Հարցազրույց

«Հանրային ճնշումը շատ դեպքերում անհրաժեշտություն է, սակայն պետք չէ իրար գլուխ կոտրել»

19.09.2014

Հ.Հովհաննիսյանը, photo by Panorama.am

Սեպտեմբերի 19-ը Հայաստանում նշվում է որպես Քաղաքացիական հասարակության օր։ Այս տարի Քաղաքացիական հասարակության օրը նվիրված է հասարակական կազմակերպությունների ու պետական մարմինների համագործակցությանը: Այդ թեմայով զրուցեցինք Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ։

Պարո'ն Հովհաննիսյան, ինչպե՞ս կգնահատեք պետություն և հասարակական սեկտոր համագործակցությունը Հայաստանում։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները որքանո՞վ են ներգրավված որոշումների կայացման գործընթացում։

Համագործակցություն պետական մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների միջև որոշ չափով գոյություն ունի, սակայն, ընդհանուր առմամբ, շատ թույլ է: Համագործակցության եղած մակարդակը պահում են ոչ թե ինստիտուտները, որոնցից մեկն էլ Հանրային խորհուրդն է, այլ՝ հենց հասարակական կազմակերպություններն՝ իրենց ակտիվությամբ ու ջանքներով:

Ինչո՞ւ է համագործակցությունը թույլ, ըստ Ձեզ։

Պատճառները շատ են. կարելի է առանձնացնել ինստիտուցիոնալ, սոցիալ–հոգեբանական պատճառներ, ավանդույթներ և այլն: Ինստիտուցիոնալ առումով, օրինակ, խնդիրներից լրջագույնն այն է, որ հանրային կառավարման ոլորտում մեզ մոտ առաջընթացը ոչ թե քայլերով է իրականանցվում, այլ՝ կիսաքայլներով:

Մասնակցային կառավարման ցածր մակարդակի մյուս պատճառը, ըստ իս, հասարակական հիասթափությունն է՝ ապատիան: Գրեթե բացակայում է հանրային վստահությունը քաղաքական կառույցների, ոչ միայն իշխանության, այլև՝ ընդդիմության նկատմամբ: Առհասարակ, քաղաքական դաշտի նկատմամբ վստահության դեֆիցիտ կա այսօր: Դա է պատճառը, որ ՀԿ-ները ավելի շուտ հույսն իրենք իրենց վրա են դնում, քան՝ համագործակցության:

Երրորդ գործոնը, որ կարելի է դիտարկել որպես հանրային մասնակցության մակարդակի բարձրացմանը խոչընդոտող հանգամանք, մասնակցային ավանդույթների բացակայությունն է: Ժամանկակից եվրոպական ժողովրդավարությունը 100-ամյակների փորձառություն ունի: Մենք խորհրդային տարիներին ունեինք ձևական կառույցներ՝ արհմիություններ, ՀԿ-ներ, որոնք բուտաֆորիա էին: Անկախացումից հետո մենք, այդ կառույցների ձևը պահելով, բովանդակություն չավելացրեցինք դրանց: Ներկայումս և´ ձևն ենք մերժել, և´ բովանդակությունը չենք ներդրել:

Որպեսզի շատ հոռետեսական չհնչի իմ պատասխանը, ասեմ, որ հասարակական ակտիվությունն արդեն իսկ նպաստում է մասնակցային մշակույթի կայացմանը, և դա գիտակցում են նաև պետական գործիչները:

Իսկ հասարակական սեկտորը որքանո՞վ է ակտիվ վերջին մի քանի տարիներին, և ինչպիսի՞ պատկեր կստանանք, եթե համեմատենք 90-ականների հետ, երբ նոր էին ձևավորվում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։

Փոփոխություններ կան, բայց դժվարանում եմ ասել՝ դրակա՞ն են, թե՞ բացասական: Եթե 90-ականերին մենք գործ ունեինք անմիջական ժողովրդավարության հետ (կազմակերպությունները կամ շարժումները հենց Ազատության հրապարակում էին ձևավորվում), այսօր, ի հակադրություն ինստիտուցիոնալ որոշակի կայունացմանը, այս շարժումների մասսայականությունը նվազել է այն տարիների համեմատությամբ: Այն ոգևորությունը, բազմամարդությունը, որ կար 80-ական, 90-ականների զարթոնքի ժամանակ, այսօր չեմ տեսնում:

Ինչպե՞ս կգնահատեք Հանրայի խորհրդի աշխատանքը հասարակական սեկտորում, Ձեր առաջարկությունները որքանո՞վ են ազդում որոշում կայացնողների վրա։

Եթե ասեմ, որ Հանրային խորհրդի աշխատանքը բավարար է, կստացվի որ փակում եմ զարգացման ճանապարհը: Իհարկե, որոշ առումով Հանրային խորհուրդը մասնակցում է որոշումների կայացմանը, բայց դա հեռու է ցանկալի չափով մասնակցություն լինելուց: Մասնակցում ենք տարբեր տեսակի լսումների, նախագծերի փորձաքննությունների, որոշակի հաջողություններ էլ ենք արձանագրում, ինչը թույլ է տալիս լավատեսորեն տրամադրվել:

Անհաջողություններ էլ են լինում, բայց մենք չենք հիասթափվում և չենք դադարում աշխատել և, առավել ևս, չենք պատրաստվում լքել երկիրը:

Հանրային խորհուրդը խորհրդակցական մարմին է, և կառավարությունը միշտ չէ, որ Հանրային խորհրդի կարծիքը ընդունում է որպես հիմք:

Հաճախ եմ լսում հանդիմանական կարծիքներ, թե, օրինակ, ինչո՞ւ Հանրային խորհուրդը չի պայքարում կոռուպցայի դեմ կամ չի լուծում այսինչ խնդիրը: Հասկանալի է, որ մեր նոր կայացքող երկրում պետական մարմինների հանդեպ չկա վստահություն, այդ պատճառով հանրությունը հաճախ մեծ հույսեր է կապում նորաստեղծ կառույցների հետ՝ առանց հասկանալու, որ այդ կառույցները չեն կատարում կառավարության ֆունկցիաները, քանի որ չունեն այդպիսի լիազորություններ:

Վերջերս առաջարկել ենք ՔՀԿ-ների զարգացման ռազմավարության հայեցակարգ մշակել: Շատ ենք խոսում քաղաքացիական հասարակության մասին, շատ հույսեր ենք կապում դրանց հետ: Սակայն պետք է նաև իմանալ՝ ի՞նչ բան է քաղաքացիական հասարակությունը, ի՞նչ մոդելներ կան աշխարհում, ո՞ր մոդելն է ավելի հոգեհարազատ հայ մարդուն: Այս հարցերին որոշակի պատասխաններ չունենք:

Ժամանակին իշխանություններին առաջարկեցինք տարատեսակ փոփոխություններ կատարել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում, հայեցակարգ ու ռազմավարություն մշակել, հստակեցնել, թե որ կառույցն ինչ գործառույթ ունի և այլն: Մենք մեր առաջարկությունները ներկայացրեցինք երկրի ղեկավարին՝ հանդիպումներից մեկի ժամանակ, դրանք փոխանցվեցին կառավարությանը, բայց կառավարությունը մոտ երկու տարի խնդրին չէր անրադառնում, թեև մենք հիշեցնում էինք:

Ինչպե՞ս եք գնահատում հանրության վերաբերմունքը hասարակական կազմակերպությունների հանդեպ: Հանրությունը ՀԿ-ներին ընկալո՞ւմ է որպես իրենց շահերի պաշտպան։

Ես շատ կցանկանայի, որ այս խնդիրը սոցիոլոգիական հարցումների և ուսումնասիրությունների հիմք հանդիսանար, տեսնեինք, թե որ ինստիտուտների հանդեպ է հանրային վստահությունը մեծ՝ պետական կառույցների՞, քաղաքական կուսակցությունների՞, հասարակական շարժումների՞, ՀԿ-ների՞, թե՞ ԶԼՄ-ների: Ցավոք, այդպիսի հետազոտություններ քիչ են արվում:

Մի քանի տարի առաջ մենք անցկացրել ենք նման ուսումնասիրություն և պարզել, որ հասարակական կազմակերպությունների հանդեպ հանրության վստահությունը ավելին էր, քան՝ քաղաքական կուսակցությունների հանդեպ, սակայն կուսակցություններում հանրային ներգրավվածությունը ավելի մեծ էր, քան ՀԿ-ներում:

Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունների, շարժումների գործունեության վերաբերյալ: Ըստ ձեզ՝ դրանք ինչպե՞ս կարող են ազդել քաղաքացիական հասարակության գործունեության վրա:

Որոշակի վերապահումներով, շատ դրական եմ գնահատում նմանատիպ շարժումների գոյությունը: Ակտիվությունն, ինքնին, շատ կարևոր բան է և ամեն ինչի շարժիչ ուժն է: Առանց վերահսկողության և զուգակշռման մեխանիզմների իշխանությունը միշտ էլ ձգտելու է հնարավորինս ընդլայնվել: Սակայն անգրագետ ակտիվությունից հաճախ ենք տուժում, և՝ ոչ միայն հասարակական ոլորտում: Հաճախ իշխանության են ձգտում մարդիկ, ովքեր խնդիրները լավ չեն պատկերացնում, չունեն համապատասխան կրթվածություն, գրագիտություն...

Լավ է, որ այդ ակտիվությունը կա, սակայն դա ինստիտուցիոնալացման և ուղղորդման կարիքը ևս կա: Լավագույն տարբերակը ոչ թե գնալ, կառավարության շենքի ապակիները ջարդելն է, այլ՝ համոզիչ փաստարկներով վերջինիս երկխոսության դրդելը:

Առհասարակ, ցնցումներից խուսափել է պետք, քանի որ դրանք նույնքան անցանկալի են, որքան՝ լճացումը: Հեղափոխական տրամադրությունները ևս վտանգավոր են հասարակության համար. դրանց արդյունքում, հաճախ, իշխանության են գալիս մարդիկ, ովքեր լավ գոռգոռալ կամ հայհոյել գիտեն, բայց խնդիր լուծել չգիտեն: Այնպես որ, ճիշտ ճանապարհը համագործակցությունն է, ինչու չէ, նաև՝ առողջ քննադատությունը, բանավեճերը:

Ներկայումս, որպես հանրության շահերի պաշտպանության գործիք, շատ է օգտագործվում հանրային ուժեղ ճնշումը իշխանության, պետական մարմինների վրա՝ որոշումների փոփոխության նպատակով։ Նման աշխատելաոճ են որդեգրել նաև քաղաքացիական նախաձեռնությունները, շարժումները: Ձեր կարծիքով ո՞ր գործելաոճն է ավելի արդյունավետ ՀՀ-ում՝ հանրային ճնշո՞ւմը որոշումների փոփոխության նպատակով, թե՞ համագործակցության միջոցով որոշումների վրա ազդելը:

Իհարկե, հանրային ճնշումը շատ դեպքերում անհրաժեշտություն է, սակայն պետք չէ իրար գլուխ կոտրել, խանութների ապակիներ ջարդել և այլն: «Վեճի մեջ է ծնվում ճշմարտությունը», սակայն, մյուս կողմից, «երբ վեճը եռում է, ճշմարտությունը գոլորշիանում է»: Խնդիրն այն է, որ պետք հասնել նրան, որպեսզի չլինեն երկրի անվտանգությանը վտանգող շարժումներ: 

Ես նաև շատ կցանկանայի, որ ակտիվ երիտասարդությունն աշխատի իր վրա՝ կրթի ինքն իրեն և լինի գիտակից, ակտիվ քաղաքացի: Սա ոչ թե քննադատություն է, այլ՝ հորդոր: Շատ կարևոր է, որպեսզի պետությանը պահանջներ ներկայացնելիս քաղաքացին նաև իմանա պետության դերը: Շատ կարևոր է, որ գրագիտությունը ուղեկցի հասարակական ակտիվությանը:

Մեզ անհրաժեշտ է մասնակցայն դեմոկրատիա հաստատել: Քանի որ միայն մասնակցային դեմոկրատիայի պարագայում է քաղաքացին ստանձնում պատասխանատվություն: Եթե ունի իրավունք, կրում է նաև պատասխանատվություն, ինչը շատ եմ կարևորում, քանի որ անպատասխանատու մարդուց՝ թե՛ քաղաքացուց, և թե՛ պաշտոնյայից, շատ բան սպասել չի կարելի: Քաղաքացուն մասնակցելու հնարավորություն տալով՝ մենք կունենաք ավելի լավ օրենքներ, ավելի ծանրակշիռ քաղաքական որոշումներ և, ի վերջո, ավելի լավ պետություն:

Աղբյուրը՝ www.hra.am