Հարցազրույց

Հաշտարարության ոլորտում Հայաստանը պետք է իր սեփական ուղին գտնի

01.08.2016

Հաշտարարությունը (մեդիացիան) վեճերի լուծման մի գործընթաց է, որում չեզոք, համապատասխան հմտություններ ունեցող երրորդ կողմը՝ հաշտարարը, աջակցում է կողմերին համաձայնության գալ և գտնել երկու կողմի համար ընդունելի լուծում: Հաշտարարը չի ուղղորդում և լուծումներ չի առաջարկում, այլ աջակցում է վեճի կողմերին հասկանալ դիմացինի կարիքներն ու զգացմունքները, դիրքորոշման պատճառները: Եթե համեմատենք դատական ընթացակարգի հետ, հաշտարարությունը ավելի արագ և պարզ գործընթաց է, այն համեմատաբար քիչ ծախսատար է և նպաստում է վեճերի տևական կարգավորմանը:

Հայաստանում վերջին տարիներին ներդրվեց ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը, ինչպես նաև հաշտարարությունը քաղաքացիաիրավական ոլորտում (աշխատանքային կամ ընտանեկան որոշակի իրավահարաբերություններում): Այժմ Պրոբացիայի պետական ծառայության գործունեության շրջանակում փորձ է արվում հաշտեցումը կիրառել քրեական արդարարդատության համակարգում՝ իրավախախտի և տուժողի (տուժողի իրավահաջորդի) հաշտեցման նպատակով:

Հաշտարարության ոլորտի գերմանական փորձի մասին www.hra.am –ը բացառիկ հարցազրույց է ունեցել Մյունստերի Կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր, միջնորդ-հաշտարար Գեորգ Ալբերսի և Բեռլինի «Ինմեդիո» խորհրդատվական ինստիտուտի միջնորդ-հաշտարար, ուսուցանող Դիրք Շպլինտերի հետ, ովքեր Հայաստանում հաշտարարության ոլորտի զարգացման նպատակով «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ վերապատրաստման դասընթացներ են կազմակերպում տարբեր ոլորտի մասնագետների համար:

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է հաշտարարությունը կարևոր քրեական արդարարդատության համակարգում և ո՞րն է հաշտարարության դերը այս իմաստով:

Դիրք Շպլինտեր - Ըստ էության, բավականին շատ փաստեր կան, որ վկայում են այն մասին, որ մարդկանց բանտ նստեցնելը պատժի մի տեսակ է, որը նրանց հիմնականում դարձնում է ավելի հանցագործ և մեծացնում է հետագայում նոր իրավախախտում կատարելու ռիսկը: Ուստի խաղաղ և արդարացի հասարակություն ձևավորելու համար ավելի կարևոր է փորձել հասնելու որոշակի հաշտեցման և գտնելու փոխհատուցման տարբեր ձևեր, որոնք կօգնեն փոխելու իրավախախտների մտածելակերպը: Ահա հենց այստեղ է հաշտարարության դերը:

Գեորգ Ալբերս - Կարծում եմ, որ մարդիկ զգում են ցանկացած հասարակության մեջ առկա նորմայից շեղվող վարքագծի դրսևորման պատճառների բացատրությունը: Դա կարևոր է այն պատճառով, որ հանցագործություն կատարած այդ մարդիկ շարունակում են մնալ հասարակության անդամ. դու չես կարող և չես ցանկանում նրանց դուրս մղել հասարակությունից: Հետևաբար, ցանկացած հասարակության համար մեծ մարտահրավեր է դառնում նրանց վերաինտեգրման հարցը: Այստեղ «խաղի մեջ է մտնում» հաշտարարությունը, որը նմանատիպ խնդիրների լուծման մի տարբերակ է: Առհասարակ, հասարակական նշանակության խնդիրների համար հնարավորինս շատ պոտենցիալ լավ լուծումներ ունենալը օգնում է հասարակություններին առաջընթաց ապրել: Ահա թե ինչու արդարադատության համակարգը պետք է մշակի անհրաժեշտ և տարբերակված լուծումներ:

Ի՞նչն է ամենակարևորը իրավախախտ-տուժող հաշտեցման գործընթացում, ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնի հաշտարարը:

Գեորգ Ալբերս – Հաշտարարության գործընթացը սկսելուց առաջ չափազանց կարևոր է պարզել արդյո՞ք դեպքը համապատասխանում է հաշտարարության համար, թե՞ ոչ, և եթե այո, ապա դա որքանո՞վ է կարևոր և անհրաժեշտ տուժողի, ինչպես նաև՝ իրավախախտի համար: Եթե այն բխում է երկու կողմերի շահերից, միայն այդ դեպքում իմաստ կունենա հաշտարարություն սկսելը: Հետևաբար, ոչ համապատասխան դեպքերով հաշտարարության գործընթաց սկսելը ամենամեծ մարտահրավերներից մեկն է:

Ինչպիսի՞ն է հաշտարարության ոլորտում գերմանական փորձը: Ե՞րբ հաշտարարության ինստիտուտը ներդրվեց, և որո՞նք էին հիմանական մարտահրավերները, դժվարությունները սկզբում և ներկայումս:

Դիրք Շպլինտեր - Կարծում եմ՝ փորձը բավականին դրական է: Շատ ժամանակ չի անցել. մոտ 12 տարի է, ինչ Գերմանիայում գործում է իրավախախտի և տուժողի միջև հաշտարարության ինստիտուտը, սկզբում՝ փոքր, փորձնական ծրագրերի միջոցով՝ պարզելու համար, թե որքանով կաշխատի: Իրական մարտահրավեր էր համոզել իրավական համակարգի ներկայացուցիչներին (դատավորներ, դատախազներ և այլն), որ այն օգտակար կլինի: Բայց այժմ ինստիտուտը գործում է լայն մասշտաբով՝ ամբողջ Գերմանիայում, և կան իրավախախտի և տուժողի միջև հաշտարարության հազարավոր հաջողված դեպքեր:

Իսկ ո՞վ էր ինստիտուտի առաջ մղողը, ջատագովը:

Գեորգ Ալբերս – Իհարկե, քաղաքացիական հասարակությունը, գիտնականները և մի քանի քաղաքաքական ակտիվիստներ: Այո, գերազանցապես քաղաքացիական հասարակության անդամներն էին իշխանություններին համոզողները, որ դա օգտակար ու անհրաժեշտ կլինի:

Անկեղծ ասած, դա մինչ օրս էլ մարտահրավեր է: Իրավախախտի և տուժողի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում հաշտարարական ծառայություններ մատուցող կազմակերպությունները դեռ շարունակում են համոզել դատավորներին, դատախազներին և իրավաբաններին, որ նման նախաձեռնությունը լավ գաղափար է, քանի որ իրավական համակարգում աշխատողների համար բավականին անսովոր է վեճերի կարգավորման այլընտրանքային տարբերակը:

Դատավորները սովորաբար իրենց չեզոք ու անաչառ են կարծում և իրենց որոշումները կայացնում են՝ հիմնվելով օրենքի վրա: Նրանց համար բոլորովին նոր երևույթ է վիճող կողմերի անհատական ընկալումները, զգացմունքները հաշվի առնելը և գիտակցելը, որ դա վեճը հարթելու ճիշտ ուղի է:

Բոլոր այն դեպքում, երբ քաղաքացիական հասարակությանը հաջողվել է համոզել դատավորներին, իրավաբաններին ու դատախազներին, ձևավորվել է իսկապես դրական և հաջողված պրակտիկա: Ուստի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ դիրքորոշմամբ է նաև պայմանավորված, թե հաշտարարության գործընթացը որքանով կհաջողի:

Իսկ այսօր ո՞ր ոլորտներում է հաշտարարությունը գործում, ո՞ր հարաբերություններում: Եվ ինչպե՞ս է այն գործում:

Դիրք Շպլինտեր - Հաշվի առնելով դատական գործերի քանակը՝ կարծում եմ, որ իրավախախտի և տուժողի միջև հաշտարարությունն ամենամեծ ոլորտն է Գերմանիայում: Ամենայն հավանականությամբ, երկրորդ տեղում ընտանեկան հաշտարարությունն է, մասնավորապես, երբ հերթը հասնում է ամուսնալուծություններին և երեխայի խնամակալության շուրջ վեճերին:

Երրորդ տեղում հաշտարարությունն է կազմակերպությունների ներսում՝ լինի դա բիզնես թե շահույթ չհետապնդող կազմակերպություն: Անձնակազմի անդամների միջև առաջացող վեճերի դեպքում դիմում են հաշտարարների օգնությանը: Չորրորդ տեղում, հավանաբար, երկու կազմակերպությունների կամ ընկերությունների միջև առաջացող վեճերն են:

Գեորգ Ալբերս - Կարծում եմ, դպրոցական հաշտարարությունը ևս շատ լայն ոլորտ է: Եթե հաշվի առնենք աշակերտների միջև առաջացող բոլոր վեճերը, որոնք կարիք ունեն հաշտարարության հասակակիցների/դասընթակրների կողմից, և դրանք համարենք գործեր (case), ապա, կարծում եմ, որ դա ամենալայն ոլորտն է: Սակայն, դա հնարավոր չէ հաշվել, քանի որ համապատասխան վիճակագրություն չկա:

Դիրք Շպլինտեր – Ճիշտ է, դպրոցական հաշտարարությունը սկսել է գործել 1990-ականների կեսերից: Կարծում եմ, հիմա ունենք շուրջ 1000 դպրոցներ, որոնք օգտագործում են այս տեսակ հաշտարարությունը:

Գեորգ Ալբերս - Կարծում եմ, նույնիսկ՝ ավելի շատ: Իրականում դժվար է ասել, քանի որ չկան պաշտոնական տվյալներ: Բայց մոտավոր հաշվարկով, յուրաքանչյուր հինգերորդ դպրոցը ունի հաշտարարության ծրագիր:

Այսօր շատ տարածված պրակտիկա է դպրոցներում կոնֆլիկտների կառավարումն իրականացնել հասակակիցների կողմից հաշտարարության միջոցով: Դրա հիմնական գաղափարն այն է, որ հաշտարարությունը իրականացնում են ոչ թե ուսուցիչները, սոցիալական աշխատողները կամ էլ հոգեբանները, այլ հենց աշակերտները, ովքեր վերապատրաստված են հաշտարարություն իրականացնելու աշակերտների շրջանում. սովորաբար ավագները հաշտարարություն են իրականացնում կրտսեր դպրոցականների շրջանում: Դա շատ յուրահատուկ մոտեցում է խնդրին, և շատ-շատ արդյունավետ:

Ո՞րն է Հայաստան ձեր այցելության նպատակը, ի՞նչ հանդիպումներ ունեք, ի՞նչ արդյունքներ եք տեսնում: Արդյո՞ք մեր պաշտոնյաները պատրաստակամություն ունեն Հայաստանում զարգացնելու հաշտարարության ինստիտուտը: Եվ, որպես մասնագետներ, ի՞նչ խորհուրդ կտաք, ինչի՞ց սկսել:

Դիրք Շպլինտեր - Նախևառաջ, շատ ուրախ ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ունի Պրոբացիայի նորաստեղծ ծառայություն, և որ իրավախախտի և տուժողի միջև հաշտարարության օրենսդրական կարգավորումներն առկա են: Ուրախ ենք տեսնելու, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, և մասնավորապես «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը», պատրաստ են աջակցելու Արդարադատության նախարարությանը իրավախախտի և տուժողի միջև հաշտարարության իրականացման հարցում: Սա հսկայական առաջընթաց է:

Այսպիսով, մենք ուզում ենք այլ երկրների փորձն ու պրակտիկան ներկայացնել Հայաստանում շահագրգիռ կողմերին, որոշում կայացնողներին: Հույս ունենք, որ այն օգտակար կլինի հայերին հասկանալու համար, թե մոտավորապես ինչպես է համակարգը գործելու հայաստանյան իրականությունում մոտ ապագայում:

Մեր հիմնական խորհուրդն այն է, որ իրավախախտի և տուժողի միջև հաշտարարություն իրականացնող մարդիկ լինեն վստահելի և չեզոք: Եթե հաշտարարության ընթացքում կողմերը համոզված չեն, որ իրենց ասածը գաղտնի է պահվելու և հայտնի չի դառնալու դատական գործընթացի ժամանակ, պատրաստ չեն լինի դրան և ամբողջ ինստիտուտը չի գործի: Այսպիսով, գտնում ենք, որ հաշտարարության գործընթացի ամենակարևոր մասն է ապահովել, որպեսզի հաշտարարը լինի չեզոք, երկու կողմերը վստահեն նրան և համոզված լինեն, որ նա հաշտարարության ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը գաղտնի կպահի:

Այսինքն, առաջնային խնդիրը համապատասխան մասնագետներ ունենա՞լն է, ովքեր կտիրապետեն հաշտարարի մասնագիտական հմտություններին:

Դիրք Շպլինտեր – Այո:

Գեորգ Ալբերս - Ինձ համար տպավորիչ է՝ կոնֆլիկտների հաղթահարման այլընտրանքային ուղիներ գտնելու որքան մեծ պատրաստակամություն և մոտիվացիա կա այստեղ, ինչը շատ լավ է:

Իշխանությունների՞ կողմից, թե՞ քաղաքացիական հասարակության:

Գեորգ Ալբերս - Երկուսի կողմից էլ՝ թե՛ քաղաքացիական հասարակության, թե՛ պետական գործիչների, և երկուսն էլ անհրաժեշտ է: Կարծում եմ՝ գլխավոր առաջարկություններից մեկն այն է, որ անհրաժեշտ է համագործակցություն համատեղ աշխատանքային պլան մշակելու համար: Յուրաքանչյուր շահագրգիռ կողմ կարող է ունենալ իր դերը և խնդիրները, սակայն տարբեր ոլորտներում գործող հաշտարարության ինստիտուտի ստեղծումը պահանջում է բոլոր դերակատարների միջև համագործակցություն:

Երբեմն հեշտ չէ հասնել այդ արդյունքին, որովհետև կան տարբեր հեռանկարներ, տարբեր շահեր, կարիքներ, բայց միայն համատեղ աշխատելու դեպքում այն կարող է հաջողել: Դա է ցույց տալիս հաշտարարության ներդրման և զարգացման փորձը ոչ միայն Գերմանիայում, այլև հաշտարարության կայացած ինստիտուտ ունեցող այլ երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում:

Եվ վերջում, ի՞նչ կցանկանայիք ավելացնել Հայաստանում ստեղծվող այս նոր ինստիտուտի վերաբերյալ:

Գեորգ Ալբերս - Հայաստանը պետք է իր սեփական ուղով գնա: Իհարկե, կարևոր է այլ երկրների փորձն ուսումնասիրելը, բայց, վերջիվերջո, բոլոր շահագրգիռ կողմերը պետք է որոշեն, թե որն է իրենց գլխավոր առաջնահերթությունը, որը դրսից ոչ ոք չի կարող կանխատեսել կամ խորհուրդ տալ: Ուստի կարծում եմ, որ սա է հիմնական մարտահրավերը. որոշում կայացնողները, վերցնելով միջազգային փորձը, պետք է այն հարմարեցնեն հայաստանյան իրականությանը և կարիքներին, և ձևավորեն սեփական փորձը: Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, թե հատկապես ինչ եք վերցնում դրսից և ինչը պետք է զարգացնեք ինքներդ, դա մեծապես կախված է նրանից, թե ինչի կարիք ունեք:

Դիրք Շպլինտեր – Ես երևի կցանկանայի կիսվել մի կնոջ մասին պատմությամբ, ում ճանաչում եմ: Նա հաշմանդամ ու հոգեկան հիվանդությամբ տառապող երեխա ունի: Հանրային տարածքում ինչ-որ երիտասարդ երեխային նեղացրել և վիրավորել էր, ինչն այդ կնոջ համար շատ վիրավորական էր: Ու քանի որ նա շատ էր ազդվել, որոշեց հայց ներկայացնել այդ երիտասարդի դեմ: Դատավորը այս գործով հետաքրքիր, այսպես ասած՝ հաշտարարական որոշում կայացրեց: Երիտասարդից վիրավորանքի համար դրամական փոխհատուցում պահանջելու փոխարեն, ինչը, սովորաբար, նման բնույթի գործերի համար կիրառվող պատիժ է, կողմերը եկան համաձայնության, որ այդ երիտասարդը մեկ ամբողջ օր պետք է անցկացնի այդ կնոջ հետ, նրան իր երեխայի հետ միասին ուղեկցի հասարակական վայրերում, որպեսզի տեսնի և գիտակցի, թե ինչ դժվար է մոր համար այդպիսի երեխա մեծացնելը: Այդպես էլ արեցին: Կարծում եմ՝ այդ երիտասարդը շատ ավելին սովորեց իր ապագա կյանքի համար, որ միայն տուգանք վճարելով կամ ներողություն խնդրելով չէր գիտակցի իր սխալը: Ըստ իս, սա ոգևորող օրինակ է այն մասին, թե ինչու է անհրաժեշտ հաշտարարությունը ներառել արդարադատության համակարգում:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

Աղբյուրը՝ www.hra.am