Տեսանկյուն

Խոշտանգման առիթով քրեական գործ չեն հարուցում

17.05.2011

Ստեփան Հովակիմյանի փաստաբանը մեղադրում է հանրապետության գլխավոր դատախազությանը, ոստիկանական մարմիններին իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված խոշտանգումների փաստի առթիվ արդյունավետ քննություն չանցկացնելու մեջ։

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը փաստաբան Տիգրան Սաֆարյանի ասելով՝ ձգձգել է Հովակիմյանի հարցաքննությունը, չի անցկացրել համապատասխան դատաբժշկական փորձաքննություն։ Հետագայում՝ ծառայողական քննության ընթացքում ոստիկանները հերքել են Հովակիմյանի ասածը։ Ինչն էլ հաշվի առնելով՝ դատախազությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել։

Հիշեցնենք, որ Հովակիմյանին մեղադրում են «Մոսկվա» կինոթատրոնից 2010թ.-ի հունվարի 10-ին կատարված գողության մեջ և այժմ գործը գտնվում է առաջին ատյանի դատարանում։ Մեղադրելու ու կալանավորելու համար որպես հիմք են ընդունել Հովակիմյանի ինքնախոստովանությունը, որտեղ նա նշել է, որ գողությունն ինքն է կազմակերպել, իսկ իրականացրել է ընկերը՝ Վահան Քերոբյանը։

Հովակիմյանի փաստաբանը շեշտում է այն հանգամանքը, որ իր պաշտպանյալը ասել է, որ ցուցմունքն իրենից կորզել են խոշտանգումների միջոցով և որ Հովակիմյանի մեղավորությունն ապացուցող այլ փաստեր չկան։

«Չնայած ոստիկանությունը նշում է, որ գործի մասին տեղյակ են եղել միայն փետրվարի 6-ից, բայց տարբեր վկաների, այդ թվում նաև՝ «Մոսկվա» կինոթատրոնի աշխատակիցների ցուցմունքները ցույց են տալիս, որ նրան մի քանի անգամ տարել են ոստիկանություն, որտեղ փորձել են բռնությամբ կորզել ինքնախոստովանություն։ Փետրվարի 6-ին արդեն կանչել են Երևան քաղաքի ոստիկանության վարչություն, որտեղ ավելի դաժան բնույթի խոշտանգումներ են եղել, փորձ է արվել նաև անարգել նրա արժանապատվությունը, և Ստեփանը, մի քանի ժամ տևած բռնություններին չդիմանալով, հանձնվել է»,- ասում է Սաֆարյանը։

Այդ ժամանակ Հովակիմյանը զրկված է եղել հարազատներին ու փաստաբանին տեսնելու հնարավորությունից, նրան չեն բացատրվել իր իրավունքները, չի թույլատրվել զանգել, շենքի դուռը փակ է եղել ծնողի ու փաստաբանի առջև։

«Հետո ասել են, որ Հովակիմյանը ընդունել է իր մեղքը, կարող եք ներս գալ, այդ ժամանակ Ստեփանն արդեն հայտնել է, որ իր նկատմամբ բռնություններ են կիրառվել։ Քննիչը հրաժարվել է արձանագրել, միայն երեք օր անց՝ փետրվարի 9-ին, ցուցմունք է տվել, որ նախորդ ցուցմունքները բռնության արդյունքում են վերցրել, դա հայտարարել է նաև դատարանում, բայց ո՛չ քննիչը, ո՛չ էլ դատարանը որևէ արդյունավետ քննություն չեն իրականացրել»,- ասում է Ստեփան Հովակիմյանի փաստաբանը։

Նշենք, որ Ստեփանի 4 խցակիցները ցուցմունք են տվել, որ նա գանգատվել է ցավերից և հայնտել է, որ իր նկատմամբ բռություն է կիրառվել։ Սաֆարյանը միջնորդել է դատարան, որ նրանց կանչեն ցուցմունք տալու, բայց նախկին դատավորը մերժել է այն, իսկ այժմ նոր դատավորի դեպքում հարցը նորից կբարձրացնեն առաջին ատյանի դատարանում։ 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի մասնաճյուղի նախագահ Արթուր Սաքունցը նշում է, որ սա միակ դեպքը չէ, երբ ոստիկանները բռնությամբ ցուցմունք են կորզվում ու դրա հիման վրա հարուցվում է քրեական գործ։

«Ընդհանրապես որևիցե քննություն բռնությունների փաստի ուղղությամբ չի կատարվում, այսինքն՝ մարդուն ծեծում են, խոշտանգում, նսեմացնում իրենց ցանկալի ապացույցը ստանալու համար, որ դրվի մեղադրանքի հիմքում։ Մեդովկայի գյուղացիներից մեկին ոստիկանությունում ծեծել են, որ պարտքը հետ տա, իսկ ոստիկանությունը նրա հաղորդումը հիմա չի ընդունում»,- հայտնում է Սաքունցը։

Ստեփանի հայրը՝ Բենյամին Հովակիմյանի հայրը համոզված է, որ կինոթատրոնի աշխատողները փորձում են կոծկել իսկական մեղավորին.

«Գողության վայրը նկարահանվում է 4 տեսախցիկով, մինչև ձերբակալվելը ամբողջը տեսագրությունն ասում են կար, հանկարծ ձերբակալվելուց հետո 2 ժամանոց տեսագրությունը կորում է և, մնում է միայն 1.5 րոպեանոց նյութ, որը, բնականաբար, մոնտաժված է։ Կինոմոսկվայի տնօրինությունն էլ մեկ ասում է ամբողջական նյութը տվել է ոստիկանությանը, որն էլ ասում է՝ մեզ չեն տվել։ Հետո ասում են 2 տարբեր սերվերներից ոչ մեկում չի մնացել, որտեղ որ մոնտաժել են, այդտեղ էլ չկա։ Սա շատ տարօրինակ է»,- կարծում է Բենյամին Հովակիմյանը։

Իսկ Ստեփան Հովակիմյանն ու մինչև այսօր ոչ մի վկայի կողմից չկասկածվող Վահան Քերոբյանն արդեն մեկ տարուց ավելի է գտնվում են կալանքի տակ, որը փաստաբան Սաֆարյանի հավաստմամբ՝ նախնական կալանքի ողջամիտ ժամկետների խախտում է։

«Եվրոպական դատարանը նշում է տարբեր որոշումներով, որ ինչքանով երկարում է անձին կալանքի տակ պահելը, այնքանով թուլանում են նրան անազատության մեջ պահելու հիմքերը»,- ասում է փաստաբան Սաֆարյանը։

Քաղաքացիական հասարակություն ինստիտուտն այսօր հայտարարությամբ կոչ է արել  իշխանություններին իրականացնել արդար դատավարություն Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով, որպես ապացույց չօգտագործելով այն նյութերը, որոնք ձեռք են բերվել բռնությամբ և վերջ դնել գործի հիմքում միայն ինքնախոստովանական ցուցմունքներ դնելու արատավոր պրակտիկային:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am