Տեսանկյուն

Գետնանցումի կրպակատերերը վախենում են արժանանալ բացօթյա առևտրականների ճակատագրին (վիդեո)

15.04.2011

Երիտասարդական մետրոյի մոտ գտնվող ստորգետնյա անցումում աշխատող  14 կրպակների տնօրենները բողոքում են, որ Երևանի քաղաքապետարանն առանց իրենց տեղյակ պահելու, իրենց կողմից վերջին 20 տարիներին վարձակալվող տարածքը 25 տարի ժամկետով վարձակալության է տվել մեկ այլ կազմակերպության` «Գրեյթ Վիկտորիա» ՓԲԸ-ին (Երևանի քաղաքապետի 15.10.2010թ. թիվ 4842-Ա որոշում):

Սեփականատերերը պնդում են, որ իրենց հետ 2010թ.-ին կնքված պայմանագրի հիման վրա, նրանք ունեցել են առաջնահերթության իրավունք իրենց կողմից վարձակալված տարածքների նկատմամբ, որը տվյալ պարագայում ո'չ Երևանի քաղաքապետրանի, ո'չ էլ Կենտրոն վարչական շրջանի ներկայացուցիչները հաշվի չեն առել:

«Մեզ ոչ ոք չի հայտնել այդ մասին: Մեր պայմանագրի մեջ ունենք հստակ կետ, որ մենք ունենք առաջնահերթության իրավունք, որ առաջինը պետք է մեզ առաջարկեին: Այս տարի պայմանագիրը երկարացնելու համար հերթական անգամ գրավոր  դիմեցինք թաղապետ Գյանջումյանին, նոր մեզ տեղեկացրին, որ տարածքը մրցույթի միջոցով տրվել է երրորդ մի անձի, մենք տեղյակ չենք եղել այդ մասին, մենք այդ ընթացքում գումարներ ենք մուծել»,- www.hra.am -ին հայտնում է «Հրաշք Ջին» ՍՊԸ-ի  տնօրեն Գևորգ Մանուկյանը:

Քաղաքապետարանում նրանց առաջարկել են փոխհատուցում մեկ քառակուսի մետրի համար 80 հազար դրամի չափով, որը կրպակատերերը ծիծաղելի գին են համարում մայրաքաղաքի կենտրոնի համար: Նրանք պնդում են, որ պատրաստ են մեկ քառակուսի մետրի համար վճարել 800 հազար դրամ, միայն թե իրենց կրպակները վարձակալական հիմունքներով իրենց տրամադրեն:

«Գիտենք, որ ծրագիր է լինելու, լավ բան է պատրաստվելու, իմ ունեցածն այդ երկու կետն է, որով ես իմ ընտանիքն եմ պահում, օրինական բիզնես եմ ձևավորում, ես անօրինական մարդ չեմ»,- ավելացնում է Մանուկյանը:

Նույն բողոքն են ներկայացնում նաև մյուս սեփականատերերը, բացառությամբ մեկի' 75 -ամյա Ռոբերտ Սարգսյանի, ով համաձայնվել է ընդունել պետության կողմից առաջարկված փոխհատուցման տարբերակը:

«Ինչու՞ եմ համաձայնվել: Դա հասարակ լոգիկա է, բոլորը պետք է հասկանան, որ «վզի գլխին» խփել չես կարող, եթե մարդիկ այդ գործարքը կատարել են, ուրեմն նրանք մեզնից զորեղ են, իսկ ես այսօր 3մլն պարտք ունեմ բժիշկներին, 1մլն-ի էլ կինս է վիրահատվել, ստիպված ենք գնում այդ քայլին»,- ասում է ծերունին:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Արթուր Սարուխանյանը ո'չ հաստատեց, ո'չ էլ ժխտեց, որ կրպակատերերն  ունեցել են առաջնահերթության իրավունք, միայն հայտնեց, որ նրանք պատշաճ ձևով տեղեկացվել են հայտարարված տենդերի մասին:

«Ես դա ասում եմ տեղեկացնող վարչության տված տեղեկատվության համաձայն »,- ասաց Սարուխանյանը:

Նա հրաժարվեց պարզաբանումներ տալ այն հարցերին, թե որքա՞ն փոխհատուցում են իրենք նախատեսել տրամադրել և որքա՞ն ժամանակում, 2011թ.-ի հունվարից մինչև հիմա ինչի՞ հիման վրա են ընդունվում վերոնշյալ 14 իրավաբանական անձանց կողմից վարձակալման վճարները՝ չունենալով ոչ մի իրավական հիմք:

13 կրպակատերերը դիմել են ՀՀ նախագահին, Ազգային ժողովի նախագահին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին և Մարդու իրավունքների պաշտպանին իրենց իրավունքները պաշտպանելու համար:

Հիշեցնենք, որ սա քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ փողոցային առևտուրը կարգավորելու առաջին քայլը չէ: Այս տարվա սկզբին քաղաքապետի որոշմամբ արգելվեց փողոցային առևտուրը' առաջացնելով տասնյակ առևտրականների բողոքը և մեծացնելով այն բողոքավորների շարքերը, ովքեր ամեն հինգշաբթի կառավարության հերթական նիստի ժամանակ կանգնում են կառավարության շենքի առջև:

Քաղաքապետարանն ըստ էության հասավ որոշված նպատակին և իր անելիքը հիմնավորեց՝ ընդամենը որպես օրենքի կիրառում։ Քաղաքապետարանի տվյալներով՝  3000 առևտրականներին առաջարկվեց այլընտրանքային տարբերակ՝ իրենց ապրանքները փողոցից տեղափոխել սրահներ, շինանյութի առևտրով զբաղվողներին' համապատասխան շուկաներ, իսկ մյուս առևտրականներին' այլ փակ շուկաներ, որոնց թիվը մոտ 20-ի է հասնում Երևանում: 

Առևտրականների  մի մասն ընդունեց քաղաքապետարանի առաջարկած այլընտրանքային տարբերակը և ընտրեց ծածկած շուկաներում մեկ տեղի համար 1300-1500 դրամ օրավարձով աշխատելու պայմանները՝ անվճարի փոխարեն:  

Ովքեր որ դժգոհ էին, պայքարում են մինչև այսօր. չի բացառվում, որ նրանց շարքերը կհամալրեն նաև Աբովյան փողոցի գետնանցումի կրպակատերերը։ Վերջիններս այլընտրանքային առևտրավայրի առաջարկ  դեռևս չեն ստացել, նման առաջարկի դեպքում՝ կմտածեն այդ ուղղությամբ։ Կրպակատերերը մտահոգ են, որ առաջարկվող փոխհատուցման գումարով իրենք չեն կարողանա ոչ մի այլ բիզնես սկսել ու նրանից շատերը ստիպված կբռնեն արտագաղթի ճանապարհը:

Կարինե Իոնեսյան
Սոֆյա Ավագյան

Աղբյուրը' www.hra.am