Հարցազրույց

«Երբեմն հանրային պաշտպանն ակամայից լեգիտիմացնում է արագացված դատաքննությունը»

25.02.2014

Photo by pastaban.am

Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության և պաշտպանության որակի ու արդյունավետության վերաբերյալ հարցազրույց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ։

Այն բյուջեն, որ այսօր հատկացվում է Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությանը, բավարարո՞ւմ է արդյունավետ աշխատելու և իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար։

Ներկայիս ծավալների համար բավարար է, բայց հաշվի առնելով, որ «Փաստաբանության մասին» օրենքի փոփոխություններով մի քանի սոցիալական խմբերին էլ հնարավորություն ընձեռվեց քաղաքացիական և վարչական գործերով անվճար իրավաբանական օգնություն ստանալ, եթե այդ խմբերն էլ ցանկանան օգտվել Հանրային պաշտպանի գրասենյակի ծառայություններից, մենք կունենանք լուրջ խնդիր ծանրաբեռնվածության առումով։

Ներկայումս գործող կարգավորումն այսպիսին է. տրվում է որոշակի գումար, որը  նախատեսված է հանրային պաշտպանների աշխատավարձի համար: Այսինքն՝ կա կայուն աշխատավարձ և աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով էլ գումար է հատկացվում ՀՊ գրասենյակի ծախսերի փոխհատուցման համար՝ տրանսպորտային ծախսեր, վարձակալված տարածքներ, գույք, տեխնիկական միջոցներ: 

Օրենքը թույլ չի տալիս այդ 30 տոկոս գումարից աշխատավարձ տալ, դա նախատեսված է միայն ընթացիկ ծախսերի համար։ Սակայն, կարծում եմ, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե հնարավորություն ունենայինք որոշակի մոտիվացիոն համակարգ ներդնել։

Այսինքն՝ կարծում եք, որ բոլոր պաշտպաններին նույն՝ ֆիքսված աշխատավարձով վարձատրելը ոգևորիչ չէ։

Երբ հանրային պաշտպանը ունենում է ֆիքսված աշխատավարձ և վարում է, օրինակ, 20 գործ ամսական, հետո եթե վարի 30 գործ ու ստանա նույն գումարը, ես կարծում եմ, որ կարող է որոշակի ժամանակ նվիրված աշխատել, սակայն հետո՝ ինչ–որ ժամանակ անց, նա սկսի «գլուխ պահել»: Եվ, կարծում եմ, որ դա նորմալ է։ 

Դրա համար կարելի է մոտիվացիոն համակարգ ներդնել. որոշակի խրախուսման ֆոնդ նախատեսել և նրանց լրացուցիչ վարձատրել՝ ինչ-որ օբյեկտիվ չափանիշներից ելնելով, օրինակ՝ կախված գործերի հաջող ավարտից, արդարացումներից, աշխատանքային կարգապահությունից, ակտիվությունից կամ գրված բողոքների որակից: Եվ այս դեպքում արդեն հանրային պաշտպանը կիմանա, որ որքան շատ ու ջանասիրաբար աշխատի, այնքան շատ կվարձատրվի: Սա արդեն, կարծում եմ, որակի վրա դրական ազդեցություն կունենա:

Իսկ այսօրվա դրությամբ, երբ չկա խրախուսման համակարգ, ինչպիսի՞ն է հանրային պաշտպանության որակը և արդյունավետությունը՝ Ձեր գնահատմամբ:

Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելիս, ես փորձագիտական խումբ ձևավորեցի, ուղարկեցի և խնդրեցի ստուգել: Իհարկե ժամանակը շատ կարճ էր, բայց խումբը որոշակի խնդիրներ արձանագրեցին, և նաև՝ որոշակի լուծման առաջարկներ եղան:

Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել:

Բուն խնդիրներն ամբողջությամբ չեմ կարող նշել, որովհետև որոշակի խնդիրներ կան, որ կազմակերպչական են, կան խնդիրներ, որոնք կարող են նույնիսկ փաստաբանական գաղտնիքի հետ առնչվել, դրա համար բաներ կան, որ չեմ կարող ասել։

Խնդիրներ կային մարզերում։ Մասնավորապես, մի մարզ ունեինք, որտեղ հանրային պաշտպանի որդին այդ մարզի քննչական վարչության պետն էր։ Եվ մենք միջամտեցինք. հանրային պաշտպանի հետ դադարեցրեցինք պայմանագիրը, որպեսզի սերտաճման խնդիրը չառաջանար։

Լավ գիտեք, որ մարզերում, մարզային քաղաքներում, բոլոր աշխատակիցները հիմնականում իրար հետ սերտաճած են, իրար ճանաչում են՝ կա՛մ իրար բարեկամ են, կա՛մ նույն թաղից են... Եվ տեղի փաստաբանը միշտ չէ, որ ակտիվ պաշտպանություն է իրականացնում։

Նպատակներիցս մեկը, որ ուզում եմ իրագործել, փորձելու եմ երիտասարդ փաստաբաններին հորդորել, որ Երևանից գնան մարզ աշխատելու որպես հանրային պաշտպան: Կընտրենք այն փաստաբաններին, որոնք դեռ ընտանիք չունեն, նոր են փորձում կայանալ և իրենց համար դաշտ ստեղծել։ Մենք իրենց համար տուն կվարձենք մարզում, և հաշվի առնելով, որ Փաստաբանների պալատն ամբողջությամբ զորակցելու է այդ փաստաբանին ցանկացած հարցում, կարծում եմ, որ լավ բան կստացվի: Մոտ ապագայում մենք կփորձենք այդպիսի մի ծրագիր իրականացնել:

Մյուս խնդիրն այն է, որ մեզ մոտ այսպես էր՝ հանրային պաշտպանը նշանակվում էր։ Այստեղ, բնականաբար, սուբյեկտիվ գործոն կար, որովհետև ՓՊ նախագահը և ՀՊ գրասենյակի նախագահը սուբյեկտիվորեն կարող էին նշանակել ցանկացած փաստաբանի: Մենք մրցույթային կարգ սահմանեցինք և որոշեցինք նախկին աշխատակազմից առնվազն 50 տոկոսին թողնել, որպեսզի այդ փոփոխությունը կտրուկ չլինի։ 

Որոշեցինք, որ ամեն հանրային պաշտպանի հետ պայմանագիրը մեկ տարով ենք կնքում, այսինքն՝ դա չի լինելու մի տեղ, որտեղ մարդիկ արմատներ գցեն ու տասը տարի աշխատեն: Այստեղ էլի ինչ–որ մոտիվացիոն մոդել մտածեցինք. առնվազն 30 տոկոսին չենք փոխում, և նրանք, ովքեր որ լավ կաշխատեն, իրենց կարգապահությամբ, աշխատանքային որակով աչքի կընկնեն, նրանց հետ մենք կերկարաձգենք պայմանագիրը ևս մեկ տարով:

Խորհուրդը քաղաքականություն որոշեց որդեգրել, որ հանրային պաշտպանների առնվազն 30 տոկոսը պետք է լինեն երիտասարդ փաստաբաններ։ Երիտասարդ ասելով՝ ի նկատի ունենք առավելագույնը երեք տարվա ստաժ ունեցող փաստաբան: Երիտասարդները նոր էներգիա են տալիս ամբողջ խմբին։ Եվ հիմա մեզ մոտ հանրային պաշտպանի թափուր տեղերի համար մրցույթն է ընթանում։

Ասում եք, որ ուզում եք երիտասարդ կադրերի ներգրավել, սակայն փորձը ցույց է տալիս, որ մի քանի տարի աշխատելով, փորձառություն և անուն ձեռքբերելով, երիտասարդ, խոստումնալից կադրերը թողնում են հանրային պաշտպանի գրասենյակը և սկսում են մասնավոր գործունեությամբ զբաղվել:

Դա շատ նորմալ է: Հանրային պաշտպանի գրասենյակը մի տեղ է, որը... Ամենակարևորը, որ այստեղ փորձադաշտ չէ, և այն կարծրատիպը, որ «ինչ անվճար է, դա անորակ է», այդ սկզբունքը չի լինելու: Ես ուզում եմ, որ մենք լուրջ, որակով ծառայություն տանք։ 

Իհարկե, հեղինակություն ունեցող, լուրջ գործեր վարող փաստաբանին դու երբեք չես կարող այս աշխատավարձով բերել գրասենյակ, որովհետև ինքը մեկ գործարքից այնքան գումար է աշխատում, որքան հանրային պաշտպանը մեկ ամսում (ՀՊ աշխատավարձը ներկայումս 245.000 դրամ է,բայց աշխատավարձը, հուլիսից կավելանա՝ կդառնա մոտավորապես 300.000 դրամ):

Պարտադիր չէ, որ փաստաբանը ունենա բարձր հեղինակություն, որ  լավ փաստաբան լինի: Այսօր կան շատ երիտասարդ փաստաբաններ, ովքեր չեն զիջում հեղինակավորներին իրենց համառությամբ, իրենց համարձակությամբ, գրագիտությամբ և սովորելու ցանկությամբ։ Իմ խնդիրն է այդպիսի փաստաբանների բերել ՀՊ գրասենյակ: Իրենք նոր են դաշտում, դեռ հաճախորդների ցանց չունեն, բայց ունակ են այդ աշխատանքը կատարելու։

Ներկայիս 50 հանրային պաշտպանների միջին տարիքը որքա՞ն է,երիտասարդները շատ են՞:

Երիտասարդները քիչ են, ես կարծում եմ, որ պետք է երիտասարդացնել։ Ներկայումս ունենք տարեց հանրային պաշտպաններ, ընդ որում, նույնիսկ մինչև 80 տարեկան հանրային պաշտպաններ ունենք, ովքեր չեն տիրապետում համակարգչին: 

Լավ մասնագետներ էլ ունենք տարեց, ովքեր իրենց եռանդով չեն զիջում երիտասարդներին, այնուամենայնիվ չեմ կարծում, որ հասարակության հաշվին արժի որևէ մեկին լավություն անել: Բայց նաև փորձում ենք այդ փոփոխությունները առանց ցնցումների անցկացնել, քանի որ եթե դու մարդուն հեռացնում ես աշխատանքից, դա դիտարկվում է որպես անձնական թշնամանք: Իհարկե դրանից չպետք է խորշել: Ես ամեն անգամ շեշտում եմ, որ եթե որակ չեք տալու, ուրեմն՝ հաջողություն։

Մի տեղ եթե շատ ես աշխատում և ձգտում չկա... Ես այսպես եմ պատկերացնում. մարդը աշխատում է մի քանի տարի որպես հանրային պաշտպան, այնուհետև, ձեռք բերելով հաճախորդների որոշակի ցանց, դուրս է գալիս և սկսում աշխատել ինքնուրույն: Ընդ որում, մենք ունենք այդպիսի փաստաբաններ։

ՀՊ գրասենյակը այդպիսի տեղ է, որտեղ փաստաբանը գալիս է, դրսևորում իրեն և հետո գնում է իր անձնական գործերով: Փաստաբանների պալատի խնդիրը կայանում է նրանում, որ մենք պետք է վերահսկողական գործառույթ իրականացնենք, որպեսզի որևէ փաստաբան որևէ մեկին ճակատագրի հետ, այսպես ասած, չխաղա։

Իսկ ինչպե՞ս եք կարողանում իրականացնել այդ վերահսկողական գործառույթը, մանավանդ՝ մարզերում:

Մարզերում վիճակը այնքան էլ լավ չէ։ Հիմա սկսում ենք Երևանից։ Ուզում ենք համակարգչային ծրագիր ներդնել ՀՊ բոլոր գրասենյակներում։ Բնականաբար, դա մատչելի ծրագիր չէ, և մենք մեր սեփական ուժերով այն չենք կարողանա ձեռք բերել: Մի քանի դոնոր կազմակերպությունների ենք դիմել, մի քանիսը հետաքրքրված են մեզ օժանդակելու հարցում։

Ծրագիրը մոտավորապես այսպես եմ պատկերացնում. այն պարունակելու է բոլոր հանրային պաշտպանների գործերի և գործունեության մասին ինֆորմացիա: Հանրային պաշտպանը իր գործերի մասին ամբողջ ինֆորմացիան, ներառյալ՝ բանավոր խորհրդատվությունը, լցնելու է այդ ծրագրի մեջ:

Իսկ մտավախություն չունե՞ք, որ աշխատանքային ծանրաբեռնվածությանը զուգահեռ պաշտպանը կարող է ուղղակի չհասցնել մուտքագրել և թարմացնել այդ ինֆորմացիան:

Ծրագիրը լինելու է շատ պարզ: Փաստաբանը գրելու է իր ծածկագիրը, մուտք է գործելու համակարգ և մուտքագրելու է ինֆորմացիան: Եթե պաշտպանը ունի տարրական համակարգչային գիտելիքներ, իսկ այդ հարցը արդեն խիստ է դրված, դա շատ ժամանակ չի խլի նրանից։ 

Օրինակ՝ եթե մեր հաճախորդներից որևէ մեկը բողոքում է պաշտպանի մատուցած ծառայություններից, մենք կարող ենք ծրագրի միջոցով տեսնել, թե պաշտպանը քանի անգամ է խոսել տվյալ հաճախորդի հետ, երբ է հայցադիմումը ներկայացրել և այլն: Այսինքն՝ ամբողջովին կարող ենք տեսնել ու հասկանալ պաշտպանի կատարած աշխատանքի ծավալները: Եվ իրենց շահերից է բխելու, որ գրանցեն իրենց ամեն մի գործը, քայլը, քանի որ դրանով է պայմանավորվելու նաև վարձատրության չափը:

Եթե գործերի ծավալը մեծանա, նման ծրագիրն  ուղղակի անհրաժեշտություն կլինի: Ես մի կոճակի միջոցով կկարողանամ տեսնել՝ քանի ընթացիկ ու քանի ավարտված գործ կա, եռամսյակային կիսամյակային, տարեկան հաշվետվություն կտա ծրագիրը: Այդպես կկարողանանք ապահովել ՀՊ գրասենյակի աշխատանքների թափանցիկությունը, կտեսնենք՝  որ գործերն են, որ ավելի մեծ կարիք ունեն հանրային պաշտպանի ներգրավման:

Լինելու են աշխատակիցներ, պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր բացելու և կարդալու են բոլոր գործերի վարույթները, որպեսզի տեսնեն որքան գրագետ է իրականացվել գործը: Վերջում նախապես մշակված չափանիշների համաձայն գնահատելու են և զեկուցագիր ներկայացնեն։

Մյուս վերահսկողական ձևը՝ դիտորդությունն է: Մասնագետները գնալու են և տեղում՝ դատարանում լսելու են հանրային պաշտպանի մասնակցությամբ դատական նիստը, ուսումնասիրելու են, թե փաստաբանը իրեն ինչպես է դրսևորում նիստի ժամանակ, լրացնելու են մոնիթորինգային ձևաթուղթ, պետք եղած դեպքում՝ ձայնագրելու են պաշտպանական ճառը։

Ինչպե՞ս կգնահատեք ՀՊ-ի ներկայիս ծանրաբեռնվածությունը:

Բժշկական տերմինով ասած՝ կայուն ծանր: Այս պահին ծանրաբեռնվածությունից չենք բողոքում, մեր ներկայիս ռեսուրսներով հասցնում ենք: Բայց ծանրաբեռնվածության ավելացման միտում կա՝ հատկապես քաղաքացիական գործերի հաշվին:

Միջինում քանի՞ գործ է բաժին ընկնում յուրաքանչյուր պաշտպանին մեկ ամսվա ընթացքում:

Մի պահ կար, երբ մինչև 30 գործ ունեինք, իսկ սովորաբար մինչև 20 գործի ծանրաբեռնվածություն ենք ունենում և հասցնում ենք: Մի քիչ այլ են քրեական գործերը, աշխատանքն ավելի շատ է։ 

Մենք հիմա ՀՊ գրասենյակի համար նախատեսում ենք նաև տեխնիկական աշխատողներ ունենալ, որպեսզի ՀՊ-ները զուտ ինտելեկտուալ գործը անեն։ Մեզ շուտով կտրամադրեն նոր, հարմարավետ շենք, որտեղ ստեղծված են մաքսիմալ լավ պայմաններ արդյունավետ աշխատանքի համար:

Հանրային պաշտպանի գրասենյակի տարեկան հաշվետվության մեջ նկատեցի, որ շատ են հանրային պաշտպանների մասնակցությամբ արագացված դատավարությունները։ Դա ձեզ չի՞ մտահոգում՝ հաշվի առնելով, որ արագացված ընթացակարգի ժամանակ պաշտպանի մասնակցությունը հիմնականում կրում է ձևական բնույթ։

Այդ վիճակագրությունը գալիս է ոչ թե Հանրային պաշտպանի գրասենյակից, այլ՝ նախաքննական մարմնից։ Սովորաբար այսպես է լինում, երբ որ մի գործով պաշտպան չկա, այսինքն՝ հասել են նրան, որ մեղադրյալը հրաժարվել է պաշտպանից, բայց հետո գալիս է մի պահ՝ իրենք իրար հետ որոշում են, համաձայնության են գալիս, որ արագացված ընթացակարգով գնա դատաքննությունը, իսկ օրենքը պահանջում է, որ արագացվածի ժամանակ անպայման պետք է պաշտպան լինի։ Ի՞նչ անեն... Որոշում են ներգրավել հանրային պաշտպանի, և դատարանն է նախաձեռնում հանրային պաշտպանի ներգրավումը։

Հանրային պաշտպանը երբ որ գործընթացի մեջ է մտնում, պոստ ֆակտում իրեն ասում են՝ այս մարդն արդեն համաձայնել է արագացված դատավարության, դու ուղղակի բացատրի իր իրավունքները և պարտականությունները։ Այստեղ, իրոք, հանրային պաշտպանի մասնակցությունը ձևական բնույթ է կրում, բայց դրա դեմ ոչինչ չենք կարող անել, ցավոք։ Այստեղ, ավելի շատ, այդ մարմինները հանրային պաշտպանին ներգրավում են, որպեսզի լեգիտիմացնեն իրենց արագացված դատաքննությունը։ Իսկ հանրային պաշտպանը չի կարող հրաժարվել՝ ի տարբերություն անկախ փաստաբանի, նա ստիպված համաձայնում է և ակամայից լեգիտիմացնում այդ «գործարքը»:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

Աղբյուրը՝ www.hra.am