Տեսանկյուն

«Մոսկվա կինոթատրոնի» գործով նորից է դատավարություն սկսում

16.02.2011

Մոսկվա կինոթատրոնից 5 մլն 80000 դրամ և 10000 ռուսական ռուբլի գողանալու մեղադրանքով արդեն 1 տարի կալանքի մեջ գտնվող Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի փաստաբանները հույս ունեն, որ փետրվարի 22-ից վերստին առաջին ատյանի դատարանով սկսվող դատավարությունը իրենց ամբաստանյալների համար դրական լուծում կտա։

Այս մասին փետրվարի 16-ին փաստաբանների պալատում հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ ասացին այս գործով փաստաբաններ Տիգրան Սաֆարյանը և Գիվի Հովհաննիսյանը։

Նախորդ տարվա ընթացքում բազմաթիվ դատական լսումներից հետո դատավոր Արմեն Խաչատրյանը տեղափոխվել է այլ դատարան, և գործը նորից վերսկսելու է քննել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանը։

Փաստաբանները շարունակում են պնդել, որ իրենց պաշտպանյալներն իրականում անմեղ են և չեն կարող մեղադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, քանի որ մեղադրող կողմի ներկայացրած փաստարկները չեն ապացուցում նրանց մեղքը։

Փաստաբանները պնդում են, որ քրեական գործով Մոսկվա կինոթատրոնի տեսախցիկների կողմից արձանագրված տեսաձայնագրություններում երևում է մեկ մարդ, ոչ թե երկուսը, և պարզ չէ՝ արդյոք դա Հովակիմյա՞նն է, թե՞ ոչ։


Սաֆարյանը նշում է, որ Հովակիմյանը 2 անգամ հրաժարվել է ինքնախոստովանություն անել և միայն երրորդ անգամ, երբ ծնողներն ու փաստաբանները շուրջ 10 ժամ տեղյակ չեն եղել, թե որտեղ է գտնվում Հովակիմյանը, ոստիկանները բռնությամբ ստիպել են տղային խոստովանել մեղքը, որն այս դեպքում փաստաբանները ինքնազրպարտում են որակում։

«Այս դեպքում Հովակիմյանը տրամաբանական հարց է տվել նրանց, թե ինչու է ինքը ցուցմունքներում գրել, որ 4.5 մլն դրամ են գողացել, այն դեպքում, երբ դա իրականում 5 մլն 80 հազար դրամ է եղել, այսինքն՝ ինչ թելադրել են, դա էլ գրել է, իսկ ոստիկանները տեղյակ չեն եղել իրական թվի մասին»,- ասում է Սաֆարյանը։
Հովակիմյանը դատարանում հետագայում հայտարարել է, որ ինքնախոստովանական բացատրությունը և ցուցմունքը գրվել են ծեծի, խոշտանգումների և հոգեբանական ճնշումների ազդեցությամբ։

«3-4 ոստիկաններով սկսել են ինձ ծեծել, բոլորը քրեական հետախուզության աշխատակիցներ: Հանել էին կոշիկներս, ռեզինե մահակներով հարվածում էին ոտքերիս տակին, իսկ սապոգներով` գլխիս: ...Որոշ ժամանակ ծեծելուց հետո, նրանք ինձ նորից տարան իրենց պետի` Անտոնյանի մոտ: Վերջինս ասաց, որ շարունակեն ավելի ուժեղ ու նաև բերման ենթարկեն Գոհարին` ընկերուհուս: Միաժամանակ, Անտոնյանն ասաց, որ հանեն հագիս շորերն ու անարգանքի ենթարկեն ինձ»,- դատարանում հայտնել է Հովակիմյանը։

Նշենք, որ երբ վերջերս Հայաստանում էր գտնվում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը, Հովակիմյանի հայրը և փաստաբանները խնդիրը ներկայացրել են նաև նրան։

Հովակիմյանի հայրը՝ Բենիամին Հովակիմյանը, լինելով մասնագիտությամբ ծրագրավորող, պատրաստել է հատուկ բլոգ, որտեղ տեղադրված են բոլոր նյութերը այս գործի հետ կապված։

Կարինե Իոնեսյան

Աղբյուրը՝ www.hra.am