Հարցազրույց

Մտավոր խնդիրներով մարդիկ միայն ուշադրության և հոգատարության կարիք ունեն

19.11.2013

Հարցազրույց «Փրկություն»  հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ նախագահ Արփինե Աբրահամյանի հետ։

«Փրկություն» հասարակական կազմակերպությունը գործում է 1997թ.-ից։ Ի՞նչ նպատակներ է իր առջև դրել կազմակերպությունը։

Մեր նպատակն է նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների կրթական և առողջապահական, ինչպես նաև՝ նրանց ընտանիքների սոցիալական հիմնախնդիրների լուծմանը՝ ուսուցման, քարոզչության, խորհրդատվության, բուժծառայությունների տրամադրման միջոցով՝ նպատակ ունենալով նրանց լիարժեք ինտեգրելու հասարակության մեջ: Մեր գլխավոր կարգախոսն է՝ երեխան պետք է ապրի ընտանիքում և նրան չպետք է զրկել ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից։

Կազմակերպությունը ստեղծել է ցերեկային խնամքի կենտրոն մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների համար։ Քանի՞ շահառու ունի կենտրոնը հիմա և ի՞նչ աշխատանքներ են իրականացվում նրանց հետ։

Ինչպես ես նշեցի, մեր կարգախոսն է, որ երեխան պետք է ապրի ընտանիքում, դրա համար մենք իրականացնում ենք ցերեկային խնամք։ Երեխաներն այստեղ են  լինում առավոտյան 10:00-17:00-ը, հետո վերադառնում են ընտանիք։

Կենտրոնում մենք մատուցում ենք բազմազան ծառայություններ՝ հոգեբանական, արատաբանական, սոցիալական, էրգոթերապիայի։ Ամենակարևորը, մենք միջավայր ենք ստեղծում այս երեխաների համար, որ իրենց իրացված և պիտանի զգան: Մեզ մոտ կան ձեռագործության, մաքրամեի, ապլիկացիայի, նկարչության, կավագործության, դիզայնի համակարգչային գրագիտության խմբակներ:

Կենտրոնն ունի 15-30 տարեկան 58 ամենօրյա շահառու, ևս 18 հոգի այցելում են միայն խմբակներ:  Ունենք երեխաներ քաղաքի ամենատարբեր հատվածներից։ Նրանց  մեջ շատ են այնպիսիները, ովքեր չունեն կրթություն կամ կրթությունը թերի է: Կան նաև երեխաներ, ովքեր կրթահամալիր են ավարտել, բայց նույնիսկ տառ չեն ճանաչում:

Մենք ցերեկային խնամք ենք իրականացնում՝ ազատություն տալով ընտանիքին: «Փրկությունը» իսկական փրկություն է մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների համար:

Ասեմ, որ կենտրոնը Հայաստանում միակն է։

Ինչպե՞ս է կազմակերպվում շահառուների ընդունելությունը։

Մենք ձգտում ենք այնպիսի երեխաներ ընդունել, ովքեր ունեն ինքնուրույնություն, ագրեսիվ չեն... Մենք բոլոր դիմողներին չենք ընդունում, մենք դպրոցի նման չենք, որ մարդաքանակի խնդիր ունենանք, հակառակը՝ ինձ համար մեծ խնդիր է շատ սան ունենալը, որովհետև նրանց կերակրելու խնդիրը կա։ Սննդի առումով մեզ արդեն 15 տարի աջակցում է Գերմանական կարմիր խաչը, և եթե մի օր այդ կառույցը որոշի, որ այլևս չի օգնելու մեզ, ես չգիտեմ, թե մենք ինչ պետք է անենք։

Ի՞նչ խնդիրներ եք տեսնում մտավոր խնդիրներով անձանց աջակցության ոլորտում տարվող պետական քաղաքականության մեջ։

Նախ, մեզ մոտ խնդիր է այն, որ վարքային շեղում ունեցողները և հոգեկան շեղում ունեցողները դրվում են նույն հարության վրա, բայց հոգեկան խնդիրներ ունեցողների մոտ 95 տոկոսը, եթե ոչ ավելին, հիվանդությունը ձեռքբերովի է, իսկ վարքային շեղումներ ունեցողների մոտ 95 տոկոս և ավելիի դեպքում՝ բնածին: Մտավոր արատ ունեցողը կարող է վարքային շեղում չունենալ, և վարքային շեղում ունեցողը կարող է մտավոր խնդիր չունենալ:  Իսկ, այդ դեպքում, ո՞ւր մնացին մտավոր արատ ունեցողները, եթե մեր պետությունը դասակարգում է միայն վարքային և հոգեկան շեղումներ ունեցող անձանց:

Առաջին սխալն հենց այդտեղ է: Նույն մանկատանը կամ տուն–ինտերնատում պահում են մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցողներին միասին: Մտավոր խնդիրներով մարդն ընդամենը մի դեղ է խմում, բայց  այնտեղ է, ծախս է պետության վրա, իսկ նման ցերեկային խնամքի կենտրոններում ավելի քիչ կծախսեին նրա վրա: Հասարակ մի բան, այնտեղ ուտում են օրը 3-4 անգամ, այստեղ՝ մեկ, այստեղ չկան գիշերային հաստիքներ, գիշերը մնալու ծախսեր չկան, դրա համար նման ցերեկային խնամքի կենտրոններ ունենալն ավելի էժան է նստում պետության վրա, բայց ու՞ր է ցանկությունը դա ստեղծելու:

Իսկ պետությունը չի՞ աջակցում կենտրոնին։

Պետության ֆինանսավորումը մասնակի է. միայն աշխատավարձերի գումարն է հատկացնում, այն էլ՝ սուբսիդավորմամբ, այսինքն՝ բյուջեի հաստատված ծախս չի, և կարող է պետությունը վաղը որոշել, որ պետք է դադարեցնի: Մեր պետությունն ամեն ինչի համար գումար ունի, բացի նման բաներից: Գումար ունի, որ 54 միլիոն դրամ հատկացնի Նունե Եսայանի համերգը հրապարակում կազմակերպելու համար, բայց գումար չունի նման կարևոր կենտրոն պահելու համար։ Իսկ մենք շատ գումար չենք ուզում, մենք հաշվել ենք. կենտրոնը պահելու համար, աշխատավարձերը չհաշված, մեկ տարվա համար մեզ անհրաժեշտ է ընդամենը 5 միլիոն դրամ: Սակայն անգամ դա մեզ չեն տրամադրում:

Դուք նախկինում բարձրաձայնում էիք նաև տարածքի հետ կապված խնդիրների մասին։ Այդ հարցն ինչպե՞ս լուծվեց։

Մեզ ժամանակին փորձում էին այս մանկապարտեզի տարածքից հանել՝ 2008 թվականին։ Ասում էին՝ նրանք «հասարակության աղբն են», և պետք չէ իրենց թաղամասի կենտրոնական մասերում պահել: Մենք պայքարեցինք այնքան, որ այս տարածքը անհատույց մեզ տվեցին: Ու դրանից հետո մենք բակում եկեղեցու փոքր մակետ սարքեցինք՝ այն խորհրդով, որ այս մարդկանց համար այս կառույցը եկեղեցի է, իսկ եկեղեցին քանդել չի կարելի, որովհետև այն փրկություն է նման մարդկանց համար:

Ինչպիսի՞ խնդիրների եք բախվում ձեր ամենօրյա աշխատանքը կազմակերպելիս։

Այսօրվա մեր կենսական խնդիրներից է երեխաների տեղափոխումը։ Եթե ծնողներն են տանում-բերում, դա ամսական 13.600 դրամ գումար է կազմում, իսկ շատ ընտանիքներ չունեն այդ հնարավորությունը։ Իսկ եթե մեր տրանսպորտն է նրանց տեղափոխում, ավելի ձեռնտու է ծնողների համար, որովհետև շատ գումար չեն ծախսում, բացի այդ՝ ծնողը չի ուշանում աշխատանքից: Բայց մենք չենք կարողանում բոլորին ապահովել տրանսպորտով: Մենք ունենք երկու միկրոավտոբուս, բայց վարորդներից մեկը հունվարից հրաժարվել է աշխատել։ Եվ, իսկապես, շատ դժվար է վարորդ գտնելը, որովհետև ամեն մեկը չէ, որ համաձայնում է իրենց հետ աշխատել: Եվ ես չգիտեմ, թե ինչ պետք է անեմ։

Այս սեզոնին խնդիրներ ենք ունենում կոմունալ ծախսերի վճարման հետ կապված։ Արդեն եղանակները ցրտել են, մենք պետք է ջեռուցենք տարածքը, բացի այդ, պատուհանների մեծ մասը հին են, փոխած չեն և ջերմությունը լավ չի պահպանվում:

Մենք կարիք ունենք վերանորոգման: Այս կառույցը ամբողջությամբ քանդված էր, երբ մեզ հատկացրեցին։ Մանկապարտեզի մի մասն է, հիմա էլ մեր հարևանությամբ գործում է մանկապարտեզը, բայց մեր մուտքերն առանձին են։ Իրենք մեզ չեն սիրում, և հենց իրենք էին պայքարում, որ մեր երեխաներին հանեն այստեղից:

Այսինքն՝ կա նաև վերաբերմունքի խնդիր։ Որքանո՞վ է մեր հասարակությունը պատրաստ ընդունել մտավոր խնդիրներով մարդկանց։

Մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց համար լուրջ խնդիր է հասարակության վերաբերմունքը, իսկ հասարակություն ընդգրկվելը սկսվում է ընտանիքից: Ես կենտրոնում երեխա ունեմ, որ ընտանիքում հինգերորդական տեղում է, երեխա ունեմ, որ ծնողին ոչ մի անգամ չեմ տեսել, միայն դայակին եմ տեսել:

Այստեղ կան տարբեր սոցիալական խմբերի երեխաներ, բայց նրանց մեծ մասը աղքատության շեմից էլ ցածր մակարդակում գտնվող ընտանիքների երեխաներ են:

Սխալ կարծիք կա, որ գենետիկական է այս հիվանդությունը։ Ես կարող եմ ասել, որ գենետիկայի ազդեցությունը կարող է լինել հինգ տոկոսի պարագայում: Հիմնականում կա՛մ հետծննդյան վնասվածքի արդյունք է, կա՛մ հղիության շրջանում մոր հիվանդության, սթրեսի արդյունք է: Գենետիկորեն փոխանցված միայն մեկ հիվանդ երեխա ունեմ:

Այս առումով, ընտանիքները նույնպես խնդիր ունեն նման խնդիրներով երեխաների հետ կապված: Ընտանիքում, որ նման երեխա է ծնվում, ընտանիքը չորս էտապ է անցնում։ Առաջինը՝ շոկ է լինում, որ իրենք էլ չեն հասկանում, թե ինչ կատարվեց, հետո փորձում են հասկանալ, թե ինչու հենց իրենց հետ, երրորդ փուլում փորձում են հասկանալ, թե ով կա գեների մեջ, որտեղից եկավ հիվանդությունը, չորրորդ փուլում հարմարվում են, բայց մինչև գալիս է այդ հարմարվելու ստադիան, երեխայի դպրոց գնալու տարիքն է արդեն լինում:  Դրա համար նման երեխաների 99 տոկոսը նախադպրոցական կրթություն չի ստանում:

Իմ աշխատասենյակի դուռը միշտ բաց է, երեխաներն ազատ մուտք ունեն այստեղ, գալիս են, պատմում են իրենց խնդիրների մասին, պատմում են, թե իրենց ընտանիքներում ինչ է կատարվում: Ես երեխաներ ունեմ, ովքեր ընտանիքի վատ վերաբերմունքի պատճառով գիշերն այստեղ են մնացել:

Առհասարակ, այս մարդկանց մուտքը դեպի հասարակություն հենց ընտանիքից է սկսվում: Ինչպես ընտանիքը ներկայացնում է նրանց, այնպես էլ շրջապատն ընկալում է: Կան ընտանիքներ, ովքեր իրենց երեխայի հետ ինչ–որ տեղ գնում են, իրենց հետ տանում են նրան, կան ընտանիքներ, որտեղ մեկուսացնում են նրանց, ամաչում են նրանց համար, չեն ընդունում:

Ստերեոտիպ կա, որ նրանք  ոչինչ չեն հասկանում, չեն վիրավորվում։ Դա պետք է վերանա մարդկանց մոտ։ Ո՛չ, իրենք շատ լավ հասկանում են ամեն ինչ, ինքնասիրություն ունեն։ Մարդիկ չեն հասկանում, որ ոչ մեկն ապահովագրված չէ, որ իր ընտանիքում վաղը չի լինի նման երեխա:

Կուզենայի հասարակությունը վերջապես հասկանար, որ իրենք էլ են մարդ և մեզնից ոչ մի բանով պակաս չեն, ընդհակառակը՝ ավել են, որովհետև բարի են, մարդասեր ու երախտապարտ, որը շատ ու շատ առողջ մարդկանց մոտ բացակայում է: Բայց ոչ մեկը չի հասկանում, որ այս երեխաներին պետք չէ ո՛չ լավ հագուստ, ո՛չ լավ կոշիկ և ո՛չ էլ մեքենա կամ շքեղ բնակարան, իրենց պետք է միայն ուշադրություն և վերաբերմունք, որը մեր հասարակության մեջ բացակայում է:

Էլ ի՞նչ խնդիրների են բախվում մտավոր խնդիրներով մարդիկ։

Այս մարդիկ լուրջ խնդիրներ ունեն աշխատանքի տեղավորման հարցում։ Եթե այսօր ֆիզիկական հաշմանդամների համար ինչ–որ բան արվում է, ապա մտավոր խնդիրներով մարդկանց համար դեռ պայմաններ չկան: Գործատուները չեն հասկանում, որ մեր երեխաները պոտենցիալ էժան աշխատուժ են: Նրանք կարող են մի շարք մեխանիկական աշխատանքներ անել: Օրինակ՝ Ամերիկայում անձեռոցիկներն իրար մեջ դասավորում են մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ, հետո սարքը ուղղում, հավասարեցնում է և դրանք դնում են տուփի մեջ: Կարող էին և դա ավտոմատացնել, բայց նրանց մարդու տեղ են դրել, աշխատանք են տվել:

Այսօր Հայաստանում նման խնդիրներով մարդկանց օրինական պայմանագրով գործի չեն ընդունում։ Մենք երկու երեխա ունենք, ովքեր աշխատում են առանց պայմանագրի, ու երբ խոսում ենք գործատուի հետ, փորձում ենք համոզել, որ իրենց հետ պայմանագիր կնքեն, մեզ ասում են՝ «գիտեք ինչ, ինքը կարող է վաղվանից չգալ աշխատանքի»: Այդպես իրենց ձեռնտու է, որովհետև ինչքան կուզեն, կվճարեն, չուզեն, ընդհանրապես չեն վճարի: Ու ոչ մեկը չի կարող ոչինչ պահանջել, որովհետև իրավական հիմքը՝ պայմանագիրը չկա:

Ինչպե՞ս եք տեսնում այդ խնդրի լուծումը։

Եթե մենք տարածք ունենայինք, ես մեծ հաճույքով սոցիալական ձեռնարկություն կբացեի, որտեղ միմիայն իրենք կաշխատեին, թեկուզ՝ անձեռոցիկներ, անձեռոցիկների տուփեր կարտադրեին, զուգարանի թուղթ... Սրանք այն բաներն են, որոնք կվաճառվեին, և անպայման վրան կգրեինք, թե ովքեր են դա պատրաստել: Սակայն հիմա ֆինանսական միջոցներ չունենք:

Վերջում ի՞նչ կցանկանայիք ավելացնել։

Կուզենայի, որ էլի նման կենտրոններ բացվեին Երևանում ու, ամենակարևորը, մարզերում, որովհետև այնտեղ ավելի տխուր է վիճակը, և այդ կենտրոնները նման տխուր պայմաններում չգործեին, տրանսպորտի խնդիրը լուծվեր ու մենք այս երեխաների համար կարողանայինք անել այն, ինչ չի անում ընտանիքը:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

Աղբյուրը՝ www.hra.am