Տեսանկյուն

«Մոսկվա կինոթատրոնի» գործով տեղի ունեցավ դատական նիստ

24.03.2011

Մարտի 23-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի դատավարության նիստը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում պաշտպանող կողմը ներկայացրեց դեռևս նախորդ դատական նիստի ընթացքում հրապարակման առաջադրված մի փաստաթուղթ, որը այս անգամ ներկայացվել էր արդեն թարգմանված տարբերակով, որը դատարանի որոշմամբ գործին կցվեց որպես ապացույց: Փաստաթուղթը դրամարկղի հաշվետվությունն էր, ուր նշված էր հունվարի 4-ից մինչ հունվարի 10-ը կինոթատրոնի դրամարկղում եղած գումարի չափը` այն է` 5 մլն. 48 հազար դրամ: Հարցաքննման էին հրավիրվել կինոթատրոնի հաշվապահն ու 4 գանձապահները: Դատավարության ընթացքում հարցաքննվեցին հաշվապահն ու գանձապահներից մեկը, որոնք հաստատեցին իրենց նախորդ ցուցմունքները: Նիստի ընթացքում մանրամասն հետազոտվեցին ներկայացված փաստաթղթերը։ Գործով անցնող մյուս վկաները կհարցաքննվեն հաջորդ նիստի ընթացքում։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 5-ին ժամը 12-ին:

Սոֆյա Մանուկյան
Աղբյուր՝ www.hra.am