Հարցազրույց

«Անպատժելիությունն է նպաստում այն իրավիճակին, ինչն այսօր ունենք»

16.01.2015

Հարցազրույց ՄԱԿ–ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանի հետ, որտեղ նա ամփոփում է 2014 թվականին կատարված աշխատանքները։

Խոշտանգումների կանխարգելումը դեռևս շարունակում է մնալ ՀՀ–ում մարդու իրավունքների ամենախնդրահարույց ոլորտներից մեկը։ Հայաստանը աշխարհի 25 պետություններից մեկն է, որ ՄԱԿ–ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեում ներկայացուցիչ ունի՝ ի դեմս Ձեզ։ Դուք 2010 թվականին ընտրվեցիք և 2014–ին վերընտրվեցիք ենթակոմիտեի անդամ։ Ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում խոշտանգումների ոլորտում։

Որոշակի քայլեր նկատվում են, մասնավորապես, շատ գործեր են սկսել հարուցվել Հատուկ քննչական ծառայությունում խոշտանգումների հետ կապված, սակայն արդյունքները դեռևս տեսանելի չեն: Եթե առաջ քիչ չէին դիմում, քրեական գործեր շատ քիչ էին հարուցվում, հիմա հարուցվում են, բայց դատարան հասած գործերի թիվը, միևնույն է, շատ քիչ է: ՀՔԾ հաղորդագրություններին հետևելով՝ 2014 թվականին նկատել ենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածով՝ պաշտոնեական դիրքի անցման դեպքերով հարուցված քրեական գործերի թիվն աճել է։ Մինչ այդ ընդամենը մի քանի դեպք ունեինք, բայց, միևնույն է, դատարան շատ քիչ գործեր են հասնում. կա՛մ գործը կարճվում է, կա՛մ նախաքննությունը ձգձգվում է... Հուսով եմ, 2015 թվականին մենք կսկսենք հասկանալ՝ այդ ոլորտում ինչ է կատարվում: Այնուամենայնիվ, լուրջ առաջընթացի մասին խոսելը դեռ վաղ է:

Առաջընթացի մեկ ուրիշ նշույլ կարելի է համարել Արդարադատության նախարարի կողմից հնչեցված խոստումը, որ վերջապես, կարծես թե, պատրաստվում ենք Քրեական օրենսգրքով հստակեցնել «խոշտանգում» եզրույթը և համապատասխանեցնել ՄԱԿ–ի Խոշտանգումների կոնվենցիայի ձևակերպմանը։ Հետևաբար, այդ հանցագործությունը պետք է մասնավորից դառնա հանրային մեղադրանք։ Դա նշանակում է, որ չի կարելի մարդուն խոշտանգել, հետո ասել, որ մարդը չի բողոքում, դրա համար քրեական գործ չենք հարուցում: Այսինքն, եթե կա խոշտանգման փաստ, պետությունն արդեն պարտավոր է գործ հարուցել և քննություն իրականացնել:

Դուք բազմիցս նշել եք, որ խոշտնագումով խոստովանություն կորզելու և գործ բացահայտելու պրակտիկան գալիս է խորհրդային տարիներից, երբ ինքնախոստովանական ցուցմունքը համարվում էր «ապացույցների թագուհին»: Ինչպե՞ս կարելի է փոխել այդ մշակույթը, ի՞նչ մեթոդներ պետք է կիրառել, որպեսզի խոշտանգումների արատավոր պրակտիկան ոստիկանությունից վերանա:

Իհարկե, կան մեթոդներ, և առաջադեմ երկրներում դրանք կիրառվում են: Այստեղ խնդիրը հետևյալն է՝ երբ որ քննիչը, ոստիկանը կամ օպերլիազորը չգիտի այլ մեթոդ, նա կիրառում է խոշտանգման մեթոդը։ Մի կողմից շատ ավելի հեշտ է խոշտանգելով ստանալ խոստովանական ցուցմունքներ, քան մեծ ջանքեր ծախսել ապացույցներ հավաքելու վրա, մյուս կողմից խոշտանգողը համոզված է, որ դրա համար չի պատժվի. անպատժելիության մթնոլորտն է նպաստում այն իրավիճակին, ինչն այսօր մենք Հայաստանում ունենք։ Հատուկենտ դեպքեր են, երբ ոստիկանները խոշտանգման համար կանգնել են դատարանի առջև, այն էլ՝ բոլորը համաներմամբ ազատ են արձակվել:

Եթե երևույթի դեմ պայքարելու ցանկություն լինի, միջոցներ և մեթոդներ կան։ Այս հարց է, թե մեր համակարգը որքանո՞վ է դրան պատրաստ։ Երկրներում, որտեղ ցանկություն են ունեցել պայքարել խոշտանգումների դեմ, պայքարել են շատ ռադիկալ մեթոդներով՝ ընդհուպ մինչև բոլոր ոստիկաններին աշխատանքից ազատելով և նոր ոստիկանական կազմ հավաքելով, որոնք չեն «վարակվել» և չեն «ժառանգել» խոշտանգումների պրակտիկան։

Իսկ մեր պարագայում պայքարի ո՞ր ձևն ավելի արդյունավետ կլիներ։

Մեր պարագայում կարևոր է հասկանալ այն կառույցը, այն օղակը, որը որ պատրաստ կլինի պայքարել խոշտանգումների դեմ: Շատ արդյունավետ օղակ կարող էր լինել դատարանը: Ասում եմ՝ կարող էր, որովհետև մինչ օրս չեմ տեսել այդպիսի կամք դատարանի կողմից: Եթե դատարանը չընդունի խոշտանգումներով ստացված ցուցմունքները, որևէ գործ չի բացահայտվի, և խոշտանգումների կիրառումը կդառնա անիմաստ, ինչը կբերի այլ՝ օրինական մեթոդների կիրառմանը ոստկանության համակարգում: Ոստիկանությունը ստիպված կլինի օրինական ճանապարհներով քննել գործերը, ապացույցներ ձեռքբել և այլն։

Այսինքն, եթե կամք լինի, խնդրի լուծման ճանապարհներ կան: Բայց Ձեր առաջարկն ավելի շատ վերաբերում է խոշտանգումներով կորզված ցուցմունքների օգտագործման թույլատրելիությանը, իսկ խոշտանգումներ կիրառած ոստիկանին ինչպե՞ս և ո՞ր մարմինը պետք է պատասխանատվության կանչի։

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) իրավասության տակ է խոշտանգումների գործերի քննությունը, բայց խնդիրն այն է, որ ՀՔԾ–ն չունի օպերատիվ աշխատողներ: Օպերատիվ աշխատանքը կատարում է ոստիկանությունը։ Այսինքն, ստացվում է՝ ոստիկանությունն աշխատում է ոստիկանության դեմ, դրա համար ունենք այն, ինչ ունենք:

Ոստիկանությունն ինքն էլ, միգուցե, չի ցանկանում խոշտանգել: Այդպիսի հայտարարություններ ոստիկանապետի կողմից լսել ենք տարիեր առաջ, երբ նա ծեծող ոստիկանին անվանում էր «մսագործ, տկարամիտ» և այն: Բայց մեկ հայտարարությամբ իրավիճակը չես փոխի, որովհետև այդ մարդիկ, իրոք, չունեն աշխատանքի այլ մեթոդներ: Պետք է պայքարել այդ երևույթի դեմ՝ սովորեցնելով գործերի բացահայտման նոր մեթոդներ կամ համակարգ ընդունել այնպիսի մասնագետների, ովքեր կարող են աշխատել օրինական ճանապարհով: Այդ մասնագետներին կարող էր պատրաստել Ոստիկանության ակադեմիան, բայց, կարծես թե, չի պատրաստում այն մակարդկով, որ մենք կցանկանայինք:

Եվ, առհասարակ, պետք է փոխել ոստիկանության աշխատելաոճը։ Մեզ մոտ գործերի բացահայտման մեթոդն ինքնախոստովանությունն է: Անգամ եթե խոշտանգում չի կիրառվում, միևնույն է, ոստիկանի գերնպատակը խոստովանություն ստանալն է։ Օպերատիվ տվյալներ իրացնելով մարդուն ձերբակալում են, խոստովանություն կորզում, որից հետո սկսում են ապացույցներ հավաքել, մինչդեռ պիտի հակառակն անեին։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն իր առաջնահերթություններից է համարում խոշտանգումների դեմ պայքարը: Ինչպե՞ս է կազմակերպությունը շարունակելու իր աշխատանքն այս ուղղությամբ 2015-ին:

2015 թվականը խոստանում է լինել օրենսդրական խոշոր փոփոխությունների տարի՝ Քրեական դատավարության օրենսգիրք, Քրեական օրենսգիրք... Իհարկե, ամենակարևոր, բայց ոչ բավարար փոփոխություններից է այն, որ Քրեական օրենսգրքում վերջապես «խոշտանգում» եզրույթը կհամապատասխանեցվի Կոնվենցիային։ Շարունակելու ենք աշխատել և՛ ՀՔԾ-ի հետ, և՛ դատարանների, և՛ այլ կառույցների հետ, որոնք ցանկություն ունեն խոշտանգումների դեմ պայքարել կամ կարող են օգնել այդ պայքարում, ինչպես նաև, իհարկե, ոստիկանության հետ: Իրավիճակը դանդաղ, բայց փոփոխվում է: Ուղղակի փոփոխությունները կարող էին շատ ավելի արդյունավետ և զգալի լինել, եթե լիներ համակարգված աշխատանք և միասնական ցանկություն պայքարել այդ երևույթի դեմ:

ՔՀԻ–ն նաև զբաղվում է քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների հարցերով։ Եթե ամփոփելու լինենք 2014-ը, ի՞նչ փոփոխություններ են եղել, առաջընթաց տեսնո՞ւմ եք:

Դեկտեմբերին տեղի ունեցավ Քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդական խմբի տարեկան զեկույցի հրապարակումը և քննարկումը։ Մենք այս տարի տեսանք առաջընթաց այն առումով, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ քրեակատարողական համակարգը պատրաստ է քննարկել ցավոտ խնդիրները: Այնինչ, նախորդ տարիներին պաշտպանողական դիրքերից հանդես եկող կառույց էր, որն ասում էր, որ որևէ խնդիր իրենք չունեն, և զեկույցում ներկայացված բոլոր խնդիրները չեն համապատասխանում իրականությանը: Մի քիչ ծայրահեղացնում եմ, բայց մոտավորապես այս վերաբերմունքն էր: 

Մյուս առաջընթացը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացումն էր։ Չնայած այն դեռևս բնակեցված չէ, բայց այս տարվանից կսկսեն բնակեցնել դատապարտյալներով, ինչը, որոշ չափով կբարելավի պայմանները: Բայց, իհարկե, շարունակում է ցավոտ մնալ քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման խնդիրը, որն ավելի շատ առաջանում է նախաքննական մարմինների և դատարանների պատճառով:

Իմ կարծիքով՝ գերբնակեցումը ոչ միայն մեկ խցում շատ մարդկանց գտնվելն է, այլ նաև՝ բանտերում այն մարդկանց գտնվելը, ովքեր կարող էին այնտեղ չպահվել: Խոսքն այլընտրանքային խափանման միջոցների և այլընտրանքային պատիժների կիրառման շատ ցածր մակարդակի մասին է, ինչպես նաև՝ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի չգործելու մասին է:

Եթե ինձ հարցնեք՝ ո՞րն է քրեակատարողական համակարգում գտնվողների համար թիվ մեկ խնդիրը, ես կասեմ, որ դա պայմանական վաղաժամկետ ազատումն է։

Տարվա ավարտին Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կազմակերպեց աշխատաժողով պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի խնդիրների վերաբերյալ և շահագրգիռ մարմիններին ներկայացրեց առաջարկությունների փաթեթ։ Ինչո՞ւ Հայաստանում չի գործում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը։

Մենք երբևիցե չենք ունեցել պայմանական վաղաժամկետ ազատման գործուն համակարգ: Նախկինում՝ մինչև 2006 թվականը, ունեցել ենք կոռումպացված ճանապարհով պատժից ազատվելու համակարգ, այսինքն, բոլոր դատապարտյալները գիտեին՝ ում պիտի վճարեն, ինչքան պիտի վճարեն, որ ազատ արձակվեն: Այդ համակարգը գործում էր, որովհետև խաղի կանոնները պարզ էին: Դիմողների մեծ մասը՝ մոտ 90%–ը, վաղաժամկետ ազատվում էին: Երևի, գները մատչելի էին: Հետո պետությունը որոշեց պայքարել կոռուպցիայի դեմ: Ստեղծվեց տարբեր գերատեսչություններից կազմված Անկախ հանձնաժողովը, որին կաշառելը այդքան էլ հեշտ չէ: Արդյունքում մենք ունեցանք իրավիճակ, երբ որ ազատվում է դիմողների 5%-ը: Սա 2013թ. ցուցանիշն է։ Այսինքն՝ ազատվողների թիվը 90%-ից դարձել է 5%։ Կարելի է ասել՝ համակարգը չի գործում, որովհետև ազատվողները չնչին տոկոս են կազմում, և այնպես չէ, որ  ընդամենը 5 տոկոսն է, որ կարող է ազատության մեջ շարունակել կրել պատիժը՝ առանց հասարակության համար վտանգ ներկայացնելու:

Այդ դեպքում՝ ո՞րն է խնդիրը։

Խնդիրն այն է, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա չկա գնահատման ռեալ մեխանիզմ, թե որ դատապարտյալը կարող է գտնվել ազատության մեջ, որը՝ ոչ: Սա էլ բերում է այս անկանխատեսելի իրավիճակին: Աշխարհում ընդունված է կրկնահանցագործության կատարման ռիսկի գնահատման մեխանիզմը, ըստ որի՝ յուրաքանչյուր դատապարտյալի հետ հիմնարկում տարվում են վերականգնողական աշխատանքներ, և երբ վաղաժամկետ ազատման համար դիմելու ժամկետը մոտենում է, նրա համար կատարվում է կրկնահանցագործության ռիսկի գնահատում: Համապատասխան ծառայությունները, հիմանականում՝ պրոբացիոն ծառայությունը (հույս ունենք, որ մեզ մոտ էլ մոտ ժամանակներս այդ ծառայությունը կստեղծվի) գնահատում է իրավիճակը և որոշում, որ այս անձը կարող է գտնվել ազատության մեջ, եթե նա կատարի այս–այս պայմանները: Վաղաժամկետ ազատվելուց հետո պրոբացիոն ծառայության գործառույթն է հետևել, որ անձը կատարի իր առջև դրված պայմանները:

Իսկ մեզ մոտ ի՞նչ չափանիշով են ազատում, ինչպե՞ս է կատարվում ռիսկի գնահատումը։

Մեզ մոտ խորհրդային ժամանակներից գալիս է «դատապարտյալների ուղղում» սկզբունքը, բայց ուղղումը գնահատելու որևէ չափանիշ չկա. դա խիստ սուբյեկտիվ մոտեցում է: Իսկ կրկնահանցագործության ռիսկը չափելի է սոցիոլոգիական մեթոդներով, կան համապատասխան մասնագետներ։ Եթե ռիսկայնությունը ցածր է, կարող ես մարդուն ազատել՝ նրա առջև պայմաններ դնելով։ Եթե կան հսկողության մեխանիզմներ, ապահովվում է նաև հասարակության անվտանգությունը: Եթե դատապարտյալը խախտում է իր առջև դրված պայմանները, ապա վերադառնում է քրեակատարողական հիմնարկ։

Իսկ եթե հանցագործություն կատարած անձը պատժի ամբողջ ժամկետը կրել է, սակայն նրա հետ չեն տարվել համապատասխան աշխատանքներ, նրա հանդեպ չկա վերահսկողություն, նա ավելի մեծ հնարավորություն ունի կատարել նոր հանցագործություն, քան այն անձը, ով պայմանական վաղաժամկետ ազատվել է, գտնվում է հսկողության տակ և նրա հետ տարվում են համապատասխան աշխատանքներ պրոբացիոն ծառայության կողմից, որպեսզի սահուն կերպով ինտեգրվի նորմալ կյանքի մեջ։

Այս թեմայով ձեր կողմից կազմակերպված աշխատաժողովը ցույց տվեց, որ շահագրգիռ կողմերը նույնպես չեն հերքում, որ համակարգը բարեփոխման կարիք ունի: Բարեփոխումների անհրաժեշտության մասին միայն խոսվո՞ւմ է, թե՞ նաև գործնական քայլեր են արվում։

Այո, գրեթե բոլորը հասկանում են, որ համակարգը չի գործում և պետք է ինչ-որ բան անել։ Անկեղծ ասած, հավատում եմ, որ այդ քայլերը կարվեն, պարզապես քայլերի վերաբերյալ մոտեցումը կարող է տարբեր լինել:

Մեր կազմակերպությունը հայեցակարգ է պատրաստել և ներկայացրել բոլոր շահագրգիռ կողմերին, թե մենք ինչպես ենք տեսնում այդ համակարգի աշխատանքը՝ ընդհուպ մինչև կրկնահանցագործության ռիսկի գնահատման գործիքի մեջ ներառվելիք գործոնները։ Սպասում ենք Արդարադատության նախարարության արձագանքին և, գուցե, նաև ինչ-որ քայլերի այս ուղղությամբ: Ամեն դեպքում, մենք միշտ պատրաստ ու բաց ենք քննարկման համար։ Գուցե մեր ներկայացված մոտեցումներն այդքան էլ կիրառելի չեն Հայաստանի համար և գուցե նրանք կարողանան ավելի լավ մեխանիզմ ներկայացնել: Ամեն դեպքում, մենք արդեն քանի տարի է, սպասում ենք մեխանիզմի ներկայացմանը:

Դուք, որպես ՀԿ ներկայացուցիչ, ընդգրկված էիք Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում և անցած տարվա հոկտեմբերին հայտարարեցիք հանձնաժողովից դուրս գալու մասին: Ի՞նչն էր պատճառը:

Հանձնաժողովը չէր կարող աշխատել և չէր կարող կատարել այն գործառույթները, որոնք մենք նրանից ակնկալում էինք: Խնդիրն ավելի շուտ օրենսդրական բնույթի էր։ Ոստիկանության և կառավարության մեկնաբանությունը հետևյալն էր՝ Կարգապահական հանձնաժողովը կառույց է (բառացի ասեմ այն, ինչ հնչեց հանձնաժողովի նիստի ժամանակ), որը միտված է կարգազանց ոստիկանների իրավունքները պաշտպանելուն:

Չնայած, մեր պատկերացմամբ, հանձնաժողովին պետք է իրավունք վերապահված լիներ քաղաքացիական վերահսկողություն իրականացնել ոստիկանությունում իրականացվող ծառայողական քննությունների նկատմամբ, և մենք այդ նպատակով էին ներգրավվել հանձնաժողովում։ Այսինքն՝ հանձնաժողովը պետք է լիներ օբյեկտիվ մարմին, որը պետք է քննարկեր և գնահատեր ծառայողական քննությունների արդյունքները և կարծիք, խորհուրդ ներկայացներ, եթե, իր կարծիքով, սխալ որոշում է կայացվել։

Սակայն ոստիկանությունը մեզ բացատրում է, որ Կարգապահական հանձնաժողովը կարող է ծառայողական քննությունների արդյունքները ստանալ և քննարկել միայն այն ժամանակ, եթե հաստատվի, որ ոստիկանը խախտել է օրենքը: Իսկ եթե խախտում չի ճանաչվել, հանձնաժողովն իրավասություն չունի քննարկելու որոշումը։

Այս հարցում էլ մենք ունենք մեր մոտեցումները, որոնք ներկայացրել ենք Ազգային ժողովին։ Կարծում ենք, որ ավելի լայն լիազորություններ պետք է վերապահվեն հանձնաժողովին, մոդելի փոփոխություն պետք է արվի, որպեսզի այս մարմինը դառնա քաղաքացիական վերահսկողության մարմին: Կարծում եմ՝ մոտ ապագայում կկազմակերպվի մի հանդիպում, և ոստիկանության և այլ շահագրգիռ կողմերի հետ կքննարկենք այս իրավիճակը։

Եվ վերջում կներկայացնե՞ք Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տարեվերջյան նորույթը՝ «Անցնենք բաժին» հավելվածը բջջային հեռախոսների համար։

Մենք պարբերաբար դասընթացներ ենք կազմակերպում մարդու իրավունքների իրազեկման նպատակով և նաև ունենք անվճար խորհրդատվություն տրամադրող 080-080–804 թեժ գիծը, որին շատ են զանգահարում այնպիսի հարցերով, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին ոստիկանության հետ շփվել։ Այսինքն՝ մենք հասկացանք, որ մարդիկ իրենց իրավունքների մասին իրազեկվելու կարիք են զգում։ Թեստն ունի 12 հարց պատասխանի երեք տարբերակով, որոնցից յուրաքանչյուրին պատասխանելուց հետո կա կարճ մեկանաբանություն։ 

Հավելվածի նպատակը կրթական է, և թեստ հանձնելով մարդիկ ավելի արագ են սովորում, քան եթե այդ իրավունքների մասին բրոշյուր տպագրեիր և տայիր, որ կարդան։ Բնականաբար, իրավունքների մասին իրազեկված լինելը կփոքրացնի խոշտանգումների ենթարկվելու հավանականությունը։ Հավելվածը կարելի է բեռնել PlayStore-ից, հնարավորություն կա նաև արդյունքներով ընկերների հետ կիսվելու տարբեր սոցիալական ցանցերում։

Հավելվածի շնորհանդեսը կկայանա հունվարի 22-ին՝ մեր կողմից կազմակերպված խոշտանգումների վերաբերյալ համաժողովի ժամանակ։ Եվ, որքանով տեղյակ եմ, սա Հայաստանում  իրավունքների մասին իրազեկող առաջին հավելվածն է։

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի


Աղբյուրը՝ www.hra.am