Տեսանկյուն

Մոնիթորինգն արձանագրել է զորակոչի խնդիրները

26.04.2010

Անցած շաբաթ Ազգային ժողովում Պաշտպանության, Ազգային անվտանգության և Ներքին գործերի հանձնաժողովում «Հասարակական վերահոսկողությունը զինված ուժերի համալրման նկատմամբ» թեմայով կազմակերպված քննարկման ընթացքում  ներկայացվեց «Զորակոչի գործընթացի մոնիթորինգ» ծրագրի արդյունքներն ամփոփող զեկույցը:

Մոնիթորինգն անցկացվել է 2009թ. փետրվարի 1-ից նոյեմբերի 30-ը՝ 3600 շահառուների միջև(զորակոչիկներ, զինվորի մայրեր, զորացրվածներ, զինկոմիսարիատ, դպրոցներ, հիվանդանոցներ):

«Զինվորի մայր» հ/կ-ի  անդամ Անահիտ Հովնանյանն ասաց, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ զինակոչիկներն ու նրանց ծնողները, ինչպես նաև զինծառայողները բավարար չափով չեն տրապետում իրենց իրավունքներին ու պարտականություններին, մոնիթորինգի մասնակից հարցվածների մեծ մասը չի տարբերակում անգամ զորակոչային հանձնաժողով և զինկոմիսարիատ հասկացությունները:

Իրենց ելույթում մոնիթորինգին մասնակցած մյուս բոլոր հ/կ-ների ներկայացուցիչները պնդեցին, որ ուսումնասիրությունը ցույց է տալիս' ամենից շատ քաղաքացիների իրավունքները խախտվում են բժշկական հետազոտության ժամանակ:

«Օրինակ ողնաշարի ճողվածք ունեցող զինակոչիկին բժիշկները կարող են գրել ֆունկցիայի ոչ մի խանգարում չունի»,- ասում է «Պրոակտիվ Հասարակություն» իրավապաշտպանական հ/կ-ի ղեկավար Աննա Մարգարյանը:

Հելսինկյան քաղաքացիական   ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցն էլ ներկայացրեց մարզերում զինակոչիկի առողջական վիճակի հետազոտության հետ կապված խնդիրները։ Հետավոր բնակավայրերում նորմալ հետազոտություն չի արվում (անգամ ռենտգենի հնարավրություն չկա, իսկ զինակոչիկը մայրաքաղաքում բժշկական ստուգում անցնելու համար չունի համապատասխան գումար, չի գալիս ստուգման, մեխանիկորեն ստացվում է՝ նա անփույթ է վերաբերվում իրեն ուղարկված ծանուցագրին'չներկայանալով բժշկական քննության):

«Զորակոչիկին չի տրամադրվում նաև հանձնաժողովի կողմից իր առողջական վիճակի վերաբերյալ բուժզննման մասին փաստաթուղթը, մարդիկ բոլոր հնարավոր միջոցներով փորձում են այն ձեռք բերել, իսկ շատ դեպքերում փաստաթղթի բացկայությունը հնարավորություն չի տալիս դատարան դիմել' բողոքարկելով հանձնաժողովի որոշումը»,-  ասում է Սաքունցը:

ՀՀ զինվորական  կոմիսարի տեղակալ Գագիկ Հարությունյանն էլ ի պատասխան Սաքունցի' ասաց, որ «հավանաբար փաստաթղթին վերաբերող բողոքը եղել է այն մարդկանց կողմից, ովքեր 5 րոպե առաջ են ցանկացել իմանալ իրենց վիճակը»:

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ  Գեղամ Հարությունյանն էլ իր ելույթում նշեց, որ ՊՆ նախարարի կողմից ստեղծված զորակոչային հանձնաժողով (քննում է քաղաքացիների դիմումներն ու բողոքները) իրեն չի տեսնում' որպես ռևիզոր կամ բանակի քննադատ, և վերահսկողությունը պետք է դիտել որպես օժանդակություն: Հարությունյանի խոսքով' ստեղծման օրից սկսած' հանձնաժողովը գումարել է 14 նիստ, որի ընթացքում քննել է ստացված 46 դիմումները:

«Մեզ ուղարկված դիմումների արդյունքում պարզվեց, որ քաղաքացուն ամենաանհանգստացնող խնդիրը առողջության հետ է կապված. 46 դիմումից 30-ը այդ խնդրով էր, ընդ որում՝ այդ 30-ից 26-ի դեպքում տարկետում տալու հստակ պահանջ կար»,- ասաց նա:

Խորհրդի նախագահի խոսքով' 26 դիմումներից 13-ը բավարարվել է, իսկ 46-ից 24 դիմումների դեպքում հաստատվել ոչ շարային ծառայության պիտանի կարգավիճակը:

Զինկոմիսարի տեղակալ Գագիկ Հարությունյանն էլ հավելեց, որ կարգը սահմանում է' որոշ սահմանափակում ունեցող զորակոչիկներն էլ են զորակոչվում բանակ ու եթե 10 զորակոչիկից 2-ը առողջական խնդիրների պատճառով ազատվում են ծառայությունից ու մնացած 8-ից 2-ն են լիարժեք առողջ, միևնույն է, մյուս 6-ը' թեկուզ ունենալով որոշ առողջական խնդիրներ, պիտի ծառայեն:

Ծրագիրն իրագործվել է Հայաստանի «Զինվորի մայր», Հելսինկյան քաղաքացիական   ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Պրոակտիվ հասարակություն» իրավապաշտպանական  հ/կ-ների կողմից՝ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Քրիստինե Վարդանյան