Հարցազրույց

Օրենքը շարունակելու է գործել ամբողջությամբ առավելագույնը մինչև սեպտեմբերի 30-ը

04.04.2014

Հ1-ի «Հարցազրույց» հաղորդաշարի ապրիլի 3-ի թողարկմանը Նվեր Մնացականյանի հարցազորւյցը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ։

ՍԴ որոշումը տարընթերցումների տեղիք է տվել։ Կարո՞ղ եք ասել՝ ինչից է դա գալիս։

Շատ պարզ է, ընդհանուր առմամբ դա գալիս է իրավագիտակցության ցածր մակարդակից։ Երկրորդը, պայմանավորված է նրանով, որ ես այսօր ստորագրեցի այդ որոշումը և վաղը կուղարկվի օրենքով նախատեսված սուբյեկտներին և կտեղադրվի մեր կայքում, բայց մարդիկ առանց որոշումը նույնիսկ ընթերցելու, բավականին տարաբնույթ կարծիքներ են արտահայտում դրա վերաբերյալ։ Եվ երրորդը, տարբեր շահերից ելնելով՝ ով ինչ է ցանկանում տեսնել կամ ինչպես է ցանկանում իր իսկ շահերից ելնելով մեկնաբանել կամ իրացնել։

Պատճառները շատ տարբեր են և ամենակարևոր հանգամանքներից մեկը օրենքի և սահմանադրության պահանջների իմացությունն է։ Օրինակ՝ ես զարմացա, երբ ծանոթացա, թե ինչպես կարող է Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմերը տարաժամկետել, դրանց ուժի մեջ մտնելու հանգամանքը սահմանել մինչև սեպտեմբերի 30-ը։ Առաջին դեպքը չէ սա, սահմանադրական մակարդակով է նախատեսված այսպիսի իրավանորմ։ Մեր Սահմանադրությամբ 102 հոդվածի 3-րդ մասն է դա, և օրենքն է նախատեսում նման նորմ, և ՍԴ–ն պարտավոր է նման իրավիճակներում օրենքից պահանջներից ելնելով քայլեր իրականացնել։

Երբ տարընթերցումները առաջանում են շարքային քաղաքացիաների մոտ, դա ինչ–որ տեղ հասկանալի է, բայց մասնագիտական ձևակերպումներն են նույնիսկ հակասական։

Մասնագիտական ձևակերպումները նույնպես... Ամեն մեկը չէ, որ սահմանադրական իրավունքի մասնագետ է կամ սահմանադրական նորմը կարող է նույնակերպ մեկնաբանել։ Դրա համար չպետք է շտապողականություն դրսևորել, պետք է լուրջ ուսումնասիրել որոշումը, ծանոթանալ այն հոդվածներին, որոնց վերաբերյալ հղում էր կատարված և փորձել դրանից ելնելով մեկնաբանել։

Չվերագե՞լ որոշման խրթինությանը։

...Դա իրավական փաստաթղթի առանձնահատկությունն է։ Մենք ձգտել ենք ոչ թե խրթին, այլ՝ բացարձակ մատչելի լեզվով գրել, բայց, բոլոր դեպքերում, իրավական ակտի ցանկացած նախադասության մեջ երկու–երեք հասկացություն կա։ Անձը դա կարդում է որպես բառ, բայց այն ունի հասկացութային բովանդակություն, և ընկալում է այնպես, ինչպես ցանկանում է կամ իր գիտելիքներին համապատասխան։ Դրա համար հաճախ առաջանում է նման իրավիճակ։ Ու խորհուրդս հատկապես մասնագետներին էր, որ մասնագետները պետք է կարողանան ուսումնասիրել, ընդ որում՝ լրջորեն ուսումնասիրել, հետո արտահայտվել, բայց կա մեկ այլ հանգամանք ևս, որ սովորական քաղաքացին, երբ հանկարծ նման բան է տեսնում, նրա մոտ առաջանում  է մտավախություն։ Շատ հստակ որոշեց ՍԴ–ն այս նորմը, այս նորմը հակասում է Սահմանադրությանը, և հանկարծ տարաժամկետեց որոշումը։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ դա այդպես էլ չի իրականանա։ Բոլոր Սահմանադրական դատարանները, երբ հավաքվում են միջազգային ժողովների, հարց են բարձրացնում, որ ամենալուրջ խնդիրը որոշումների չկատարումն է։ Մեզ մոտ այդ մտավախությունը կա, եթե այսօր ԱԺ–ն և Կառավարությունը այն լրջությամբ չմոտենան որոշմանը, ինչ լրջությամբ վերլուծվել և ներկայացվել է պրոբլեմը։

Ես որոշել եմ եկող շաբաթ առաջարկել ՍԴ–ին աշխատակարգային մի որոշում ընդունենք։ Այս որոշումը քանի որ բացառիկ է, դրա կատարման ընթացքին ես անձամբ եմ հետևելու։ Իրականացվելու է մշտադիտարկում, և ես ենթադրում եմ, որ հոկտեմբեր ամսին մենք հատուկ հաղորդագրություն կփորձենք պատրաստել այս որոշման կատարման ընթացքի վերաբերյալ, որովհետև որոշումը ոչ թե այս կամ այն դրույթի հստակեցմանն է վերաբերում կամ ձևակերպման համապատասխանեցման, այդտեղ կան լրջագույն, հենասյունային դրույթներ, որոնք սահմանադրականության  հետ կապված խնդիրներ ունեն և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն այն ձևով, ինչ ձևով այսօր ամրագիրված է օրենքով, առնվազն գոնե սեպտեմբերի 30-ից հետո գոյություն ունենալ չի կարող։ Իսկ սեպտեմբերի 30-ը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում պետք է Կառավարությունը և Ազգային ժողովը ոչ միայն այս օրենքը, այլ շուրջ 50 օրենքներ և 80-ից ավելի իրավական ակտեր համապատասխանեցեց այդ որոշման պահանջներին։

Այսօվա ամենաշատ ծեծված հարցը, քաղաքացին պետք է շարունակի՞ վճարումներ կատարել, թե՞ ոչ։

Օրենքը շարունակելու է գործել ամբողջությամբ։ Դա նշանակում է, որ եթե նորմը տարաժամկետվել է, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 68–րդ հոդվածի 15-րդ մասը հստակ կարգավորում է, որ եթե ՍԴ–ն տարաժամկետել է, օրենքը հստակ շարունակում է գործել։ Եթե օրենքը շարունակում է գործել, օրենքով նախատեսված պարտավորությունները պետք է իրացվեն։

Չի՞ ստացվում, որ մինչև հակասահմանադրական ճանարված դրույթը մինչև սեպտեմբերի 30-ը սահմանադրական է համարվում։

Օրենքն է այդպես պահանջում։ դա մեր ցանկությունը չի։ Օրենքում հենց այդպես էլ գրված է։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 68–րդ հոդվածում Սահմանադրության 102-րդ հոդվածի հիման վրա տրված է այդպիսի ձևակերպում։ Օրենսդիրն է այդպիսի ձևակերպում տվել, որպեսզի այդ ընթացքում ավելի վատթար իրավիճակ չառաջանա՝ իրավական անվտանգությունը խաթարելու ճանապարհով։

Սա նշանակում է, որ մենք գործ ունենք ոչ թե մեկ օրենքի կամ մեկ դրույթի հետ, այլ իրար հետ փոխկապակցված մի քանի հազար դրույթների հետ։ Մենք առանցքային որոշ դրույթներ ճանաչել ենք հակասահմանադրական։ Եթե սրանք դուրս են գալիս, մյուսները շարունակում են գործել, որովհետև նրանց սահմանադրականության հարցը մենք որոշել չենք կարող այս օրենքի սահմանադրականության հարցի շրջանակներում։ Իրավական ամբողջ համակարգում առաջանալու է խառնաշփոթ։ Հենց սրանից ելնելով է միջազգային պրակտիկայում ՍԴ–ների համար նախատեսված լիազորություն՝ խելամիտ ժամկետով տարաժամկետել իր որոշման ուժի մեջ մտնելը, մինչև ամբողջ համակարգը որոշման պահանջներից ելնելով վերափոխվի։

...Մենք նաև փորձել ենք երկարաժամկետ, համակարգված լուծում տալ խնդրին, և դա չի բերելու է նրան, որ նույնիսկ այսօրվա մուծումների դեպքում մարդկանց իրավունքները ոտնահարվեն, որովհետև մենք հստակ դրան էլ ենք անդրադարձել և ասել՝ օրենքի փոփոխություններին համապատասխան՝ Սահմանադրության 42-րդ հոդվածի հիման վրա պետք է վերահաշվարկ տեղի ունենա և անձի իրավական դրությունը բարելավող օրենքին հետադարձ ուժ տրվի և վերահաշվարկ կատարվի։

Ե՞րբ է ուժը կորցրած ճանաչվում հակասահմանադրական ճանաչված դրույթը։

ՍԴ–ն ուժը կորցրած չի ճանաչում։ Ուժը կորցրած ճանաչելը ԱԺ իրավասության խնդիրն է։ ՍԴ–ն ճանաչում է Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Այդ նորմը կդադարի գործել առավելագույնը սեպտեմբերի 30-ին։ Եթե մինչև այդ փոփոխություններ կատարվեն մեր որոշման հիման վրա, ԱԺ–ն կճանաչի ուժը կորցրած։ Մենք ճանաչել ենք սահմանադրությանը հակասող։

Այս որոշումն ի՞նչ գործողություններ է ենթադրում։

Ես, անկեղծ ասած, մի փոքր մտահոգություն ունեցա Կառավարության երեկվա հայտարարությունից, երբ ավելի պարզ ձևով էր հարցը ներկայացվում, թե ՍԴ–ն սահմանել է ինչ–ինչ թերություններ և պետք է դրանք շտկվեն։ Բայց այսօր նկատեցի, որ ավելի ծանրակշիտ մոտեցում կա և Կառավարությունը փորձ է անում ստեղծել հատուկ մասնագիտական խումբ, որը պետք է ուսումնասիրի որոշումը և արագ մշակի որոշումից բխող կոնկրետ քայլեր։ Կառավարության քայլերը երկու ուղղությամբ պետք է լինեն, քանի որ օրենսդրական նախաձեռնության փաթեթը Կառավարությունն է ներկայացրել, պետք է օրենսդրական նախաձեռնության փաթեթ ներկայացնի ԱԺ–ին՝ համակարգված ձևով այդ և մյուս օրենքների համապատասխան դրույթները փոխելու վերաբերյալ, և միաժամանակ Կառավարությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի իր ընդունած որոշումները փոփոխելու վերաբերյալ, և Կենտրոնական բանկը, առաջնորդվելով դրանով, իր կողմից ընդունված որոշումները պետք է փոփոխի։

Իմ տպավորությունն այն էր, որ այլ երկրների փորձն ուսումասիրողներն ավելի շատ եղել են տարբեր ոլորտների մասնագետներ, քան իրավաբաններ։ Երկրորդ տպավորությունը, որ մեր Սահմանադրության վրա և ՍԴ նախորդ որոշումներին բավարար ուշադրություն չի դարձվել։ ՍԴ–ն սեփականության իրավունքի վերաբերյալ տասնյակ որոշումներ է ընդունել, մենք այս ամենը շարադրել ենք մեր որոշման մեջ։

«Պարտադիր կուտակային համակարգ» ձևակերպումը մենք պիտի շարունակե՞նք օգտագործել։

Մեր ձևակերպումը հետևյալն է եղել, որ մեր ուսումնասիրություններով՝ հաջողության են հասել այն երկրները, որոնք բաշխողական համակարգը, պարտադիր կուտակային համակարգը և կամավոր կուտակային համակարգը խելամիտ ձևով ներդաշնակել են։ Պարտադիր կուտակային համակարգը իր բնույթով  և իր իրացման ձևերով տարբեր է։ Խնդիրն այն է, որ այն ձևով, որ ձևով որ այսօր է ներդրվել Հայաստանում դա չի կարող գործել։ Աշխատավարձից պարտադիր վճարների կարգով պարտադիր կուտակային համակարգը առնվազն սեպտեմբերի 30-ից հետո Հայաստանում գոյություն ունենալ չի կարող։

Այն, ինչ որ Դուք ասացիք, նո՞ր փաթեթ է ենթադրում, թե՞՝ վերանայված փաթեթ։

Մեր առաջադրած խնդիրները կարելի բաժանել երկու խոշոր խմբերի։ Սեփականության իրավունքի պաշտպանության շրջանակներում հարցը պետք է լուծվի, սա մեկ, երկրորդ՝ վստահության անհրաժեշտ համակարգեր պիտի ձևավորվեն։ Այն հենասյուները վստահության, որ դրվել է համակարգի հիմքում, խախուտ են։ Խախուտ են մի քանի առումներով՝ որ թոշակների ինդեքսավորման ամբողջ խնդիրը պարզապես թողնված է Կառավարության հայեցողությանը, որը օրենքով կարգավորվելիք խնդիր է, բայց օրենքով երաշխիքներ նախատեսված չեն։ Ռիսկերի կառավարումը Կենտրոնական բանկին վերապահելը և պայմանները սահմանելը շատ խնդրահարույց և ռիսկային է, դա պետք է կարողանա օրենքը նախատեսել։ Պետական գանձապետարանը կամ բյուջեն չի կարող զուտ միջոցների փոխանցման տուփի դեր կատարել։ Այդ միջոցները պետք է անպայման պետական բյուջեի միջոցով փոխանցվեն՝ Կառավարության պատասխանատվությամբ կառավարման, որպեսզի Ազգային ժողովն էլ կարողանա բյուջեի շրջանակներում անհրաժեշտ վերահսկողություն իրականացնել։ Դա կարելի է անել պայմանագրային հիմունքերով կամ օրենքով նախատեսված կարգով։

Այսինքն՝ խնդիրը վերաբերում է ոչ թե այս կամ այն ձևակերպումը փոխելուն, այլ համակարգային նոր լուծումներ գտնելու, իսկ դա լրջագույն խնդիր է. մեկ օրում դա հնարավոր չէ։

Կարևորագույն խնդիրը, որ ցույց է տվել միջազգային փորձի ուսումնասիրությունը և իմ անձնական համոզմունքն է. չէր կարելի ՀՀ–ում գործատուներին դուրս թողնել այս կարևորագույն խնդրի լուծումից։

Ինչ է սպասվում սեպտեմբերի 30-ից հետո։   

Սեպտեմբերի 30-ից հետո, եթե համարժեք փոփոխություններ չարեցին, որոշակի քաոտիկ իրավիճակ կառաջանա։
Ո՞վ է որոշում՝ համարժե՞ք է արված, թե՞ ոչ։

Որքանով է համարժեք արված կամ չարված, կգնահատի իր որոշման կատարման արդյունքներով Սահմանադրական դատարանը։ Եվ մենք չենք սպասի տարեվերջին, արտահերթ արդյունքների ամփոփում կանենք հոկտեմբերին մեր իսկ ընդունած որոշման կատարման վիճակի վերաբերյալ, թե ինչ է տեղի ունեցել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Հ1-ի կայքում։

Աղբյուրը՝ www.hra.am