Տեսանկյուն

Լևոն Գուլյանի մահվան 3-րդ տարելիցը

12.05.2010

«Լևոն Գուլյանի մահը հանգեցրեց Վահան Խալաֆյանի մահվանը»,- այսօր՝ մայիսի 12-ին, Լևոն Գուլյանի ողբերգական մահվան 3-րդ տարելիցի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

Այն փաստը, որ Լևոն Գուլյանի  մահվան  համար ոչ մի պաշտոնատար անձ մինչ օրս չի ենթարկվել պատասխանատվության, հաստատում է անպատժելիության մթնոլորտի առկայությունը և  հանգեցնում նոր դեպքերի։

(Անցած ամիս՝ ապրիլի 13-ին, գողության գործով որպես կասկածյալ բերման ենթարկված Վահան Խալաֆյանը մահացավ ոստիկանության Չարենցավանի բաժնում՝ դանակով հասցված վնասվածքներից)։

2007թ. մայիսի  12-ին վկայի կարգավիճակ ունեցող, սակայն փաստացի ազատությունից զրկված Լևոն Գուլյանին ֆիզիկապես և հոգեպես առողջ վիճակում, առանց իրավական հիմքի, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներից դուրս հարկադրաբար բերել են ՀՀ ոստիկանության վարչական շենք, որտեղ նա անհայտ պայմաններում մահացել է:

Օրվա կապակցությամբ այսօր լրագրողների հետ են հանդիպել Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ու Լևոն Գուլյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչներ Արամ Կարախանյանն ու Հրայր Ղուկասյանը:

90-ականներից մինչ այժմ ոստիկանական բաժանմունքներում արձանագրվել են  շուրջ մեկ տասնյակ մահվան դեպքեր։ Լևոն Գուլյանը հերթական զոհերից մեկն էր։ Չնայած մեծ աղմուկին, նախորդող ժամանակահատվածում էլ վստահություն չի եղել, թե այս դեպքը կբացահայտվի։

«Ոստիկանությունը գործը ձգում է այնքան, որ հարազատներն ու հասարակությունը հոգնեն։ Այս առումով մեր իրավապահ համակարգը բավականին «կայուն է»,- ասում է Իշխանյանը, -հիմա մենք այստեղ նստած ենք և չի բացառվում, որ ոստիկանական բաժանմունքներից մեկում ինչ-որ մեկին խոշտանգում են ցուցմունքներ կորզելու համար»:

Կան հավաստի տվյալներ, որ ոստիկանության բաժնում նա, ինչպես նաև նույն գործով բերման ենթարկված մյուս երեք վկաները, ենթարկվել են խոշտանգումների։  Ցավով պետք է նշենք, որ խոշտանգումների դեպքերը ոստիկանության բաժիններում ի հայտ են գալիս հիմնականում միայն  այն ժամանակ, երբ խոշտանգումների երթարկված անձը մահանում է։ 

«Արդեն պարզ է, թե ինչ պայմնանների մեջ են դրել նրանց հարազատներին, որ վերջիններս հրաժարվում են», ընդգծեց Հելսինկյան կոմիտեի նախագահը։

Յուրաքանչյուր նման դեպքից հետո իրավապահ մարմինները փորձում են ամբողջ պատասխանատվությունը դնել մահացած անձի վրա։ Իրավապահ մարմինների մոտ բացակայում է այն գիտակցությունը, որ ոստիակնության բաժնում տեղի ունեցած յուրաքանչյուր մահվան դեպքի համար հենց  իրավապահ մարմիններն են կրում առաջնային և հիմնական պատասխանատվությունը՝ անկախ մահվան հանգամանքներից։

Լևոն Գուլյանի մահվան փաստի առթիվ Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը), ինչպես և Վահան Խալաֆյանի դեպքում:

2007 թվականի դեկտեմբերի 12-ից քրեական գործը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: 2008 թվականի մարտի 12-ին գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Տուժողի իրավահաջորդի բողոքի հիման վրա գործի վարույթը վերսկսել է  դատարանը, ապա քրեական գործի նախաքննությունը վերսկսվել է և այն նորից իրականացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Պետրոսյանի կողմից ու նորից կարճվել:

Գուլյանի գործն անցել է նաև Վերաքննիչ դատարանով։  2010-ի փետրվարի 25-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները վճռաբեկ բողոք են ներկայացրել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Երեկ հայտնի է դարձել, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը փաստաբաններ Ա. Կարախանյանի և Հ. Ղուկասյանի վճռաբեկ բողոքը ընդունել է վարույթ:

«Մենք կասկած չունենք, որ մեր որդին ինքնասպանություն չի գործել: Նաեւ դատաբժշկական փորձաքննությամբ է ապացուցվել, որ մինչեւ պատուհանից նրան ցած նետելը, նա բազմաթիվ կոտրվածքներ է ունեցել: Այն բարձրությունը, որից նրան ցած են նետել, նա չէր կարող նման կոտրվածքներ ստանալ»,- նշեց ասուլիսին ներկա Լեւոն Գուլյանի հայրը' Աշոտ Գուլյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարածել են հաղորդագրություն, որտեղ իրենց խորը մտահոգությունն են հայտել Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտի վերաբերյալ։ Նրանք կոչ են անում ՀՀ իշխանություններին կատարել թափանցիկ և արդյունավետ քննություն Լևոն Գուլյանի և Վահան Խալաֆյանի  մահվան դեպքերով

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարածել են հաղորդագրություն, որտեղ իրենց խորը մտահոգությունն են հայտել Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտի վերաբերյալ։ Նրանք կոչ են անում ՀՀ իշխանություններին կատարել թափանցիկ և արդյունավետ քննություն Լևոն Գուլյանի և Վահան Խալաֆյանի  մահվան դեպքերով

«Ապահովել հավասար քննություն նաև այն բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունների վերաբերյալ, որոնք չեն կարողացել կանխել նման դեպքերը, այդպիսով նպաստել են անպատժելիության մթնոլորտի խորացմանը», նշված է հաղորդագրության մեջ։

Ժաննա Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am