Տեսանկյուն

Դատախազությունը մերժում է մարտիմեկյան զոհերի հարազատներին

18.02.2010

Հայաստանի գլխավոր դատախազությունը մերժել է մարտիմեկյան զոհերի հարազատների դիմում-բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

«ՀՀ հատուկ քննչական  ծառայության անգործությունը վիճարկելու և տուժողների և նանց իրավահաջորդների իրավունքների խախտման փաստը ճանաչելու պահանջի մասին» բողոքը մերժել անհիմն լինելու պատճառով»,- գրված է դատախազության պատասխան նամակում:

Զոհերի հարազատները վիճարկում են Հատուկ քննչական ծառայության անգործությունը։ Բողոքում գրված է, որ սպանությունների առիթով քրեական գործեր դեռևս չեն հարուցվել, իսկ զոհերի հարազատները տուժողի իրավահաջորդ են համարվել դեպքից 4-5 ամիս անց։ Չի կատարվել դեպքի վայրի զննություն և նկարահանում, նախաքննությամբ չի պարզվել, թե ո՞ր ոստիկանական ստորաբաժանումներն են գտնվել դեպքի վայրում, փորձաքննության չեն ենթարկվել միջոցառմանը ներգրավված բոլոր ոստիկանական ստորաբաժանումների հրազենները, իսկ նախաքննական մարմինը տուժողների իրավահաջորդներին չի ներկայանցում քննության նյութերը, որոնք հնարավորություն կտան վերջիններիս պաշտպանելու իրենց իրավունքները և բողոքներ ու միջնորդություններ ներկայացնելու։ 

Մարտիմեկյան զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանն ասում է, որ իրենք ի սկբանե համոզված էին, որ դատախազությունը մերժելու է, բայց իրենց համար անսպասելի էր, որ մերժումը կլինի չհիմնավորված։ 

«Իշխանությունը ժամկետի տեսակետից խաղ  է անում մեզ հետ, որ Եվրադատարան չհասնենք,- ասում է տիկին Ալլան,- Մենք ոչ մի ատյանից ոչ մի բան չենք սպասում, էլի կհամբերենք, իշխանության հետ էլ հույսեր չենք կապում, քանի որ իրենք են մեր զավակներին սպանել։ Մենք բողոքելու ենք այնքան, որքան պետք է»։

Նրա խոսքով՝ իրենք պատրաստվում են նամակներով դիմել նաև ԵԽԽՎ մոնիտորինգի հայաստանյան խմբի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին ու Ժորժ Կոլումբիեին։ Բողոք - դիմումին միացել են մարտի մեկի 10-ը զոհերից 9-ի իրավահաջորդները. միայն ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանի հարազատները չեն միացել՝ հիմնավորելով, որ կորցրել են հավատը ամեն ինչի նկատմամբ։

Դատապաշտպան, զոհերի հարազատների լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն ասում է, որ բողոքը հիմնավորված է Սահմանդրության 18, 19 (կյանքի և խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից  զերծ լինելու իրավունքի), «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների  պաշտպանության մասին» կոնվենցիայի 2, 3, 6, 13 (Այս հոդվածները նախատեսում են իրավունքի անմիջական պաշտպանություն պետության, ոչ թե առանձին անձանց գործողություններից, իսկ 2-րդ հոդվածը, հատկապես, անհատին պաշտպանում է պետության կողմից կամայականորեն կյանքից զրկելուց) և «Քրեական դատավարության» օրենսգրքի 59, 103-րդ հոդվածներով։

Դատապաշտպանի խոսքով՝ դատախազությունը չի հիմնավորել իր մերժումը, և ինքը կրկին դիմել է դատախազություն՝ պահանջելով ներկայացնել բողոքի մերժման հիմքերը։

«Բողոքում շարադրված փաստարկները հիմնավորված են Կոնվենցիայի և մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով,- մեկնաբանեց Զեյնալյանը,-Բողոքում նշված փաստարկները հավասարապես վերաբերում են  ՀՀ Սահմանադրությանն ու սահմանադրական նորմերի մեկնաբանություններին՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքով»։

Հայաստանը կոնվենցիան վավերացրել է 2002թ. ապրիլի 26-ին։ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով միջազգային պայմանագրերը Հայաստանի իրավական համակարգի մի մասն են կազմում։
Զոհերի հարազատների այս դիմում - բողոքը Գլխավոր դատախազությանն ուղարկվում է 2-րդ անգամ։ Առաջին անգամ դեկտեմբերին դատախազությունը այն քննության չվերցրեց՝ հիմնավորելով, որ Արտակ Զեյնալյանը չունի Հատուկ քննչական ծառայության կողմից հաստատված լիազորագիր' տուժողների իրավահաջորդների շահերը ներկայացնելու համար։Իսկ երբ Զեյնալյանը ստացավ անհրաժեշտ փաստաթղթերն ու  նորից ներկայացրեց դիմումը, գլխավոր դատախազությունը մերժեց՝ զոհերի հարազատների վկայակոչած փաստերը անհիմն համարելով։ 

Ըստ դատապաշտպանի՝ չնայած դատախազությունը պարտավոր էր մերժման հիմքերն ուղարկել, այնուամենայնիվ ինքը կրկին դիմել է դատախազություն՝ մերժման որոշումներն անհապաղ ներկայացնելու պահանջով։ Դատախազությունը պարտավոր է պատասխանել նամակին եռօրյա ժամկետում, որը լրանում է փետրվարի 18-ին։

Քրիստինե Վարդանյան 

Աղբյուրը՝ www.hra.am