Հարցազրույց

«Սահմանի միջադեպերը պետք է փաստագրվեն և գործեր հարուցվեն, որ ապացույցներ ունենանք»

02.09.2014

Հարցազրույց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանի հետ։

Ի՞նչ ծրագիր է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն իրականացնում սահմանամերձ գյուղերում, ո՞րն է նպատակը։

Ծրագիրը, որն իրականացնում ենք բրիտանական «Saferworld» կազմակերպության հետ, նպատակ ունի ամրապնդել Հայաստանի սահմանամերձ գյուղերն ու այնտեղի անվտանգության խնդիրները: Անվտանգությունը շատ լայն իմաստով ենք հասկանում. առաջին հերթին, փորձել ինչ-որ բան անել սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական գործողությունների՝ կրակոցներ և այլն, դեմ, ինչպես նաև, օգնել լուծել կենսական անհրաժեշտության խնդիրներ, որոնք կարող ենք դիտվել որպես անվտանգության խնդիր, օրինակ՝ ջրի, ճանապարհի խնդիր, տնտեսական զարգացում, հողերի մշակման հնարավորության ստեղծում...

Սահմանամերձ գյուղերը, գիտեք, որ շատ մեծ ռիսկի տակ են, ու մեր խնդիրն է այդ ռիսկերը հնարավորին չափ նվազեցնել՝ տարբեր ձևերով: Եթե խոսքը ռազմական գործողություններին է վերաբերում, մեր մոտեցումն այն է, որ այդ ամենը հստակ փաստագրվի, որովհետև անընդհատ կան տարբեր թվեր՝ քանի անգամ հրադադարը խախտվեց, քանի կրակոց արձակվեց (նրանց կողմից, մեր կողմից` կարևոր չէ), բայց մինչև մեր ծրագրի սկսելը հատուկ ուշադրություն չէր դարձվում խաղաղ բնակիչների նկատմամբ ոտնձգությունների վրա՝ դա լինի պատահական կրակոց թե դիպուկահարի կողմից մարդկանց վրա կրակոցներ:

Մենք փաստերով փորձում ենք արձանագրել քաղաքացիական բնակչության դեմ ուղղված բոլոր այն միջադեպերը, որոնք հնարավոր է ապացուցել, այսինքն, երբ ինչ-որ գույքային վնաս կա, աստված չանի՝ մարդուն է դիպել փամփուշտը կամ այլ տեղ... Կարևոր չէ՝ ինչ չափի վնաս է հասցվել, կարևորը, որ հնարավոր լինի դա ինչ-որ ձևով ապացուցել:

Ինչպե՞ս եք արձանագրում, պարզապես ձեզ համա՞ր, թե՞ նաև հրապարակվում է այդ ամենը:

«Saferworld»-ի կողմից կայք է բացվել անգլերեն և ռուսերեն լեզուներով (http://protectcivilians.blogspot.com/ և http://protectcivilians-ru.blogspot.com/), որտեղ տեղադրվում են այդ միջադեպերը: Տեղեկատվությունը երկկողմանի է, թե ինչպես է այդ ամենն անդրադառնում մեր սահմանամերձ գյուղերի և ինչպես՝ Ադրբեջանի գյուղերի վրա:

Տեղեկատվությունը մենք տրամադրում ենք, «Saferworld»-ը տեղադրում է կայքում։ Նպատակն այն է, որ հրադադարի արդյունքում խաղաղ բնակչությունը քիչ տուժի: Ընտրվել են տասը գյուղ Հայաստանում և տասը գյուղ Ադրբեջանում, որտեղ նույնպես իրականացվում է նույն ծրագիրը:

Արդյունքում կկազմենք զեկույց, որը կներկայացնի սահմանամերձ գյուղերի խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ առաջարկություններ։

Մի բան է, երբ գիտես, որ կա այս կամ այն խնդիրը և նպատակադրվում ես ծրագիր իրականացնել այդ ուղղությամբ, մեկ այլ բան է, երբ արդեն ծրագրի իրականացման ժամանակ անմիջականորեն առնչվում ես խնդրի հետ։ Դուք պարբերաբար այցելում եք սահմանամերձ գյուղեր, որո՞նք են այդ գյուղերի հիմնական խնդիրները։

Պետք է ընդունել, որ այդ գյուղերն ապրում են լրիվ ուրիշ իրավիճակում՝ շատ տարբերվող Հայաստանի սովորական իրավիճակից: Հայաստանում կյանքը շատ հեշտ չէ շատերի համար՝ հատկապես գյուղական շրջաններում, կան տարբեր տեսակի խնդիրներ՝ տնտեսական, սոցիալական, մշակութային... Այսինքն, բոլորի մոտ այդ խնդիրները կան, բայց դրան ավելացրեք այն իրավիճակը, որ դու հնարավորություն չունես քո հողը մշակելու, անընդհատ սթրեսային վիճակում ես, որովհետև անընդհատ կրակոցներ կան, ներդրողների համար բացի զուտ տնտեսական ռիսկերից այլ վտանգներ էլ կան: Նրանց համար պետք է լրացուցիչ խթաններ լինեն, որ նրանք ներդրումներ անեն: Որոշ դեպքերում նրանք դա անում են առանց դրա՝ դա համարելով ազգանվեր գործ: Բայց, այդուհանդերձ, նրանց ներդրումները կարող են չարդարացվել, և դա խոչընդոտ է... Խանութները, օրինակ, նույն հարկերն են մուծում, ինչ Երևանում: Պետությունն ինչ-որ զեղչեր է սահմանել հողի հարկի և գույքահարկի համար, բայց դա հիմնական լուծում չէ: Այդ մարդկանց մեծ մասը, միևնույնն է, չի կարողանում մշակել հողը՝ կրակոցների վտանգի պատճառով:

Մեր առաջին մոտեցումն այն է, որ պետք է ընդունել, որ այդ բնակավայրերը հատուկ կարգավիճակում են: Խոսքը չի վերաբերում բոլոր սահմանամերձ գյուղերին, այլ դրանցից 5-6-ին, որոնց պետք է առանձնահատուկ մոտեցում:

Մենք մեր այցելություններից հասկացանք, որ այնպես չէ, որ այդ գյուղերն անտեսված են, բարեգործներն այնտեղ գումարներ ներդնում են, միջազգային կազմակերպությունները կամ կառավարությունը ժամանակ առ ժամանակ ինչ-որ գործողություններ է անում աջակցելու համար և այլն… Բայց մեր կարծիքով՝ համակարգային մոտեցում չկա, չկա որոշակի ծրագիր, որը կազմված լինի տարբեր գերատեսչությունների մասնակցությամբ՝ հաշվի առնելով այդ բոլոր գյուղերի խնդիրները, կամ որևէ պլան, թե ինչպես պետք է պահպանվեն գյուղերը, ոչ միայն պահպանվեն, այլև՝ զարգանան։

Համակարգային մոտեցման դեպքում շատ ավելի արդյունավետ կլիներ ու շատ ավելի մեծ բաների կարելի էր հասնել:

Մեր տեսածով՝ նախաձեռնությունները կրում են շատ սպոնտան բնույթ: Օրինակ, բարեգործները ծառեր են տնկում՝ հակառակորդի տեսանելիությունը փակելու համար, ինչ-որ տեղերում պատեր են շարվում, բայց խնդիր կա այլ տեղերում էլ պատ շարել... Վարչապետն այցելեց Մովսես ու ինչ-որ բաներ խոստացավ կոնկրետ ուսանողների համար և այլն… Ու այդ ժամանակ հարց է առաջանում, թե ինչու՞ Մովսես և ոչ թե Այգեպար, կամ ինչու Չինարի, այլ ոչ թե Ներքին Կարմիրաղբյուր... Որովհետև այդ լուծումն առաջացավ պահ թելադրանքով. բնակիչները բարձրաձայնեցին, իսկ վարչապետն արձագանքեց: Կարծում եմ դա բավարար չէ։ Այո՛, ողջունելի է, բայց բավարար չէ:

Խոսեցիք օգնության ինքնաբուխ ծրագրերի մասին: Քաղաքացիական հասարակության ինստիտուտն էլ նմանատիպ նախաձեռնություն ունեցավ: Կպատմե՞ք այդ մասին, թե ինչպե՞ս ծնվեց գաղափարը և ի՞նչ եղավ այրդունքում։

Հերթական այցելություններից մեկի ժամանակ մենք ականատես եղանք, որ Չինարի գյուղի մանկապարտեզի աշխատողները գյուղապետին ուղղակի հարցախեղդ էին անում, թե ե՞րբ է ջուր լինելու: Պարզեցինք, որ արդեն երկու ամիս է, ինչ մակապարտեզում ջուր չկա: Հետո պարզվեց, որ գյուղի մեծ մասն է այդ վիճակում, ունի ջրի խնդիր: Գյուղապետից ճշտեցինք, որ թեև գյուղում Կարմիր խաչի աջակցությամբ վերանորոգվում է ջրագծերի մի հատվածը, բայց կան էլի հատվածներ, որոնք նորոգելու կարիք կա, որպեսզի ապահովվի լիարժեք ջրամատակարարում:

Մենք մտածեցինք, որ կարևոր է խնդրի երկու կողմն էլ, որ, մի կողմից, մարդիկ իմանան սահմանամերձ գյուղերի խնդիրների մասին ու ցանկանան ինչ-որ կերպ իրենց ներդրումն ունենալ, երկրորդը՝ հենց գումար հավաքելը և ուղղակի օգնությունը խնդիրը լուծելու համար: Ես շատ շնորհակալ եմ մեր լավ ընկեր, բլոգեր Սամվել Մարտիրոսյանին, ով արձագանքեց այդ նախաձեռնությանը, Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրեց նախաձեռնության մասին, ու շատ կարճ ժամանակահատվածում եղավ մեծ արձագանք։

Երեկոյան մոտավորապես ժամը 6-ին նա տեղադրեց դրամահավաքի վերաբերյալ գրառումը, հաջորդ օրը ցերեկը արդեն հավաքվել էր պահանջվող գումարի կրկնակին, բացի այդ, կային մարդիկ, որ պատրաստակամ էին էլի գումարներ ներդնել: Դա մեզ շատ ուրախացրեց և ցույց տվեց, որ պոտենցիալ կա. և՛ հանրությունն է հասկանում այդ խնդիրները, և՛ կառավարությունը դրանից հետո ինչ-որ քայլեր ձեռնարկեց, եղան նոր նախաձեռնություններ սահմանամերձ գյուղարին ուղղված:

Չեմ ցանկանում այդ ամենն ուղղակիորեն կապել մեր նախաձեռնության հետ, բայց, ամեն դեպքում, պարզ է, որ կա  հարցի կարևորության ընկալում: Ուղղակի խնդիրն այն է, որ կարողանանք համակարգված ձև տալ այդ բոլոր գործողություններին:

Հավաքված գումարի մեծ մասով գնվեցին խողովակներ, մնացածով՝ դիզվառելանյութ։ Ուրախ եմ ասել, որ Չինարիի ջրի խողովակները փոխվել են, ջրամատակարարումը վերականգնվել է։

Ե՞րբ է ավարտվում ծրագիրը և ի՞նչ կունենանք ծրագրի արդյունքում: 

Տարվա վեջին ավարտվում է ծրագիրի առաջին փուլը։ Արդեն նշեցի, որ տարվա վերջում կունենանք սահմանամերձ 10 գյուղերի մասին զեկույց, որը կներկայացնի այդ գյուղերի խնդիրները և կփորձենք նաև ինչ–որ լուծումներ առաջարկել, որոնք ուղղված կլինեն թե՛ մեր հանրությանը, թե՛ իշխանություններին, թե՛ միջազգային հանրությանը։

Հրադադարի խախտման միջադեպերն արձանագրվում են և որևէ միջազգային կառույցի անդամ չի կարողանա ասել, որ չի տիրապետում այդ ինֆորմացիային:

Օրինակ, վերջերս հարց բարձրացվեց Ամերիկայի պետքարտուղարի օգնականի առջև ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտման հետ կապված, նա պատասխանեց, որ չունի այդպիսի փաստեր: Լավ կլիներ, որ այդ փաթեթը լիներ նաև տպագիր ձևով:

Կարծում եմ, որ կարևոր է նաև, որ դատախազությունը գործեր հարուցի այդ բոլոր դեպքերի վերաբերյալ և դրանք պատշաճ ձևով փաստագրվեն, որ հետո, անհրաժեշտության դեպքում, հնարավոր լինի օգտագործել, որովհետև միայն պատասխան կրակոցներով հարց չի լուծվի: Ուրիշ միջոցներ էլ պետք է կիրառվեն։

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

Աղբյուրը՝ www.hra.am