքսիմալ փորձում էինք երեխաների պաշտպանության մարմինների հետ աշխատել, բայց խնդիրն այն է, որ մինչև նա վերադառնում է հասարակություն, արդեն 18-19 տարեկան է դարձած լինում և այլևս երեխաներով զբաղվող մարմինների շահառուն չէ, չի կարող օգտվել այդ ծառայություններից և չկա այն մարմինը, կազմակերպությունը, որը կզբաղվի նրանով:

Այս խնդիրը միշտ եղել է և շատ մտահոգիչ է, որովհետև մենք ունեցել ենք երեխաներ, որ երբևէ չէինք պատկերացնի, որ այդ երեխան կարող է դուրս գալ ու նորից կատարել հանցանք, բայց նա դուրս է եկել ու 20 օր հետո նորից կատարել է։ Սա շատ ցավալի է, որովհետև այստեղ չկար հանցավոր միտումը, այստեղ կար օգնողի պակասը: Դրա համար մենք չենք ուզում բացառապես անչափահաս դատապարտյալների վրա կենտրոնանալ, այլ նաև՝ չափահասության տարիքի հասած և նաև՝ կալանավորվածների հետ աշխատել:

Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ ՊՈԱԿ-ը կլինի այն մարմինը, որի վրա կարող է հույս դնել նաև չափահաս դարձած երեխան, այսինքն՝ երիտասարդը։

Կարելի է ասել, բայց այստեղ մի խնդիր կա. գտնվելով Երևանում՝ մեր ռեսուրսները չեն ների բոլոր մարզերում նույն արդյունավետությամբ աշխատել։ Բայց, կարծում եմ, մենք կարող ենք պետական և հասարակական սեկտորի հետ համագործակցելով աշխատել՝ դառնալով ռեսուրս կենտրոն:

Դրա համար ես այս շրջանը համարում եմ շատ կարևոր ՊՈԱԿ-ի համար։ Մենք ասում ենք, որ մենք բաց ենք համատեղ նախագծեր մշակելու, ծրագրեր իրականացնելու համար: Ինչպես ասում են՝ մեկ ձեռքը լավ է, երկուսն՝ ավելի լավ:

Երկար տարիներ աշխատել եք քրեակատարողական համակարգում ր համակարգին ծանոթ եք ներսից։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ խնդիրներ ունեն ազատազրկման վայրում գտնվող անչափահասները։

Եթե ընդհանուր նայենք, բոլորը առաջին հերթին կասեն՝ տնտեսական, բայց ես ավելի առաջնային կհամարեի իրենց անորոշությունը կյանքի, ապագայի պլանների հանդեպ։ Երեխաները կամ դեռահասները հստակ չունեն պատկերացում, թե ինչով են զբաղվելու, ինչ են անելու։

Շատ քչերը կան (անուններ չեմ տա), որ ազատազրկման վայրում կրթություն են ստանում, վերարժեվորում են իրենց կյանքը, որոշում հետագա անելիքը: Եթե մարդ չունի նպատակներ, իր գոյությունը դառնում է պատեհային։ Պատկերացրեք, թե որքան բարդ է անչափահասների դեպքում, երբ նրանք դուրս են գալիս և չունին նպատակ ու ցանկացած արտաքին բացասական գործոնից նրանց վարքը կարող է շեղվել։

Մյուս խնդիրը ես կհամարեի մոտիվացիայի պակասը. երեխաները չեն ուզում սովորել՝ ես չեմ խոսում միայն հանրակրթության մասին, այլ՝ ինչ–որ բան սովորելու մասին։ Սա համատարած խնդիր է դեռահասների մոտ, բայց այս թիրախային խմբի համար, երբ ծնողը կողքին չէ և չկա ստիպող, ավելի լուրջ խնդիր է, որովհետև ի՞նչ է անելու հասարակության համար և իր համար սոցիալապես և գիտելիքներով ոչ լիարժեք և սովորելու ցանկություն չունեցող երեխան։ Այստեղից էլ ծնվում են ռիսկերը:

Իսկ որո՞նք են այն ռիսկերը, որոնց պայմաններում դրսևորվում է հանցավոր վարքը։ Այլ կերպ ասած՝ ի՞նչն է պատճառ դառնում, որ անչափահասը իրավախախտում կատարի և հայտնվի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:

Առաջին պատճառն ընտանիքի ոչ լիարժեք գործառնությունն է։ Կայուն ստատիստիկա չկա, բայց ես տասը տարուց ավել աշխատում եմ, և հիմնականում ոչ լիարժեք ընտանիքներ են ունենում այդ երեխաները՝ դա կարող է լինել միակողմանի ծնողազուրկ երեխա, բաժանված ծնողներով ընտանիք կամ ընտանիք, որտեղ ծնողներից մեկը բացակայում է։

Փոքր ընտանիքները շատ ռիսկային են, որպեսզի երեխայի մոտ նկատվի վարքային շեղում, որովհետև մեկ ծնողի ուսերին է ընկնում ողջ բեռը, նա սկսում է լուծել սոցիալ-տնտեսական հարցեր, բարոյապես չի հասցնում երեխային տալ այն, ինչ պետք է նրան։ Հետո, չկարողանալով լուծել այդ բոլոր խնդիրները, երեխային է սկսում մեղադրել դրանց համար, երեխան դառնում է բեռ ծնողի համար:

Լինում են դեպքեր, երբ երկու ծնող ունեցող երեխայի մոտ է վարքային շեղում առաջանում, բայց եթե կառուցվածքային առումով ընտանիքը լիարժեք է, դա չի նշանակում, որ ներքին հարաբերությունների առումով էլ է ամեն ինչ նորմալ: Լիարժեք ընտանիք ասելով՝ ես նկատի ունեմ ոչ միայն անդամների թիվը, այլ՝ ընտանեկան ներքին մթնոլորտը. Արդյո՞ք երեխան բավականաչափ հոգատարություն, ուշադրություն, սեր և ջերմություն ստանում է ընտանիքում: Այստեղ շատ կարևոր է էմոցիոնալ կապը երեխայի և ծնողի միջև, եթե այդ կապը խզվում է, վարքային շեղման ռիսկը մեծանում է:

Ուրեմն, առաջին տեղում սոցիալ–հոգեբանական խնդիրներն են։

Սոցիալ–տնտեսական խնդիրներն էլ են կարող են պատճառ դառնալ, մանավանդ այն դեպքում, երբ բերում են սոցիալ-հոգեբանական խնդիրների, երբ ծնողները սկսում են երեխային մեղադրել իրենց չստացված անձնական կյանքը համար, խնդիրները բարդել երեխաների վրա:

Գենետիկան շատ բացառիկ դեպքերում է գործում։ Իմ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ  երեխան տեսնում է, որ հայրը, հորեղբայրը հանցանք են գործում, նա էլ շարունակում է նույնը։ Այս դեպքում վարքային գենետիկայի մասին է խոսքը, ոչ թե կենսաբանական։

Հետո, պետք է լինի վերահսկողության համակարգ։ Նախկինում մարդիկ ապրում էին մեծ ընտանիքներով, մեծ բակերում, ցանկացած փոքր խախտում տեսանելի էր և կանխվում էր. եթե մայրը չնկատեր և նկատողություն չաներ, տատը կաներ, տատը չաներ, հարևանը կաներ.... Դա ոչ ֆորմալ կանխարգելիչ մեխանիզմ էր: Բայց հիմա դա չկա:

Հիմա ընտանիքը թույլ է և մենակ։ Դպրոցն ասում է՝ դա ընտանիքի խնդիրն է, համայնք, որպես այդպիսին, մենք չունենք հիմա, այսինքն՝ ընտանիքի վրա ենք թողել ամեն ինչ, բայց այսօր հայ ընտանիքն այն ուժեղ և մեծ ընտանիքը չէ այլևս...

Այսինքն՝ եկանք նրան, որ երբ ընտանիքը թուլանում է, երեխան դառնում է առավել անպաշտպան: Ու ես կարծում եմ, որ առաջին հերթին ընտանիքները պետք է ուժեղացնել։

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

Աղբյուրը՝ www.hra.am