Տեսանկյուն

Մենք նրանց կողքին ենք, ովքեր տառապում են

05.04.2010

Ապրիլի 5-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտում»  Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի /FIDH/ նախագահ տիկին Սուեր Բելասենի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում մարտի 1-ի զոհերի հարազատների հետ։

Զոհերի հարազատները տիկին Բելասենին  պատմեցին դեպքերի մանրամասներ։ Նրանք փաստեցին, որ իրենց որդիները բախման հետևանքով չեն զոհվել, այլ խաղաղ ցույցի էին դուրս եկել ու կրակոցներից զոհվել իրենց իսկ մայրաքաղաքի կենտրոնում՝ խաղաղ պայմաններում։

Զոհվածներից՝ Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը նշեց, որ թեպետ արյունալի դեպքերից անցել է երկու տարի, սակայն  սպանությունները դեռ բացահայտված չեն։

«Դատախազությունը, իրավապահ մարմինները ոչնչով չեն զբաղվում, ընդհակառակը՝ անընդհատ ուզում են փակել Մարտի 1-ի էջը։ Իմ որդին ո՛չ զենք է ունեցել, ո՛չ լոմ, ո՛չ բենզին։ Մի՞թե խաղաղ ցուցարարին սպանում են»։

Սամվել Հարությունյանի հայրը պատմեց, որ իր որդին հայտնաբերել է մարտիմեկյան դեպքերից 3 օր անց՝ մարտի 4-ին՝ հիվանդանացում՝ անճանաչելի վիճակում, իսկ 41 օր անց նա մահացել է։

«Քրիստոնեական կրոնի համաձայն, այսօր մեռելոց է, և մենք պիտի գերեզման գնայինք, բայց եկել ենք այստեղ հավատով, որ դուք այս հարցին ճիշտ լուծում կտաք»,-ասաց Սամվել Հարությունյանի հայրը։

Գոռ Քլոյանը ծնողները նշեցին, որ Գոռը իրենց միակ որդին է եղել, ով երկու երեխա  թողել որբ, որից մեկին 40 օրական։

«Մինչև հիմա էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու իմ որդին այդ օրը տուն չվերադարձավ,  չէ՞ որ նա տանից առանց զենքի էր դուրս եկել»,- հարցնում էր Գոռ Քլոյանի մայրը։

Զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը արցունքները աչքերին դիմեց տիկին Բելասենին․

«Ախր, իմ երեխան 18 տարեկան էր, ոստիկանական զորքերի զինծառայող։  40 օր անգիտակից պառկած էր, 19 -ամյակը հենց հիվանդանոցում լրացավ։ Եթե իմ որդին զոհվեր սահմանի վրա կամ ռազմի դաշտում, կմտածեի, որ հայրենիքի համար տվեցի։ Ես նրան հայրենիքի պաշտպան էի ուղարկել։ Քաղաքի կենտրոնում ո՞վ սպանեց իմ զինվորին»։

«Չերյոմուխա-7» հատուկ միջոցից զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝  Ալլա Հովհաննիսյանը նշեց.

«Այդ զենքը՝ Չերյոմուխան, օգտագործել են 4 ոստիկաններ, բայց նրանք այսօր էլ աշխատում են ոստիկանական համակարգում ու անգամ որպես կասկածյալ չեն հարցաքննվել»։

Դավիթ Պետրոսյանի մայրը վստահ է, որ իր որդու և մյուս զոհերի մահը բախման հետևանք չէր․

«Մարդը մարդուն, որ փողոցում էլ բախվի, չի մահանա։ Քաղաքում այդ օրը զորք կար, տանկեր, զինված ոստիկաններ»։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ տիկին Սուեր Բելասենը լսելով զոհերի ծնողներին՝ ասաց․

«Ես մայր եմ, նաև տատիկ, և այն տարիքները, որ դուք նշում էինք՝ 18, 23, 28, 35 տարեկան, հասկանում եմ, թե որքան ցավալի է Ձեզ համար՝որպես ծնողներ։ Դուք ապրում եք այդ վիշտը Ձեր հոգում, այդուհանդերձ պետք է օգնել Ձեզ արդարադատությամբ և ճշմարտությամբ։ Դա Ձեր ցավն է, ճիշտ է, սակայն մեր աշխատանքն է գտնել ճշմարտությունը և վեր համել այն։ Դա մեր աշխատանքն է այստեղ և ողջ աշխարհում։ Հասկանում եմ, որ դա Ձեր ցավը չի մեղմացնի, սակայն, գիտակցում, որ գործի բացահայտումը կօգնի Ձեզ»։

Տիկին Բելասենը ընդգծեց, որ նմանատիպ իրավիճակներում հայտնված որոշ երկրներում իրենց կազմակերպությունը հասել է նրան, որ պատժվեն մեղավորները՝ ընդհուպ մինչև նախագահներ։ Եվ եթե նրանք իրենց երկրի ներսում չեն կանգնել դատարանի առաջ, ապա դա տեղի է ունեցել միջազգային տրիբունալներում։

«Հավատացեք, որ այդ հսկայական  փորձով մենք չենք եկել այստեղ ինչ-որ մարդկանց ձեռք սեղմելու, մենք եկել ենք, ցույց տալու մեր փորձը ու պահանջելու, որ արդարադատություն իրականացվի։ Առանց այստեղ գալու մենք չէինք կարող բարձրաձայնել այս կարևոր հարցերի մասին։ Մենք եկել ենք ասելու, որ  նրանց կողքին ենք, ովքեր տառապում են, ում սպանում են։ Մենք աշխատում ենք հանուն նրանց, ովքեր զոհվել են սեփական արժանապատվության համար»,- շեշտեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահը։

Տիկին Բելասենը նշեց նաև, որ մարտի 1-ից հետո շուրջ 5 անգամ Հայաստան են եկել իրենց կազմակերպության ներկայացուցիչները։

«Հավատացեք, մենք հենց այնպես չենք գալիս Հայաստան, միշտ ցանկանում ենք շաշափելի արդյունքների հասնել։ Վաղը աշխարհի տարբեր 300 ներկայացուցիչ է գալու Հայաստան, և Ձեր երեխաների պատմությունը կներկայացվի նրանց։  Լավ է, որ հենց Ձեզնից լսեցի այդ ամենը, քանի որ ծնողները երբեք ոչինչ չեն չափազանցնում։ Ես պաշտոնապես խոստանում եմ, որ ինձ հասանելի  բոլոր բարձր ատյաներում կբարձրացնեմ Ձեզ հուզող հարցերը»։

Զոհերի հարազատներին ուղեկցում էին և հանդիպմանը ներկա էին ՀԱԿ-ի ներկայացուցիչ Առաքել Սեմիրջյանը,Մարտի 1-ի զոհերի շահերի ներկայացուցիչներ Վահե Գրիգորյանն ու Արտակ Զեյնալյանը, ինչպես նաև Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչներ Արտակ Կիրակոսյանն ու Արման Դանիելյանը։

www.hra.am