Տեսանկյուն

4 տարի անց. Գուլյանի մահվան հանգամանքները դեռեւս պարզված չեն (վիդեո)

11.05.2011

Մայիսի 12-ին Լևոն Գուլյանի մահվան 4-րդ տարելիցն է, սակայն նրա մահվան հանգամանքները դեռևս քննության են ենթակա։ 

«Գործի վերջին կարճումն իր հանդգնությամբ ու ցինիզմով գերազանցում է մնացածներին։ Այն բացահայտ անհարգալից վերաբերմունք է ոչ միայն Լևոն Գուլյանի հիշատակի ու նրա ընտանիքի հանդեպ, այլ՝ արհամարհանք Հայաստանի ամբողջ դատական իշխանության նկատմամբ, որովհետև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները չեն կիրառվում»,- ասաց տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանն  այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն և Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանն այսօր ասուլիս էին նախաձեռնել Գուլյանի մահվան 4-րդ տարելիցի առիթով։

Հիշեցնենք, որ 2007թ.-ի մայիսին մի քանի անգամ Լևոն Գուլյանը կանչվել է ոստիկանություն որպես սպանության վկա: Մայիսի 12-ին ժամը 17.00-ի սահմաններում Գուլյանի ընտանիքին հայտնել են, որ նա մահացել է: Ոստիկանության աշխատակիցները պնդմամբ Գուլյանը ինքնասպան է եղել կամ փորձել է փախչել՝ թռնելով երկրորդ հարկից:

2010թ.-ի օգոստոսի 27-ին Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ բավարարեց տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքը, որով պարտավորեցնում էր նախաքննության մարմնին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, վերսկսել Լևոն Գուլյանի մահվան առիթով հարուցված քրեական գործի քննությունը և վերացնել այն խախտումները, որոնք թույլ են տվել նախաքննության ընթացքում։

Այդ որոշումից միայն 4 ամիս անց է նախաքննությունը վերսկսվել և մարտի 21-ին նորից որոշում է կայացվել գործի վարույթը կարճելու մասին։

«2 ամսից ավելի տևած ժամանակահատվածում ոչ մի գործողություն չի կատարվել, ու ոչ ոքին ոչ մի ծանուցում չի ներկայացվել»,- պարզաբանում է փաստաբան Ղուկասյանը։

Միայն գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը մի գրությամբ տեղեկացրել է քննիչին, որ մանեկենով փորձաքննություն կատարելը նպատակահարմար չէ, որովհետև դրանով միևնույն է ոչինչ չի պարզվելու։

«Ես չեմ հավատում, որ ոստիկանությունը չի կարող բացահայտել մի հանցագործություն, որը տեղի է ունեցել ոստիկանապետի աշխատասենյակից մի քանի մետր հեռավորության վրա։ Ուղղակի չեն ուզում բացահայտել ու կիրառում են ձգձգումների պրակտիկան, մինչև հետամուտ լինող մարդիկ հանձնվում են՝ հոգնելով այդ ամենից։ Ես ուզում եմ վստահեցնել, որ մենք հետևողական ենք լինելու»,- ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ղեկավար Արման Դանիելյանը։

Կարևորելով նման գործերի բացահայտումը՝ Արման Դանիելյանը կարծիք հայտնեց, որ այս գործին վերջնական լուծում չտալը պատճառ դարձավ, որ Վահան Խալաֆյանի դեպքը տեղի ունենա։

Հրայր Ղուկասյանը կարծում է, որ արդեն կարող են հայտարարել, որ ներպետական ատյաններում իրավունքի պաշտպանության միջոցները ոչ արդյունավետ են, ինչը հիմք է տալիս դիմել Եվրոպական դատարան։

Վաղը Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն հանդես կգան համատեղ հայտարարությամբ

Ասուլիսի ընթացքում ներկայացվեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ տիկին Սուեր Բելասենի տեսաուղերձը, որի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ
տիկին Սուեր Բելասենի ուղերձը

2011թ. մայիսի 12-ին լրանում է Լևոն Գուլյանի ողբերգական մահվան չորրորդ տարելիցը։ Գուլյանը մահացել է Ոստիկանության շենքում, ուր ներկայացել էր ցուցմունքներ տալու որպես իր աշխատավայրի մոտակայքում տեղի ունեցած սպանության վկա։ Նրա մահվանից մի քանի ժամ անց նրա ընտանիքի անդամները հաղորդեցին, որ Լևոն Գուլյանը մահացել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի հետևանքով։ Այնուամենայնիվ, այդ գործն այդպես էլ չի բացվել և երբևիցե դատարանում չի քննվել։ Պաշտոնապես, այդ փաստը հիմնավորվում է ապացույցների բացակայությամբ։ Մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել Գուլյանին խոշտանգումների ենթարկած անձինք: Անշուշտ, այս դեպքը Հայաստանում եզակի չէ, և այդ իսկ պատճառով Լևոն Գուլյանի գործի քննությունը և դաժան վերաբերմունքի բացահայտումն ունի սկզբունքային նշանակություն։ Դա հատկապես կարևոր է այն պատճառով, որ Հայաստանը ստորագրել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիան և ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիան։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և իր անդամ կազմակերպությունը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ են անում իրականացնել նոր, անկախ և անկողմնակալ քննություն՝  Լևոն Գուլյանի մահվան հանգամանքների վերաբերյալ  և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

 

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am