Տեսանկյուն

Երեք տարի անց. մարտի 1-ը առանց միջադեպերի (վիդեո)

02.03.2011

Մարտիմեկյան դեպքերից 3 տարի անց՝ նույն օրը, Մատենադարանի մոտ տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը։ 

Մինչ ՀԱԿ առաջնորդների հայտնվելը Մատենադարանի հարթակում, լարված իրավիճակ էր Մաշտոց-Կորյուն փողոցների հատման մասում։ Ոստիկանները հորդորում էին հանրահավաքի մասնակիցներին դուրս չգալ փողոցի երթևեկելի մաս, իսկ մի խումբ ակտիվիստներ սուլոցներով և վանկարկումներով էին արձագանքում ոստիկանների հորդորներին։
ՀԱԿ ներկայացուցիչները «բանակցություններ» էին վարում բարձրաստիճան ոստիկանների հետ, որպեսզի հանրահավաքի մասնակիցներին թույլ տան առաջանալ։ «Ժողովուրդը շատ է, չեն տեղավորվում»,- ասում էր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։

Իրարանցումը տևեց մոտ 30 րոպե, որից հետո ոստիկանների շարքը հետ շարժվեց, և հանրահավաքի մասնակիցները դուրս եկան փողոցի երթևեկելի մաս։ Բայց ժամանակ առ ժամանակ ակտիվիստները փորձում էին վեճեր հրահրել ոստիկանների հետ, և համեմատաբար հանդարտվեցին, երբ ՀԱԿ-ի համակարգողները կոչ արեցին չգնալ և չենթարկվել սադրանքների։

Հանրահավաքը շարունակվեց իր բնական հունով, երբ սկսվեցին ՀԱԿ առաջնորդների ելույթները։
ՀՀՇ Վարչության նախագահ Արամ Մանուկյանը հանրահավաքի սկզբում անուն առ անուն հիշեցրեց մարտի 1-ի 10 զոհերին՝ Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան, Գրիգոր Գևորգյան, Համլետ Թադևոսյան։
«Երեք տարի առաջ այս օրը բորենիների նման հարձակվեցին ժողովրդի վրա: Մարտի 1-ը դարձավ խարան, հայ ժողովրդի կյանքում դարձավ սև օր: Ժողովուրդն այդ օրվանից տասնյակ հազարներով սկսեց լքել երկիրը, և Հայաստանը դատարկելու ծրագիրն այսօր էլ շարունակվում է: Մենք հավաքվել ենք նշելու 2008-ի մարտի 1-ի դեպքերի երրորդ տարելիցը: Բայց չենք հավաքվել նվնվալու, այլ ըմբոստանալու և երեք տարի առաջ կորցրածը հետ բերելու համար»,- իր ելույթում ասաց Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ ՀԱԿ-ը սկսում է հանրահավաքների շարք և շարունակելու է պայքարել երկրում սահմանադրական կարգի, ազատության, ինքնիշխանության վերականգնման համար։

Ելույթի փոխարեն Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի մասնակիցների անունից հայտարարություն հնչեցրեց, որը, իր իսկ խոսքերով, պարզապես քաղաքական հայտարարություն չէ, այլ «համաժողովրդական պայքարի ներկա հանգրվանի ուղենիշ-ծրագիր»։
Նա ներկայացրեց մեկ տասնյակից ավելի պահանջներ, այդ թվում՝ մինչև մարտի 15-ը ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների և գործունեության համար ձերբակալված 9 անձանց, միջազգային փորձագետներով համալրված անկախ հանձնաժողովի միջոցով բացահայտել և պատժել մարտի 1-ի ոճրագործության մեղավորներին, իսկ տուժածներին փոխհատուցել՝ սպանվածների ընտանիքներին հատկացնելով 1 միլիոն դոլար, իսկ վիրավորներին՝ առնվազն 100.000 դոլար։

Պահանջների շարքում էին նաև «Ա1+»-ի գործունեության վերականգնումը, բացօթյա առևտրի արգելման որոշումը չեղյալ հայտարարելը, նվազագույն աշխատավարձի, գործազրկության նպաստի ու կենսաթոշակների բարձրացումը, բարձրագույն պետական պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների ունեցվածքի ու եկամուտների հայտարարագրումն ու հրապարակումը։
Լևոն Տեր-Պետրոսյանը պահանջում էր նաև մի շարք պաշտոնյաներին ազատել իրենց զբաղեցրած պաշտոններից, այդ թվում՝ ՀՀ վարչապետին, փոխվարչապետին, Կենտրոնական բանկի նախագահին, Պետեկամուտների կոմիտեի նախագահին, Երևանի քաղաքապետին, գլխավոր դատախազին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ՀՀ ոստիկանապետին, Հատուկ քննչական ծառայության և ԱՆ քրեակատարողական վարչության պետերին։

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ նշված պահանջների կամ նրանց զգալի մասի կատարման պարագայում ՀԱԿ-ը գործնական երկխոսություն կսկսի իշխանությունների հետ՝ «օրակարգում ունենալով առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը»։ Իսկ հաջորդ հանրահավաքը մարտի 17-ին է լինելու։

ՀԱԿ առաջնորդի ելույթից հետո հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի 2008-ի մարտիմեկյան զոհերին նվիրված հուշարձան, նրանց հիշատակը հարգեցին մոմավառությամբ և հուշարձանին ծաղկեպսակներ դնելով։

Մերի Ալեքսանյան
Կարինե Իոնեսյան
Սոֆյա Ավագյան
Աղբյուրը՝ www.hra.am