Հարցազրույց

«Խոշտանգման գործերով քննությունն արդյունավետ չի իրականացվում»

25.12.2017

Հարցարույց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի [1] իրականացման համակարգող, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանի հետ:

Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձը ի՞նչ խնդիրներ է հայտնաբերել խոշտանգումների ոլորտում, ի՞նչ իրավիճակ է Հայաստանում:

Խոշտաանգումների հետ կապված առաջինը, թերևս, կարելի է նշել օրենսդրական բացերը և կարգավորման խնդիրները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ կային մի շարք գործեր, որտեղ դատարանն արձանագրել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 3-րդ հոդվածի խախտում, այն է՝ խոշտանգումների արգելքի:

ՄԻԵԴ-ը նախկինում հարց էր բարձրացրել, որ մենք խոշտանգումների կանխարգելման ոլորտում ունենք օրենսդրական բացեր, առաջին հերթին այն, որ մեր Քրեական օրենսգիրքը (ՔՕ) չէր նախատեսում խոշտանգման հանցակազմը:

Միջազգային չափանիշներով՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն, դա ոչ միայն ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքն է, այլև պիտի լինի հատուկ նպատակ և պիտի կիրառվի պետական իրավասու մարմնի կողմից կամ նրա գիտությամբ կամ համաձայնությամբ՝ այլ անձի կողմից: Իսկ մեր ՔՕ-ում կար 119-րդ հոդվածը՝ որպես խոշտանգում, որը սակայն մարդու դեմ ուղղված հանցագործություն էր, այսինքն՝ այն հստակ սահմանումը, որ տալիս էր Կոնվենցիան, մեր ներպետական օրենդրությունը չէր տալիս:

2015թ. ամռանը կատարվեցին օրենսդրական փոփոխություններ, և ՔՕ-ում ավելացավ նոր հոդված՝ 309.1՝ վերնագրվելով որպես խոշտանգում, իսկ նախկին 119 հոդվածը վերաձևակերպվեց որպես ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը արդեն մասնավոր սուբյեկտների միջև հարաբերություններում, ոչ թե պետական պաշտոնատար անձ և քաղաքացի հարաբերություններում:

Երկու տարուց ավելի ժամանակ է անցել, ինչպե՞ս է իրավիճակը փոխվել ՔՕ-ում «խոշտանգում» եզրույթը Կոնվոնցիայի պահանջներին համապատասխանեցնելուց հետո:

Չեմ կարող ասել, թե հոդվածի ընդունումը հանգեցրեց շատ խնդիրների լուծման, որովհետև հաջորդ հարցը բարձրացավ՝ այդ հոդվածի կիրառելիությունը: Ինչպե՞ս է այդ հոդվածը կիրառվում, արդյո՞ք այդ հոդվածը և պրակտիկան բավարար են, թե՞ ոչ. մեր կողմից անցյալ տարի կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս (այս տարվա ուսումնասիրությունը կամփոփվի 2018-ի սկզբին), որ ճիշտ է, մենք ունենք հոդված, սակայն շատ քիչ թվով՝ շուրջ 2-3 տասնյակ քրեական գործեր են հարուցված 309.1 հոդվածով, որոնց մեծ մասը կարճվել է, և շատ քիչ են այն գործերը, որոնք հասնում են դատարան: Ուսումնասիրության կատարման պահի դրությամբ չկային գործեր, որոնցով կար կայացված դատական ակտ՝ խոշտանգման հատկանիշներով:

Խնդրահարույց էին նաև իրավապահ մարմինների կողմից ներկայացվող նկատառումները, թե ինչու է այս հոդվածով վիճակագրությունը բավականին մտահոգիչ, որ դժվար է իրավապահ մարմիններին ապացուցել կամ ցույց տալ ֆիզիկական ուժեղ ցավը կամ հոգեկան ուժեղ տառապանքը՝ այդ ուժեղության աստիճանը, և հաճախ քրեական գործերը հարուցվում են և արարքները որակվում են ոչ թե որպես խոշտանգում, այլ ՔՕ 309-րդ հոդվածի հատկանիշներով՝ որպես պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազրությունները անցնել: Սա էլ բերում է վիճակագրության վարման և գործերի հարուցման հետ կապված բազմաթիվ խնդիրների:

Երբ խոսում ենք խոշտանգումներից, հաճախ հասկանում են դաժան ծեծը և ֆիզիկական բռնությունը, ինչպե՞ս կարող է դրսևորվել խոշտանգումը:

Այո, երբեմն խնդիր է նաև խոշտանգման եզրույթի սխալ ընկալումը, որ խոշտանգումը պարտադիր ծեծն է և այլն: Բայց խոշտանգումը բազմաբնույթ, բազմաշերտ հասկացություն է, դրսևորվում է տարբեր ձևերով, տարբեր կերպ: Հասկացության տակ ոչ միայն պետք է հասկանալ անձի նկատմամբ ֆիզիկական բռնությունը, այլ նաև, օրինակ, անձանց առողջական խնդիրներին լուծում չտալը, հոգեբանական վերաբերմունքը, անբավարար նյութակենցաղային պայմանները և այլն: Սրանք բոլորը կարող են հանգեցնել խոշտանգման և վատ վերաբերմունքի:

Միևնույն վերաբերմունքը և պայմանները, կախված սեռից, տարիքից, առողջական վիճակից, մի անձի դեպքում կարող են հանգեցնել վատ վերաբերմունքի, մեկ այլ անձի դեպքում՝ խոշտանգման:

Ինչո՞ւ է դժվար խոշտանգման դեպքերի բացահատումը, որը բերում է անպատժելիության մթնոլորտի ստեղծման:

Որովհետև խոշտանգումների դեպքերի բացահայտումը բավականին բարդ գործընթաց է: ՄԻԵԴ-ը Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ստացված բողոքները քննարկելիս, քննարկում է ոչ միայն բուն խոշտանգման տեսանկյունից, այլև՝ գործերի քննության արդյունավետության տեսանկյունից, և, այս առումով, շատ են Հայաստանի դեմ գործերով պարտությունները:

Ինչո՞ւ, որովհետև ցանկացած դեպքում, երբ անձը հայտարարություն է ներկայացնում իր նկատմամբ ենթադրյալ խոշտանգման դեպքով, քննությունն ունի որոշակի չափանիշներ: Առաջին հերթին խոշտանգման ցանկացած դեպքով պատշաճ և ժամանակին բժշկական զննության, խոշտանգման դեպքի արձանագրումն է անկախ բժշկի կողմից:

Պատշաճ բժշկական զննության առումով մենք բազմաթիվ խնդիրներ ունենք ինչպես օրենսդրական, այնպես էլ՝ գործնական մակարդակում: Խոսքը միայն քրեական վարույթի շրջանակներում իրականացվող դատաբժշկական փորձաքննության մաին չէ, այլ, օրինակ, անձը, գտնվելով ազատությունից զրկման վայրում, հայտարարում է, որ իր նկատմամբ կիրառվել է խոշտանգում կամ վատ, անմարդկային վերաբերմունք: Առաջին արձագանքը պետք է լինի վնասվածքների արձանագրումը անկախ բժշկի կողմից: Արձանագրումը պետք է լինի միջազգային չափորոշիչների համաձայն՝ վնասվածքների հստակ նկարագրմամբ, դրանց լուսանկարահանմամբ, անհրաժեշտության դեպքում՝ տեսանկարահանմամբ, որին չպետք է մասնակցի պետական որևիցե մարմնի ներկայացուցիչ, այդ թվում՝ ոստիկանության կամ քրեակատարողական հիմնարկի աշխատակից: Անձը պետք է մենակ լինի բժշկի հետ, հնարավորություն ունենա անձամբ, անարգել զրուցել բժշկի հետ, կաշկանդված չլինի խոսելու իր նկատմամբ կիրառված ոտնձգության մասին: Բշկի կողմից տրված եզրակացությունը պետք է լինի անկախ, ամբողջական, որը պետք է հիմք հանդիսանա հետագայում վարույթի շրջանակներում փորձաքննություն նշանակելու և այլն:

Խնդիրներ են արձանագրվել ՄԻԵԴ-ի կողմից, որ անկախ բժշկի կողմից զննությունը կա՛մ չի իրականացվում, կա՛մ իրականցվում է ոչ պատշաճ ժամկետներում, երբ որ այդ վնասվածքները արդեն հնարավոր չէ արձանագրել, և ստեղծվում է մի իրավիճակ, երբ գործում միակ ապացույցները մի կողմից աձի ցուցմունքն է առ այն, որ իր նկատմամբ վատ վերաբերմունք է եղել, մյուս կողմից՝ իրավապահ մարմնի աշխատողի ցուցմունքն առ այն, որ ինքը բռնություն չի գործադրել, և այս դեպքում ճշմարտությունը բացահայտելը գրեթե անհնար է դառնում այն պարագայում, երբ պատշաճ բժշկական զննություն չի իրականացվել:

Անաչառ, անկողմնակալ բժշկի կողմից պատշաճ և ժամանակին իրականացված զննությունը կարող է լուրջ կշիռ ունենալ խոշտանգումների կանխարգելման համար: Այս խնդիրը բարձրացվել է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան և արտահերթ զեկույցներում և արվել են համապատասխան օրենսդրական փոփոխությունների առաջարկներ:

Հաջորդ կարևոր հարցը խոշտանգումների կանխարգելման ոլորտում փաստաբանի ժամանակին և արագ հասանելիությունն է, փաստաբանի ազատ մուտքը և շփումն իր պաշտպանյալի հետ: Փաստաբանի ներկայությունն, ինքնին, կարող է լուրջ խթան լինել անձի նկատմամբ վատ վերաբերմունքի բացառման համար:

Հուլիսյան (ՊՊԾ գնդի) դեպքերը ցույց տվեցին, որ փաստաբանների անարգել մուտքի հետ կապված կա խնդիր: Մարդու իրավունքների պաշտպանը հանդես եկավ արտահերթ հրապարակային զեկույցով, որտեղ բարձրացված խնդիրներից մեկն էլ փաստաբանի անարգել մուտքի իրավունքն էր ազատությունից զրկման վայրեր, իսկ փաստաբանի անարգել մուտքը չափազանց կարևոր է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման տեսանկյունից:

Դրա համար այս տարի մենք ինքներս ձեռնամուխ եղանք օրենդրական փոփոխությունների փաթեթի մշակմանը: ՔՕ համապատասխան հոդվածում առաջարկել էինք փոփոխություն կատարել՝ նախատեսելով փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու ընդհանուր հոդված՝ ցանկացած անձի կողմից փաստաբանի գործունեությունը խաչընդոտելը, 2-րդ մասով՝ ավելի խիստ պատասխանատվություն պաշտոնատար անձանց կողմից փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար և 3-րդ մասով՝ առավել խիստ պատասխանատվություն ազատությունից զրկման վայր փաստաբանի մուտքը խոչընդոտելու՝ իր պաշտպանյալին տեսակցելու համար, որպեսզի բացառվեն նման դեպքերը:

Պաշտպանի կայքում զետեղված գրավոր և բանավոր ահազանգերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2016թ. ստացված 5000-ից ավելի դիմում բողոքների մեծ մասը եղել է ոստիկանության և քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ: Ունե՞ք վիճակագրություն, թե դրանցից որքա՞նն են խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի մասին և ի՞նչ բնույթի իրավախախտումներ են դրանք:

Ես կդժվարանամ թվեր և տոկոսային հարաբերություններ նշել, որովհետև անհատական դիմումներով վարչությունն այլևս չի զբաղվում, զբաղվում է Արագ արձագանքման ստորաբաժանումը:

Կարող եմ ասել, որ մեր ուսումնասիրություններով քրեակատարողական հիմնարկներում բավականին մեծ թիվ են կազմում առողջապահական խնդիրների վերաբերյալ բողոքները, օրինակ՝ չի իրականացվում անձի վիրահատությունը, կամ ձգձգվում է, անձին չեն տրամադրվում իրեն անհրաժեշտ դեղերը, հնարավորություն չի տրվում կամ ուշացումով է իրականացվում անձի տեղափոխումը քաղաքացիական հիվանդանոց կամ Դատապարտյալների հիվանդանոց:

Ես կարող եմ նշել, թե ինչի վրա ենք ուշադրություն դարձնում մոնիթրինգ իրականացնելիս, ինչ հիմնական խնդիրներ կան ազատազրկման վայրերում, որոնք հանգեցնում են խոշտանգման և վատ վերաբերմունքի: Առաջին հերթին՝ պահման պայմաններին, սանիտարահիգիենիկ վիճակին, պատշաճ սննդի ապահովմանը, անձանց նկատմամբ խտրականության բացառմանը, պատշաճ բուժօգնության տրամադրմանը, արտաքին աշխարհի հետ կապին:

Լուրջ խնդիրներ կա զբաղվածության ապահովման հետ կապված. դասընթացների, վերապատրաստումների, նպատակային զբաղվածության ապահովման հարցը, որպեսզի անձինք հնարավորություն ունենան ազատությունից զրկման վայրը լքելուց հետո գտնելու աշխատանք, հետ վերադառնալու հասարակություն, և բացառվի կամ նվազեցվի նրանց կողմից կրկնահանցագործության ռիսկը:

Կա գերբնակեցման խնդիր, տեղաբաշխման հետ կապված խնդիր: ՔԿՀ-ից և հիմնարկից կախված՝ խնդիրները և իրավիճակները տարբեր են:

Սրանք այն գլոբալ խնդիրներն են, որոնց վրա մենք ամեն այցի ժամանակ ուշադրություն ենք դարձնում: Եվ ես չեմ կարող առանձնացնել, թե դրանցից որն է ավելի հրատապ, քանի որ բոլորը փոխկապակցված են միմյանց: Բոլոր խնդիրներն ունենք:

Ի՞նչ է անհրաժեշտ խոշտանգումների և վատ վերաբերմունքի երևույթի դեմ պայքարելու համար: Նշեցիք օրենսդրական բացերը, որոնք գործնականում բերում են լուրջ խնդիրների: Բայց արդյո՞ք միայն օրենդրությունը փոխելով կարելի է հասնել ցանկալի արդյունքի:

Իհարկե ոչ, ոլորտին միշտ պետք է համակարգային տեսանկյունից նայել: Դա ինչպես իրավապահ մարմինների աշխատողների պատշաճ կրթությունն է, պատշաճ վերապատրաստումն է, լայն հասարակության մեջ իրավագիտակցության մակարդակի բարձրացումը խնդրի հետ կապված, ոլորտի դասընթացների, վերապատրաստումների թիրախային և շարունակական կազմակերպումը, այսինքն՝ դասընթացները պետք է կազմակերպել ամենաբարձր մակարդակից սկսած մինչև ամենաստորին օղակի աշխատողը: Բոլորը պիտի տեղեկացված լինեն խոշտանգումների բացարձակ արգելքի մասին, պիտի տեղյակ լինեն՝ ինչ է խոշտանգումը, որոնք են դրա դրսևորումները, պիտի քաջատեղյակ լինեն ՄԻԵԿ, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի, ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի բոլոր չափանիշներին, մոտեցումներին, Ստամբուլյան արձանագրությանը:

Պիտի պատասխանատվության հստակ մեխանիզմներ լինեն: Պատասխանատվությունը պիտի ոչ միայն օրենքի մակարդակում ամրագրված լինի, այլև, ամենակարևորը, պիտի անխուսափելի լինի: Անհրաժեշտ է պրակտիկայի վերանայում, խոշտանգումների գործերի նկատմամբ շատ ավելի խիստ ուշադրություն, խոշտանգման ենթադրյալ դեպքերի քննության արդյունավետության բարձրացմանն ուղղված մեխանիզմներ:

Այ սրանք են, որ իրենց համակցության մեջ կարող են բերել ոլորտում առկա իրավիճակի փոփոխությանը: Մեկ կամ երկու փոփոխությամբ խնդրի ընդհանուր լուծման հնարավոր չէ հասնել:

Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտը պաշտպանի խիստ ուշադրության ներքո է գտնվում: Մենք նման հաստատություններից ստացված խնդիրներին, ահազանգերին արձագանքելով և մշտական մոնիթրինգով ոչ միայն փորձում ենք լուծել մեզ դիմած կոնկրետ անձանց խնդիրները, այլև գտնել այդ խնդիրների ծագման հիմքերը, և պայքարել ոչ միայն կոնկրետ խնդրի լուծման, այլև՝ արմատական լուծումներ գտնելու համար:

Իսկ պաշտպանի ռեսուրսները հնարավորություն տալի՞ս են բոլոր խնդիրներին և դեպքերին արձագանքել:

Պետական մարմինները, ում գործողությունների կամ անգործության դեմ մարդիկ բողոքներ են ներկայացնում Պաշտպանի աշխատակազմին, անհամեմատ ավելի շատ են քան Պաշտպանի աշխատակազմն է: Վերջին օրենսդրական փոփոխություններից հետո մենք հնարավորություն ստացանք մեր աշխատակազմը համալրել, բայց մենք միշտ ունենք ռեսուրսների ավելացման, ամրապնդման խնդիր: Աշխատանքի ծավալի տեսանկյունից անում ենք մեր ուժերի ներածի սահմաններում առավելագույնը: Մեզ մոտ կա այսպիսի սկզբունք, քանի դեռ ունենք գործ, բոլորս աշխատավայրում ենք:

Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի

[1] Կանխարգելման ազգային մեխանիզմի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարը ՀՀ-ում. պետական և հասարակական կառույցներ» հոդվածում:

Աղբյուրը՝ www.hra.am