Տեսանկյուն

4 տարի անպատիժ. ո՞վ է համակարգը խայտառակող անբարոյականը

19.05.2011

Երկու ամիս առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ոստիկանության կոլեգիայի նիստին մատնանշելով ոստիկանության աշխատանքի բացասական օրինակներ' դիմեց ոստիկաններին. «Եթե դուք համակարգի նկատմամբ լուրջ վերաբերմունք ունեք, ինչում ես վստահ եմ, համակարգի պատիվը համարում եք ձեր պատիվը, ինքներդ պետք է անձնական վիրավորանք զգաք և ինքներդ առաջինը պետք է գայիք ու այդ բարձր պաշտոն ունեցող ոստիկանին ասեիք' ա՛յ անբարոյական, ինչո՞ւ ես խայտառակում մեր համակարգը»:

2007թ-ի մայիսին ՀՀ Ոստիկանության վարչական շենքում մահացավ Լևոն Գուլյանը, ով վկա էր մի քրեական գործով: Մինչ օրս նրա մահվան համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:  Ոստիկանության աշխատակիցների պնդմամբ' Գուլյանն ինքնասպան է եղել կամ փորձել է փախչել՝ թռնելով երկրորդ հարկից:  Գուլյանը շուրջ երեք օր մինչև դեպքի պահն անց է կացրել ոստիկանությունում, նա չի կասկածվել կամ մեղադրվել որևէ անօրինական արարք կատարելու մեջ, բազմաթիվ անգամ կանչվել է ոստիկանություն և ներկայացել, հետևաբար և փախուստի որևէ պատճառ չի ունեցել:

Մի շարք կազմակերպություններ բազմիցս արտահայտել են իրենց լուրջ կասկածները, որ Լևոն Գուլյանը մինչև լուսամուտից ընկնելը դաժան վերաբերմունքի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Փաստաբանները, որոնք ներկա են գտնվել դիակի դատաբժշկական փորձաքննությանը, հրաժարվել են մանրամասներ ներկայացնելուց, սակայն նրանք հայտնել են, որ մարմնի վրա բռնության հետքեր են եղել: Բռնության հետքերի մասին անդրադարձ է եղել նաև միջազգային փորձագետների եզրակացության մեջ։  

«Մարմնական վնասվածքների, խոշտանգումների, վատ վերաբերմունքի  դեպքերի բացահայտումը նախաքննական փուլում առաջին իսկ հերթին ձեռնտու է դատախազությանը, քանզի դրանց ուղղությամբ կատարված քննությունը, ուսումնասիրությունը, ստուգումները միմիայն ամրապնդում են մեղադրանքի պաշտպանությունը և հիմնավորվածությունը»,-մի քանի օր առաջ շեշտեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Եվրոպայի խորհրդի' մարդու իրավունքների և իրավական բարեփոխումների վարչության պետ Հանա Ջունքերի և այլոց հետ հանդիպման ժամանակ։

Ապօրինի գործողություններ

Դատարանները Գուլյանի գործով մի քանի լուրջ հանգամանքներ են հաստատված համարել, օրինակ' ազատությունից ապօրինի զրկված լինելու հանգամանքը, ինչն ըստ էության այս պատմության հիմքն է։ Դատարանը փաստել է, որ մայիսի 9-ի լույս 10-ի գիշերվանից սկսած փաստորեն Գուլյանը պարբերաբար ապօրինի զրկվել է ազատությունից: Այսինքն՝ պետական մարմինների կողմից տրված փաստաթղթեր կան, որոնք ապացուցում են, որ իրականում Գուլյանին ազատությունից զրկել են ապօրինի, տեղափոխել են ոստիկանության մի բաժանմունքից մյուսը։

«Ես որ հանձնարարությունը տվել եմ, այսինքն՝ Թամամյանի խնդրանքով թույլատրել եմ էնտեղ (ՀՀ Ոստիկանության վարչական շենքում -հեղ.) հարցազրույց անցկացնել, ես այդքանը գիտեմ: Ընդամենը թույլատրել եմ, որ' այո, օրենքով սահմանված կարգով ինքն իրավունք է խնդրել, որ հարցազրույցն էնտեղ անցկացնի, ես էլ ասել եմ՝ այո, անցկացրու. դա է եղել իմ մասնակցությունը»,-ասում է Ոստիկանության գեներալ-մայոր Հայկ Միլիտոնյանը: Նա չորս տարի առաջ, երբ ոստիկանության շենքում Գուլյանը մահացել է,  եղել է Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը: Հովհաննես Թամամյանն այն ժամանակ նույն վարչության պետի տեղակալն էր: Գուլյանի հարազատները բազմիցս իրենց կասկածներն արտահայտել են Լևոնի մահվան գործում Թամամյանի' հանցավոր ներգրավվածության մասին: Նրա մասնակցությունը հանցագործության մեջ պարզելու համար, ըստ Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչ  Հրայր Ղուկասյանի՝ հարկավոր է իրականացնել գործի իրական քննությունը, որը մինչ օրս տեղի չի ունեցել:

«Օրենքով՝ վկաների հետ հարցազրույցի իրավունք ունի ոստիկանության ցանկացած աշխատող, այդ թվում՝ ինքը (Հովիկ Թամամյանը-հեղ.), նախորդ օրը գնացել է դեպքի վայր (սպանության դեպքի վայր, որով վկա էր Գուլյանը-հեղ.), ինքը հանդիսանում էր օպերատիվ խմբի ղեկավար»,- պատմում է Հայկ Միլիտոնյանը։

Հայկ Միլիտոնյանի համոզմամբ՝ ամեն բան եղել է օրենքի շրջանակներում և տեղի ունեցած սպանության գործով քննչական խմբի յուրաքանչյուր անդամ կարող էր հարցազրույցներ անցկացնել վկաների հետ։ «Հանցագործությունը բացահատելու համար իրենք տվյալներ հավաքելու, վերլուծելու և ներկայացնելու, վկաների հետ հարցազրույցներ իրականացնելու իրավունք ունեն»,- ասում է Հայկ Միլիտոնյանը։

Այն սպանությունը, որով վկա էր Լևոն Գուլյանը, գտնվում էր Շենգավիթի դատախազության քննիչ Առաքելյանի վարույթում, այսինքն՝ քրեական գործի նախաքննության համար պատասխանատուն այդ քննիչն էր։

«Եթե նույնիսկ ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ, խումբն ունի օժանդակող բնույթ. կա մի մարդ, ով պատասխանատու է գործի համար՝ նա քննիչն է: Մնացած անձինք օժանդակում են պրոցեսին։ Որոշումներն ընդունվում են և գործողությունները կատարվում են քննիչի կողմից,-բացատրում է փաստաբան Ղուկասյանը,- այն բանից հետո, երբ մարդը հարցաքննվել է որպես վկա, իր ու քննիչի միջև առաջացել են դատավարական հարաբերություններ։ Հետևաբար՝ այդ գործի շրջանակներում ոստիկանության ցանկացած աշխատակից կամ այլ քննիչ իր հետ կարող են առնչվել միայն միջնորդավորված ձևով' քննիչի միջոցով»:

Իսկ Լևոն Գուլյանի գործով կա Շենգավիթի դատախազության գրությունն այն մասին, որ իրենք մայիսի 10-ից հետո Լևոն Գուլյանի  հետ որևիցե գործողություն կատարել պլանավորած չեն եղել, որևիցե մեկին որևէ հանձնարարություն չի տրվել նրա հետ զրուցելու,  բերման ենթարկելու կամ այլ գործողության։ Այսինքն՝ հստակ է, որ դատախազությունը' այդ գործը քննող մարմինը, որևիցե մեկին հանձնարարություն չի տվել գործով վկային բերման ենթարկելու կամ հարցեր տալու մասին: Սա եղել է կամ ինքնագործունեություն ոստիկանության կողմից, կամ ընդամենը երկար տարիների ընթացքում ձևավորված արատավոր պրակտիկա՝ «մենք ներգրաված ենք խմբի մեջ, ուրեմն՝ մենք կարող ենք անել այն ամենն ինչ ուզում ենք»։

Ղուկասյանը նշում է նաև, որ ՀՀ-ում  որևէ օրենք կամ իրավական ակտ չի գործում, որը թույլ է տալիս քննիչի վարույթում գտնվող քրեական գործով որևէ ոստիկան հարցազրույց, կամ այլ գործողություն կատարի։

«Երբ ասում են' օրենքով են արել, ես ընդամենը կխնդրեի օրենքի հոդված և դրույթներ մատնանշել: Եղել է բացարձակ ապօրինի: Դրանից էլ մնում են կասկածներ, թե ինչ է տեղի ունեցել Գուլյանի հետ այդ 30-40 րոպեների ընթացքում: Մնում են ողջամիտ կասկածներ, որ տեղի չի ունեցել հարցազրույց, ոնց որ ներկայացվել է, որ եղել են խոշտանգումներ, որ անկումը տեղի չի ունեցել ենթադրյալ պատուհանից և այլն»,-ասում է Հրայր Ղուկասյանը։

Հատուկ քննչական ծառայությունն արհամարհում է Վճռաբեկ դատարանի որոշումը

«Գործի վերջին կարճումն իր հանդգնությամբ ու ցինիզմով գերազանցում է մնացածներին։ Այն բացահայտ անհարգալից վերաբերմունք է ոչ միայն Լևոն Գուլյանի հիշատակի ու նրա ընտանիքի հանդեպ, այլ՝ արհամարհանք Հայաստանի ամբողջ դատական իշխանության նկատմամբ, որովհետև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները չեն կիրառվում»,- ասում է Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանը։

2010թ.-ի օգոստոսի 27-ին Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ բավարարեց Գուլյանի իրավահաջորդների բողոքը, որով պարտավորեցնում էր նախաքննության մարմնին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, վերսկսել Լևոն Գուլյանի մահվան առիթով հարուցված քրեական գործի քննությունը և վերացնել այն խախտումները, որոնք թույլ են տվել նախաքննության ընթացքում։

Այդ որոշումից միայն 4 ամիս անց է նախաքննությունը վերսկսվել և մարտի 21-ին նորից որոշում է կայացվել գործի վարույթը կարճելու մասին։

«2 ամսից ավելի տևած ժամանակահատվածում ոչ մի գործողություն չի կատարվել, ու ոչ ոքի ոչ մի ծանուցում չի ներկայացվել»,- պարզաբանում է փաստաբան Ղուկասյանը։

Միայն գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը մի գրությամբ տեղեկացրել է քննիչին, որ մանեկենով փորձաքննություն կատարելը նպատակահարմար չէ, որովհետև դրանով միևնույն է ոչինչ չի պարզվելու:

«Այն, ինչ պետք է անեին հստակ նշված են դատական որոշումներում՝ վերացնել նախաքննության թերությունները. սկսած մանեկենի օգտագործման փորձարարությունից՝ պարզելու անկման պայմանները և իրադրությունը վերարտադրելը,  վերջացրած  պարզելը ենթադրյալ պատուհանից ընկնելու հանգամանքը։ Այդ պատուհանի վրա եղել են երրորդ անձանց մատնահետքեր, որոնք Գուլյանին չեն պատկանել, որոնք մինչև հիմա պարզված չէ թե ումն են: Փորձեր են արել պարզելու, բայց այդ փորձերը թերի են եղել, այդ սենյակում աշխատող անձինը չէ, Գուլյանինը  չէ, և կարճ ժամանակով այդ սենյակում եղած անձինը չէ, բայց թե ումն է՝ քննությունը չի պարզել»,-ասում է փաստաբան Ղուկասյանը։

Այժմ Գուլյանի իրավահաջորդները գործը կարճելու մասին բողոք են ներկայացրել դատարան։ Ավագ դատախազ Հարություն Հարությունյանը դատարանում մեկնաբանեց, որ «ոստիկաններից որևէ մեկի արարքում հանցակազմ չեն գտել», հետևաբար՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել է գործը։ Դատավարությունն ավարտված է,  մայիսի 25-ին դատավոր Խանդանյանը կկայացնի որոշում։

Գուլյանի իրավահաջորդների կարծիքով՝ երևույթներին, ապացույցներին տրված գնահատականները խիստ միակողմանի են և ենթակա են վերանայման։

«Հիմնական վարկածը, որ առաջ է  քաշված նախաքննությունում փախուստի փորձի ժամանակ անկումն է։ Այդ վարկածը հերքող բազմաթիվ ապացույցներ կան, օր.' շորերի, ձեռքերի վրա ցեմենտի, ավազի հետքերի բացակայությունը, որոնք պետք է լինեին փախուստի դեպքում: Իրենց վարկածով՝ ընկնելուց նա բախվել է գազի խողովակին, որը դեղին գույնի է, մասամբ՝ ժանգոտ. Գուլյանի շորերի կամ մարմնի վրա ոչ մի ներկի, ժանգի հետքեր չկան։ Սրանք այն ապացույցներն են, որոնք ցույց են տալիս, որ այդ վարկածը հիմնավորող օբյեկտիվ դրույթներ չկան: Բացի այդ հիմքում դրվում է նախաքննության մարմնի ենթադրություն, որի համար ոչ մի օբյեկտիվ ապացույց չկա »,- ասում է փաստաբան Ղուկասյանը։

Միջազգային զեկույցներում բազմիցս նշվել է Գուլյանի մահվան հանգամանքները բացահայտելու անհրաժեշտության մասին։ Գուլյանի մահվան չորրորդ տարելիցին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենը ուղերձով հանդես եկավ և մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ հերթական անգամ հանդես եկան հայտարարություն-պահանջով՝ իրականացնել Լևոն Գուլյանի մահվան հանգամանքների նոր, թափանցիկ ու արդյունավետ քննություն  և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Հրայր Ղուկասյանի կարծիքով՝ այս գործով ներպետական ատյաններում իրավունքի պաշտպանության միջոցները ոչ արդյունավետ են, ինչը հիմք է տալիս դիմել Եվրոպական դատարան։

«Ա՛յ անբարոյական, ինչո՞ւ ես խայտառակում մեր համակարգը»

Անկախ նրանից, թե ինչպես է որակվում Լևոն Գուլյանի մահը' սպանություն, թե՝ մահ փախուստի ժամանակ, միևնույնն է. մահը վրա է հասել ՀՀ ոստիկանության շենքում և պետությունն է պատասխանատու նրա մահվան համար: Կասկածից վեր է, որ ոստիկանական մի նեղ շրջանակ գիտի, թե ինչ է տեղի ունեցել վկա Լևոն Գուլյանի հետ , գիտի թե ինչպես են բռնության հետքեր հայտնվել նրա մարմնի վրա, գիտի թե ովքեր են բռնության հեղինակները։

Չորս տարիների ընթացքում  Գուլյանի գործին առնչվող ոչ մի ոստիկան ոստիկանական համակարգի պատիվն իրենը չհամարեց և չունեցավ համարձակություն  մատնանշելու այն անբարոյականին, ով խայտառակում է համակարգը:

Չնայած ՀՀ դատախազը միջազգային կառույցների ներկայացուցիչներին պատմում է, թե խոշտանգումների բացահայտումն առաջին հերթին ձեռնտու է դատախազությանը, բայց այս տարիների ընթացքում Գուլյանի մահվան գործով դեռևս ձեռնտու չէ խոշտանգումների փաստն ուսումնասիրելն ու բացահայտելը: Ավելին' այն աստիճան ձեռնտու չէ, որ Հատուկ քննչական ծառայությունն ուղղակի արհամարհում է դատական բարձրագույն ատյանի' Վճռաբեկ դատարանի գործը վերանայելու որոշումը:

Գուլյանի հարազատներն իրենց կասկածներն արտահայտել են Լևոնի մահվան գործում գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի' հանցավոր ներգրավվածության մասին։ Գուցե անարդարացի են նրանց  կասկածները, բայց դրանք ցրելու համար պետք է քննություն, որն այդպես էլ տեղի չի ունենում։ Հիմա չկան կասկածները ցրող՝ հակառակ ապացույցներ, փոխարենը կան Թամամյանի գործելաոճի վառ օրինակներ. ուրեմն այս պահին ավելի հավանական է մնում հարազատների կարծիքին տուրք տալը։

Երեկ ևս երկու ամսով երկարացվել է Հովհաննես Թամամյանի կալանքի ժամկետը։ Նա մեկ այլ գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Կգտնվի՞ այն ոստիկանը, ով չի հանդուրժի իր համակարգի խայտառակությունը, դատախազը կգտնի՞ գործը քննելու իր շահը՝ կախված է մի բանից. եթե ՀՀ նախագահը տա նման թույլտվություն կամ հրահանգ։

Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝www.hra.am