Հարցազրույց

«Քայլ առ քայլ պիտի շարժվենք առաջ, արդյունքները կերևան ավելի ուշ»

25.12.2017

Հարցազրույց ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանի հետ:

Քանի՞ շահառու ունի ծառայությունը ներկայումս, քանի՞սն են կանայք և անչափահասներ, և ի՞նչ պատժատեսակների նկատմամբ է վերահսկողություն իրականացնում:

Ծառայությունում 2017թ. դեկտեմբերի 22-ի դրությամբ 3098 շահառու ունենք, որից 332-ը կին են, 48-ը՝ անչափահաս: Վերահսկողություն ենք իրականացնում հանրային աշխատանքների, տուգանք պատժատեսակի դատապարտվածների նկատմամբ, որոշակի գործունեությամբ զբաղվելու կամ որոշակի պատոններ զբաղեցնելու իրավունքից զրկված դատապարտյալների, ինչպես նաև այն դատապարտյալների, ում նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են կամ ում պատժի կատարումը հետաձգվել է: Հիմնականում սրանք են մեր շահառուները:

Պրոբացիայի ներդրման հայեցակարգով և պրոբացիայի օրենսդրությամբ նախատեսվում էր, որ Պրոբացիայի ծառայությունը պետք է գործի 4 փուլերում՝ մինչդատական, դատական, պենիտենցիար և հետպենիտենցիար, բայց ներկայումս գործում է միայն պենիտենցիար՝ պատժի կրման փուլում: Ինչո՞ւ:

Որովհետև դեռ օրենսդրական լուծումների անհրաժեշտություն կա: Պրոբացիայի օրենքով նախատեսված է, որ ծառայությունը պետք է վերահսկողություն իրականացնի այլընտրանքային խափանման միջոցների և անվտանգության միջոցների կիրառման դեպքում, սակայն համապատասխան փոփոխություններ պետք է արվեն Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում: Երբ որ նոր օրենսգրքերն ընդունվեն, այդ ժամանակ մենք կներգրավվենք: Հուսով ենք, որ եկող տարվա սկզբին այդ փոփոխությունները կընդունվեն:

Ծառայության գործարկումից՝ 2016 թվականի սեպտեմբերից մինչ օրս ի՞նչ ձեռքբերումներ եղան և ի՞նչ մարտահրավերներ կան, որ լուծման կարիք ունեն:

Պրոբացիայի ծառայությունը, ինչպես գիտեք, ստեղծվեց Քրեակատարողական ծառայության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հենքի վրա: Աշխատակիցների մի մասը մնաց, մի մասը՝ հրաժարվեց: Ամենակարևոր հիմնական խնդիրներից մեկն այդ անձնակազմի վերապատրաստումն էր, քանի որ աշխատանքի բնույթը փոխվել էր, նոր մոտեցում էր անհրաժեշտ:

Աշխատանքին զուգահեռ իրականացվել են վերապատրաստումներ՝ շեշտը դնելով նրա վրա, որ ծառայության աշխատակիցները ձեռք բերեն սոցիալական աշխատողի և հոգեբանի հմտություններ: Վերապատրաստումները կազմակերպվել են թե՛ միջազգային կազմակերպությունների, թե՛ հասարակական կազմակերպությունների, թե՛ քաղծառայության խորհրդի կողմից:

Հաջորդը այն գործիքների մշակումն էր, որոնք անհրաժեշտ են ծառայությանը նորովի աշխատելու համար՝ ռիսկերի և կարիքների գնահատման գործիքները, վերահսկողության պլանը... Նախկինում ինչպե՞ս էին աշխատում. վերահսկողության ընթացքում դատապարտյալները գալիս էին, ստորագրում էին ու գնում էին: Նրանց հետ ոչ մի աշխատանք չէր տարվում, որովհետև նման գործառույթ չուներ բաժինը:

Նոր օրենքի, նոր քաղաքականության պահանջներից ելնելով՝ պիտի գնահատում իրականացնենք, հասկանանք՝ տվյալ անձն ինչ է իրենից ներկայացնում, ինչ խնդիրներ ունի, ինչ կարիքներ ունի, որոնք հանգեցրել են հանցագործ վարքի, որի հիման վրա անձի հետ աշխատենք: Պրոբացիայի ծառայության հիմնական նպատակը, գործառույթը ոչ միայն վերահսկողություն իրականացնելն է, այլև անձի վերասոցիալականացումը և վերականգնումը: Պետությունը հնարավորություն է տալիս անձին, չի ազատազրկում, քանի որ ծանր հանցագործություն չի կատարել: Բայց դա չի նշանակում, որ նա պիտի մնա ազատության մեջ ու նրա հետ ոչ մի աշխատանք պիտի չտարվի: Եթե մարդ հանցագործություն է կատարել, ուրեմն ինչ-որ խնդիր ունեցել է, և այդ խնդիրը շարունակում է մնալ չլուծված: Ուրեմն պիտի աշխատել այդ խնդիրների լուծման վրա:

Ռիսկերի ու կարիքների գնահատման գործիքն ի՞նչ հնարավորություն է տալիս:

Ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը էլեկտրոնային հարցաթերթիկ է, որը մեզ հնարավորություն է տալիս հասկանալու, թե անձն ինչ խնդիրներ ունի՝ կրթության, աշխատանքի, բնակության վայրի, թե ընտանիքի հետ կապված: Հաջորդ փուլը վերահսկողության պլան մշակելն է, այսինքն՝ այն միջամտությունները, որոնք քայլ առ քայլ պիտի արվեն տվյալ անձի խնդիրները լուծելու համար: Ընթացքում պիտի հասկանանք՝ արդյունք տալի՞ս է, թե՞ ոչ, և եթե ուրիշ միջամտությունների կարիք կա, փոխենք վերահսկողության պլանը:

Չափահասների համար ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը մշակվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի, իսկ անչափահասների համար նույն գործիքը մշակվել է Արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Գործիքները դեռ ամբողջ ծավալով ներդրված չեն, ըստ էության, փորձարկման փուլում են: Նաև գործիքով աշխատելու համար վերապատրաստումների կարիք կա: Հուսով եմ, մոտ ժամանակներս այդ բոլոր հարցերը կլուծվեն, և ամբողջ ծառայությունը կսկսի օգտագործել այդ գործիքը:

Մյուս ձեռբերումը դատապարտյալների համար մասնագիտական ուսուցման սենյակների պատրաստումն է՝ որպես վերականգնողական ծրագիր: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» աջակցությամբ 3 սենյակ ենք պատրաստել՝ համակարգչային ուսուցման, տեսալուսանկարչական և թաղիքագործության: Բոլոր ցանկացողներին փորձում ենք մասնագիտություն սովորեցնել, որպեսզի հետագայում կարողանան եկամուտ ու զբաղվածություն ունենալ:

Որն է մեր խնդիրներից մեկը: Իհարկե, մենք հասարակական կազմակերպությունների միջոցով, մեզ հետ համագործակցող կառույցների միջոցով փորձում ենք լուծել վերականգնողական ծրագրերի հարցը, սակայն դա բավարար չէ: Որպեսզի մենք ցանկացած խնդրի դեպքում կարողանանք դատապարտյալին ուղղորդել, կլինի թմրամոլություն, ալկոհոլամոլություն, ագրեսիայի կառավարում կամ այլ ցանկացած խնդիր, մեզ պետք են շատ և բազմազան ծրագրեր, որպեսզի մենք կարողանանք արդյունավետորեն իրականացնել վերականգման աշխատանքները: Ռեսուրսների առումով դեռևս սահմանափակ է:

Ինչպե՞ս եք փորձում լուծել այդ խնդիրը:

Դեկտեմբերի սկզբին ձևավորվեց «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը, որին միացել են ակտիվ հասարակական կազմակերպություններ, որոնք փորձում են ինչ-որ կերպ աջակցել ծառայության կայացմանը: Նույն առաջարկությունը մենք արել ենք նաև պետական մարմիններին, հարցաթերթիկներ ենք ուղարկել՝ հասկանալու համար, թե ով ինչով կարող է աջակցել վերասոցիալականացման ծրագրերի հարցում: Հիմա պատասխանների ենք սպասում: Ամփոփելուց հետո, կարծում եմ, արդեն մյուս տարի ռեսուրսների քարտեզագում կանենք և ավելի հստակ կպատկերացնենք, թե որ խնդիրը ինչպես պիտի լուծենք, որովհետև, սովորաբար, վերականգնումը մեկ կամ երկու գործողություն չի ենթադրում. դա համալիր ծրագիր է, և պիտի կարողանանք բոլոր կարիքներին արձագանքել:

Այս տարի պիլոտային ծրագրով փորձարկվեցին նաև էլեկտրոնային մոնիթորինգի սարքերը: Ե՞րբ կկիրառվի էլեկտրոնային մոնիթորինգը:

Կառավարությունն արդեն հաստատել է էլեկտրոնային մոնիթորինգի և դրա ֆինանսավորման կարգը: 2018թ. ընթացքում նոր սարքավորումներ ձեռք կբերենք, 7-8 հոգանոց թիմ կվերապատրաստենք և կսկսենք կիրառել:

Ի՞նչ բնույթի հանրային աշխատանքներ են կատարում ծառայության շահառուները, և ի՞նչ խնդիրներ կան այս ոլորտում:

Աշխատանքը հիմնականում բանվորական է՝ կանաչապատում, ճանապարհային նշանների գծում, ներկում, հանրային տարածքների մաքրություն և աղբահանություն:

Մենք կարող ենք պայմանագիր կնքել և՛ առևտրային, և՛ ոչ առևտրային, և՛ տեղական ինքնակառավարման մարմնների հետ, որոնք պետք է հայտեր ներկայացնեն, թե ինչ աշխատանքի և աշխատողների կարիք կա, որի հիման վրա մենք ուղղորդում ենք: Ներկա պահին մենք ավելի շատ համատիրություններ և ՊՈԱԿ-ներ ենք ուղղորդում:

Բայց վերաբերմունքի խնդիր կա: Համայնքից կախված՝ տարբեր է արձագանքը: Երբեմն, երբ իմանում են որ այդ անձը դատապարտված է, հրաժարվում են, խուսափում են: Երևի պիտի բարձր մակարդակով հանձնարարական տրվի, որ չմերժեն, օգտագործեն այս մարդկանց աշխատուժը, ռեսուրսը: Քաղաքում աղբահանության խնդիր ունենք, հուշարձանների մաքրման, լվացման... մանկատներում, ծերանոցներում կարող են հանրային աշխատանք անել, ինչո՞ւ չօգտագործենք այս ռեսուրսը:

Ընդհանուր առմամբ, համակարգը աշխատում է, բայց հասարակության, գործատուների վերաբերմունքի հետ դեռ խնդիր ունենք: Խնդիրը դատապարտյալի պիտակավորման հարցն է: Եթե անձը դատապարտվել է, ուրեմն՝ վերջ... Բայց այդպես չի կարելի: Մարդուն պետք է հնարավորություն տալ, եթե հասարակությունը չօգնի, չաջակցի, որ այդ մարդը վերականգնվի, եթե սրտացավ չլինենք հասարակության յուրաքանչյուր անդամի համար, եթե դատվածություն ունեցող մարդուն պիտակավորենք, մերժենք, մեկուսացնենք, այդ մարդը նորից անելու է այն, ինչ արել է:

Այստեղ անելիք ունեն նաև լրատվամիջոցները՝ հասարակությանը պիտի իրազեկենք:

Ինչպե՞ս եք տեսնում ծառայության զարգացումը առաջիկա տարիներին:

Ես խոսեցի Պրոբացիայի ծառայության աշխատակիցների վերապատրաստումներից, որ իրականացնում ենք, սակայն պետք է նոր կադրերի պատրաստում: Այսօր Հայաստանում չկա որևէ ուսումնական հաստատություն, որտեղ կպատրաստվեն պրոբացիայի ծառայողներ: Դրա վրա պետք է ուշադրություն դարձնել:

Մարզային ստորաբաժանումների զարգացման ռազմավարություն պիտի մշակվի:

Նոր գործիքների ներդրման և տեխնիկական միջոցներով վերազինման անհրաժեշտություն կա՝ ստորագրության փոխարինում մատնահետքով և այլն:

Նաև անհրաժեշտ է ծառայության համալրում սոցիալական աշխատողներով և հոգեբաններով: Այսօր Պրոբացիայի ծառայությունում 77 հաստիք կա, բայց ունենք 3098 շահառու: Հաջորդ տարի լինելու է տեխնիկական զինում և նախատեսել են, որ ևս 31 հաստիք կավելանա, բայց ավելանալու են նաև գործառույթները մյուս փուլերում և մեծանալու է գործի ծավալը: Այս մասին պետք է լուրջ մտածել, որպեսզի աշխատանքի որակը չտուժի:

Համագործակցության զանցի ընդլայնման և զարգացման ուղղությամբ պիտի աշխատենք, որպեսզի ցանկացած դեպքով, ըստ կարիքի և անհրաժեշտության, մենք կարողնանք շահառուներին ուղղորդել:

Վերջում ի՞նչ կցանկանայիք հավելել:

Կարևոր ձեռքբերում եմ համարում այն, որ աշխատակիցները փորձում են նորովի մտածել, իրենց աշխատանքին փորձում են նայել ոչ թե քրեակատարողական ծառայողի տեսանկյունից, նոր պահանջներին համապատասխան: Կամաց-կամաց փոփոխությունը գալիս է:

Քայլ առ քայլ պիտի առաջ շարժվենք: Այս ոլորտում արագ արդյունքներ ակնկալելը մի քիչ իրական չէ: Տարբեր երկրներ, զարգացման որոշակի ճանապարհ անցնելուց հետո, եկել են այն եզրակացության, որ սա է լավ ու ճիշտ, այլ ոչ թե ազատազրկումը: Նրանց փորձը հաշվի առնելով՝ մենք ներդնում ենք, և ուզում ենք շատ շուտ ստեղծել շատ լավ ծառայություն, բայց այդպես չի լինում: Մենք ծառայության արդյունավետությունը կսկենք տեսնել երևի 3 տարի հետո, երբ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունը չի լինի, ազատազրկված կլինեն միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործները, իսկ մյուսները կլինեն պրոբացիայի շահառուներ և մենք կկարողանանք նրանց հետ աշխատել:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

Աղբյուրը՝ www.hra.am