Տեսանկյուն

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հայտարարությունը

03.06.2010

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն (CSI), որը հանդիսանում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) անդամ կազմակերպությունը Հայաստանում, մտահոգված է վերջերս Երևանում տեղի ունեցած ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումներով զուգորդված գործողություններով։

2010թ. մայիսի 28-ից ընդդիմության մի խումբ ակտիվիստների մուտքը Ազատության հրապարակ արգելվում է ոստիկանության կողմից։ Մայիսի 31-ին ակտիվիստներին փորձ արվեց արգելել անցնել Մաշտոցի պողոտան, այնուհետև նրանց կանգնեցրեցին  Ազատության հրապարակի մերձակա տարածքում և դուրս մղեցին դեպի Սարյանի արձան։ Ոստիկանության բիրտ գործողությունների արդյունքում առաջացավ մոտ 1 ժամ տևած քաշքշուկ, որը զուգորդվում էր երկկողմանի վիրավորանքներով։ Մի շարք քաղաքացիական հագուստով մարդիկ կատարում էին ոստիկանների հրահանգները և նրանց հետ համատեղ իրականացնում էին ուժային գործողություններ։ Արդյունքում 17 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանություն, որոնցից 3-ը՝ Դավիթ Քիրամիջյանը, Սարգիս Գևորգյանը և լրագրող Անի Գևորգյանը ձերբակալվեցին և դեռևս գտնվում են անազատության մեջ։ Նույն օրը երեկոյան ոստիկանները ուժային գործողությունների դիմեցին Կենտրոն ոստիկանության բաժնի մոտակայքում հավաքված իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ անձանց նկատմամբ։ 

Մենք գտնում ենք, որ ոստիկանության նման գործողությունները չունեն օրինական հիմնավորում, խախտում են ՀՀ քաղաքացիների արտահայտվելու և ազատ տեղաշարժի իրավունքը և լրացուցիչ լարվածություն են ստեղծում հասարակությունում։ Գտնում ենք, որ Դավիթ Քիրամիջյանին, Սարգիս Գևորգյանին և Անի Գևորգյանին անազատության մեջ պահելն անհիմն է։

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին։  Դադարեցնել քաղաքացիների արտահայտվելու և ազատ տեղաշարժի իրավունքների սահմանափակումները։ Հետաքննել և պարզել քաղաքացիական հագուստով անձանց՝ ոստիկանության գործողություններին մասնակցության հանգամանքները։