Տեսանկյուն

Զրկել են կյանքի իրավունքից

21.04.2010

Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ սկսվեց  մարտի 1-ի 10 զոհերից Տիգրան Խաչատրյանի, Գոռ Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդների ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի և Վահե Գրիգորյանի բողոքի քննությունը:

Տիգրանը, Գոռն ու Արմենը սպանվել են  «Չերյոմուխա 7» տեսակի արցունքաբեր գազ արձակող փամփուշտ-նռնակով հասցված վնասվածքից (23-ամյա Տիգրան Խաչատրյանն ու 34-ամյա Արմեն Ֆարմանյանը սպանվել են թիկունքից գանգուղեղի հատվածում հասցված վնասվածքից, իսկ 29-ամյա Գոռ Քլոյանը' աջ աճուկային հատվածում դիմահար արձակված կրակոցից):

Դատական նիստում Արտակ Զեյնալյանը հրապարակեց դատարանին ներկայացված բողոքը, ըստ որի, Մարտի 1-ի զոհերի սպանությունների փաստի առիթով առանձին քրեական գործեր չեն հարուցվել, իսկ մարտի 1-ի իրադարձությունները քննող ընդհանուր քրեական գործի շրջանակներում  սպանության հանգամանքները չեն քննվել,և  մարդասպանները չեն բացահայտվել:

 «Սույն իրադարձությունների ընթացքում հրազենով (հատուկ միջոցներով) զինված են եղել միայն ՀՀ զինված ուժերի  իրավապահ մարմինների աշխատակիցները ու նրանց վերահսկողության տակ գտնվող այլ զինված խմբավորումներ (որոնց առկայության մասին կասկածներն առ այսօր փարատված չեն նախաքննությամբ)»,- ասում է Զեյնալյանը:

Փաստաբանն ավելացրեց, որ որևէ ցուցարարի կամ ՀՀ պետական մարմինների աշխատակից չհանդիսացող այլ անձի մոտ հատուկ միջոց չի հայտնաբերվել: Զեյնալյանի խոսքով' Մարտի 1-ի քրեական գործը քննող քրեական մարմինը, որպիսին հանդիսանում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծված քննչական խումբը' Վահագն Հարությունյանի գլխավորությամբ, չի կատարել մի շարք աշխատանքներ'մասնավորապես' դեպքի վայրի զննություն, դեպքի վայրի նկարահանում։

Քննությամբ չի պարզվել, թե այդ հատուկ միջոցները պիտանի եղե՞լ են օգտագործման համար, թե՞ ոչ, քննությամբ չի պարզվել, թե հատուկ միջոցների օգտագործման համար ի՞նչ կարգ է գործում, թե ոստիկանության տրամադրության տակ եղած հատուկ միջոցներից որ մեկը որ դեպքում է թույլատրվում կիրառել, նախաքննական մարմինը չի կատարել քննչական փորձարարություն և չի պարզել, թե «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի կրակոցից նռնակի հակադարձ հարվածի դեպքում այն ի՞նչ ուժ է ունենում եւ կարո՞ղ է արդյոք մարդկանց վնաս պատճառել, չի պարզել, թե հատուկ միջոցներ կիրառած անձինք արդյո՞ք տեղյակ են դրանց կիրառման կարգին եւ արդյո՞ք անցել են դասընթացներ դրանց կիրառման կարգի մասին:

«Չերյոմուխա -7» տեսակի հատուկ միջոցի կիրառման արդյունքում սպանվել է 3 քաղաքացի: Մինչդեռ նախաքննական մարմինը չի պարզել, թե դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ կիրառած անձանցից ով որտեղ է գտնվել եւ նրանցից որ մեկի կրակոցից են սպանվել անձինք և ով: Նախաքննական մարմինը չի պարզել, թե հրամանատարներից ով կամ ովքեր են անօրինական հրաման տվել կիրառել «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցները, և ինչո՞ւ են դրանք կիրառողները կատարել անօրինական հրամանները»,- ասաց Զեյնալյանը:

Փաստաբանն արձանագրեց, որ Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի եւ Գոռ Քլոյանի ամենահիմնական' կյանքի իրավունքը խախտվել է և պետությունը պարտավոր է պաշտպանել նրանց խախտված իրավունքը: Ուստի, նա դատարանից պահանջեց արձանագրել, որ խախտվել է քաղաքացիների կյանքի իրավունքը' պետության գործակալների կամ այլ ներկայացուցիչների կողմից և, որ սպանության հանգամանքները քննվել են ոչ արդյունավետ:

Զեյնալյանը դատարանից պահանջեց նաև ՀՔԾ-ին պարտավորեցնել իրականացնել Մարտի 1-ի զոհերի սպանության հանգամանքների արդյունավետ քննություն: Որպես պատասխանող հանդես եկող դատախազ Հարություն Հարությունյանը փորձեց հակադարձել բողոքը' նշելով, որ նախաքննության մարմինը շարունակում է քննել սպանությունների հանգամանքները և պահանջեց մերժել բողոքը:

Հարությունյանը դատարան էր ներկայացրել նաև գրավոր բացատրություններ, որոնց հետ ծանոթանալու նպատակով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 5-ին, ժամը 14.30-ին: