Տեսանկյուն

«Մարտի 1–ի սպանության գործերով հետաքննություն արված չէ»։

08.02.2010

Երևանում գտնվող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենը և Միջին Ասիայի և Արևելյան Եվրոպայի հարցերով պատասխանատու Ալեքսանդրա Կուլաևան անցած ուրբաթ հանդիպել են Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլի 6-8-ը Երևանում կայանալիք «Արդարադատություն, Նորմարտահրավերներ» խորագրով Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաշխարհային համաժողովին նախարարի մասնակցության հարցին։ FIDH-ի ներկայացուցիչները նախարարի ուշադրությունն են հրավիրել 2008 թ-ի մարտի 1-ին զոհված տասը քաղաքացիների սպանության հանգամանքներին՝ նկատելով, որ «սպանության դեպքերից և ոչ մեկով մինչ օրս հետաքննություն արված չէ»։ Նախարարին ներկայցրել են նաև Նիկոլ Փաշինյանի և Սաշա Դավթյանի գործը։

«Մեր հանդիպման վերջում ես ասացի, որ ցանկանում եմ Սաշա Դավթյանին և Նիկոլ Փաշինյանին տեսնել, քանի որ իմ առաջնային նպատակն է լինել զոհերի կողքին»,-ասում է Սուեր Բելասենը։

Տիկին Բելասենը նախարարի ուշադրությունը հրավիրել է հանգամանքին, որ իր կարծիքով, Նիկոլ Փաշինյանի դատավճիռը բավականին խիստ է, ինչն էլ խանգարում է, որպեսզի նրա նկատմամբ համաներում կիրառվի։ Որ Փաշինյանը զրկված է եղել համաներումից օգտվելու հնարավորությունից, չնայած այն բանին, որ իշխանությունները խոստացել էին համաներում կիրառել։

Իրավապաշտպանը նախարարի հետ զրույցում մասնավորապես ընդգծել է, որ անկախ այն բանից, թե ինչ հանցանքի մեջ են մարդուն մեղադրում, միևնույնն է նա ունի արդար դատաքննության և գործի լուրջ ու օբյեկտիվ հետաքննության իրավունք։

«Ի պատասխան նախարարն ասաց, որ Փաշինյանին մեղադրանքը բավականին լուրջ է, և պատիժը իրեն անհամաչափ չի թվում, այսուհանդերձ, նա մեզ հասկացրեց, որ համաներումը կարող էր կիրառվել և հնարավոր է դեպքերի նոր զարգացում՝ ուղղակի պետք է աշխատել այդ ուղղությամբ», նախարարի խոսքը ներկայացրեց միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահը։

Տիկին Բելասենը նախարարին ներկայացրել է նաև Սաշա Դավթյանի դեպքը, ով անցած տարվա դեկտեմբերին մասնակի արդարացվեց Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից։

«Մեզ համար այս դեպքը առանձնակի ուշադրության կարիք ուներ, քանի որ ցուցմունքներ ստանալու նպատակով կատարված բռնության փաստերը ընդունվել էին անգամ դատարանի կողմից և դատարանը չկայացրեց այն վճիռը, որը պահանջել էր մեղադրող կողմը։ Ակնհայտ է, որ և՛ մեղադրյալի, և՛ տուժող վկաների հանդեպ ցուցաբերվել է վատ վերաբերմունք», ասում է տիկին Բելասենը, ով խնդրել է նախարարին այս փաստերը ներկայացնել նաև գլխավոր դատախազին։

«Երբ գործում ի հայտ են գալիս այնպիսի փաստեր, ինչպիսիք չի հերքում նաև դատարանը, անհրաժեշտ է օբյեկտիվ քննությունն, և որ մեղավորները պետք է անպայման պատասխանատվության ենթարկվեն։ Մինչև նման իրողությունները չընդունվեն ի գիտություն, խոսել արդարադատության մասին դեռ վաղ է», համոզված է իրավապաշտպանը։

Նույն համատեքստում ներկայացվել է նաև Գուլյանի գործը, որին FIDH-ը Քաղաքացիական հասարակության հետ միասին սկսել է հետևել է դեպքից անմիջապես հետո։

«Գուլյանի ընտանիքն այսօր դարձյալ հերթական անհաջողությունն ունեցավ դատարանում, մինչդեռ այդ հանցանքի մեղավորները անպատիժ են մնում։ Արդարադատության նախարարին այս դեպքի առթիվ ասացինք, որ այստեղ ևս գործ ունենք անպատժելիություն կոչվող երևույթի հետ, որը ազդեցիկ «մեսիջ» է ոչ միայն կոնկրետ այս դեպքի առումով, այլև նման մյուսների։ Նմանատիպ հարցերին մենք անդրադառնալու ենք նորից ու նորից», խոստացավ տիկին Բելասենը։

Նախարարի հետ քննարկել են նաև Պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով անկախ հանձնաժողովի հետ կապված իրենց մտահոգությունները, որ «հանձնաժողովը լիարժեքորեն չի իրականացնում իրեն վերապահված գործառույթներըշ։»

Նախարարը բավականին ուշադիր լսել է հանձնաժողովի գործունեության վերաբերյալ փաստարկները։ Գևորգ Դանիելյանը նշել է, որ առաջընթաց այս ոլորտում անհրաժեշտ է, և որ իրենք այդ ուղղությամբ աշխատում են։ Նախարարը նշել է նաև, որ հանձնաժողովի ստեղծումն, այդուհանդերձ, մեկ քայլ առաջ է, քանի որ նման որոշումները նախկինում ընդունվում էին դատարաններում, ինչն իր հետ բերում էր կոռուպցիոն ռիսկեր։

«Նա ընդունեց մեկ իրողությունը, այն է՝ հանձնաժողովի որոշումների վիճարկման անհնարինությունը ստեղծում է բարդ իրավիճակ և այդ կետը պետք է վերանայել», նախարարի խոսքը ներկայացրեց տիկին Բելասենը։

Իրավապաշտպանի գնահատմամբ Արդարադատության նախարարի հետ զրույցը բաց էր և արդյունավետ։ «Սակայն բնական է, որ որոշ հարցերում մեր կարծիքները չէին համընկնում։ Մասնավորապես՝ մարտի 1-ի դեպքերի հետևանքով զոհված տասը քաղաքացիների ու խոշտանգումների հետ կապված դեպքերի առումով»։

Սակայն միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահը համոզմունք հայտնեց, որ «խոշտանգումների ու բռնությունների դեպքերի պատասխանատուն հենց պետությունն է»։

«Այս հարցերը բարձրաձայնում ենք միջազգային համաժողովին ընդառաջ, քանի որ բոլոր այդ դեպքերի վերաբերյալ քննարկումներ են լինելու հենց համաժողովի շրջանակներում»։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահը մեկ անգամ ևս անդրադարձավ ապրիլի 6-8-ը սպասվող մարդու իրավունքներին նվիրված միջազգային համաժողովին։

«Իհարկե, նման համաժողովի անցկացումը կարող է տարբեր կերպ ներկայացվել ու մեկնաբանվել, սակայն ուզում եմ ասել, որ այն առաջին հերթին, իրավապաշտպանների հավաք է, միջոց է, որպեսզի նրանք մեկտեղվեն ու խոսեն մարդու իրավունքների պաշտպանությունից։

Մեզ համար շատ կարևոր է, որ Կառավարությունը «ժեստ» է անում համաժողովին մասնակցություն ունենալու առումով։ Բայց դա չի նշանակում, որ մենք կառավարության կամ թե ընդդիմության կողմն ենք։ Սա ապաքաղաքական համաժողով է, որտեղ իրվապաշտպանները հանդիպելու են խոսելու ապաքաղաքական թեմաների շուրջ։

Քաղաքականացված հասարակությունը, ինչպիսին Հայաստանում է, հաճախ մեզ հարց է տալիս դուք իշխանության կողքի՞ն եք, թե՞ ընդդիմության։ Մենք իրավապաշտպան կազմակերպություն ենք, որի նպատակն է արդարադատության իրականացումն աշխարհում։

Այն հանգամանքը, որ համաժողովի բացմանը հրավիրել ենք Հայաստանի նախագահին, փաստում է մի բան, որ մենք յուրօրինակ կամուրջ ենք քաղաքացիական հասարակության, իշխանության և արդարադատության ինստիտուտների միջև»:

Ժաննա Ալեքսանյան

Հ․Գ․ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը և Միջին Ասիայի և Արևելյան Եվրոպայի հարցերով պատասխանատու Սաշա Կուլաևան փետրվարի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել են դատապարտյալ Սաշա Դավթյանի հետ։

Աղբյուրը՝ www.hra.am