Տեսանկյուն

Մարտի 1-ի դեպքեր. մինչ նախագահը հանձնարարում է մանրակրկիտ քննություն, գանգատները հասնում են եվրոպական դատարան

26.04.2011

2008թ.-ի մարտի 10 զոհերից 9-ի գործով նախնական նամակներ են ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Փաստաբաններ  Արտակ Զեյնալյանի և Վահե Գրիգորյանի փոխանցմամբ' վերջնական գանգատի ներկայացման օրը մայիսի 6-ն է։

Երբ նախնական նամակներն արդեն ուղարկված էին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 20-ին դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ հրավիրած խորհրդակցության ժամանակ հանձնարարական տվեց ավելի մանրակրկիտ և հանգամանորեն անդրադառնալ մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը։ «Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում»,- նշել է նախագահը՝ հավելելով, որ «հարցի նշանակությունը չափազանց մեծ է և՛ մեր պետության, և՛ մեր հասարակության, և՛ նաև տարբեր շահարկումներից խուսափելու համար»։

Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ նախագահի հանձնարարականի պատճառը կարող է լինել քաղաքական ընդդիմության պահանջը: Զեյնալյանը չի ցանկանում կանխատեսումներ անել. «Առաջիկայում կտեսնենք, թե ինչ արդյունքներ կունենա։ Եթե դա որևէ փոփոխության հանգեցնի, ուրեմն դա դեկլարատիվ չէր»,- ասում է մարտի 1-ի զոհերի ներկայացուցիչը՝ հավելելով, որ վերջնական գանգատներ ուղարկելու իրենց որոշումը, անկախ ամեն ինչից, կմնա անփոփոխ։

Նախագահի հանձնարարականի հաջորդ օրը Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) տեղի է ունեցել օպերատիվ քննարկում և որոշում է կայացվել վերանայել նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները:

Նույն օրը ՀՔԾ-ն հայտարարություն տարածեց, որով 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած դեպքերի և 10 զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ տեղեկությունների ունեցողներին խնդրում է դիմել Հատուկ քննչական ծառայության քննչական խմբին: ՀՔԾ-ն խոստանում է ապահովել տեղեկատվություն տրամադրող անձանց գաղտնիությունը, անհրաժեշտության դեպքում կկիրառվեն նաև պաշտպանական միջոցներ։

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ընդդիմության երեք պահանջներից մեկը «կարելի է ասել' կատարված է»: Ավելի վաղ՝ ապրիլի 8-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ակնկալում է, որ մինչև ապրիլի 28-ի հանրահավաքը կկատարվեն «հանուն երկխոսության» իրենց ներկայացրած երեք նվազագույն պահանջները' «քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացումը և 2008 թվականի մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը»։

Հիշեցնենք, որ մինչև վերջին հանրահավաքները ՀԱԿ-ի ներկայացուցիչները պնդում էին, որ քննչական մարմինները զբաղված են մարտի 1-ի դեպքերի բացահայտման իմիտացիայով։

«Մարտի 1-ի վերաբերյալ մեր պահանջի կատարումը ազդանշան է, որ, միգուցե, իշխանությունները պատրաստակամություն ունեն կատարել մեր պահանջները»,- նշել է Զուրաբյանը:

Երեկ ընդդիմության և իշխանության միջև երկխոսության միջնորդ հանդիսանալու պատրաստակամություն է հայտնել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։ «Դրական արձագանքի ակնկալիքով և կոնկրետ քայլեր նախաձեռնելու վճռականությամբ՝ ես այս շաբաթ իմ առաջարկը գրավոր կուղարկեմ խորհրդարանական իշխող կոալիցիային և Հայ ազգային կոնգրեսին»,- ասված է ՄԻ պաշտպանի՝ ապրիլի 25-ին տարածած հաղորդագրության մեջ։

ՀԱԿ իրավաբան Արմեն Խաչատրյանի հաշվարկներով՝ այս պահին դատապարտված 7 քաղբանտարկյալ կա, նրանցից երեքն առնչություն չունեն մարտիմեկյան դեպքերի հետ։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am