Տեսանկյուն

Մարտի մեկի գործով նոր տեսաձայնագրություն է հետազոտվում

26.05.2011

Մարտի 1-ի գործով քննչական խումբը նոր է հետազոտում համացանցով տարածված այն կադրերը, որտեղ երևում է, թե  ինչպես 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ իրավապահների շարքերից ինչ-որ անձինք կրակոցներ են արձակում:

Քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը նշում է, որ մինչ այդ ունեցել են այլ տեսագրություններ, բայց այս մեկը նոր է ու դեռ ժամանակ կպահանջվի, որ այն ամբողջությամբ հետազոտեն ու ներկայացնեն տվյալները հանրությանը։

ՀՀ նախագահի կողմից վերջերս տրված հատուկ հանձնարարականից հետո նորից ակտիվացել են քննարկումները ու նախաքննական մարմնի աշխատանքները։

Մայիսի 25-ի հանդիպման ժամանակ Հարությունյանը նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մոտ 50 նոր վկա է հարցաքննվել, բայց արդյունք չեն ստացել։ Պատրաստվում են քննել մոտ 600 վկայի ևս, իսկ 2008թ-ից ընդհանուր առմամբ մոտ 3000 մարդ է հարցաքննվել ու մինչև այսօր չեն պարզվել 10 զոհվածների մահվան հանգամանքներն ու մեղավորները։

Հարությունյանը մեծ հույս ունի, որ հասարակությունը կարող է հայտնել տվյալներ, որոնք կպարզեն որոշ հանգամանքներ. օրինակ' թե ով էայրված Ժիգուլի մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ում ինքնությունը մինչև հիմա չի պարզվել և մինչ այսօր ոչ մի քաղաքացի կամովին չի ներկայացել ու ցուցմունք չի տվել։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու մինչև այսօր չեն հարցաքննվել հանրապետության նախկին երկու նախագահները Հարությունյանը պատասխանեց. «Նախաքննության ընթացքում հնարավոր են ըստ գործի անհրաժեշտությունից' կոնկրետ անձանց, այդ թվում' նախագահների հարցաքննությունը, սակայն այսօրվա դրությամբ այդ հարցը դեռ որոշված չէ, եթե կարծեի անհրաժեշտ է նրանց հարցաքննելը մինչև հիմա կհարցաքննեի»:

10 քաղաքացիների սպանությունների վերաբերյալ հաստատվել է միայն, որ ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի եւ ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի' զանգվածային անկարգությունների մասնակիցների գործողությունների արդյունքում սպանված լինելը։

«4 անձինք վնասվածք են ստածել Չերյոմուխա 7 տեսակի գազային նռնակից ստացած վնասվածքներից, սակայն պարզել, թե կոնկրետ ում կրակոցից և ով է վնասվածք տվել' հնարավոր չէ։ Ակնհայտ է ու հաստատված, որ Համլետ Թադևոսյանը սպանվել է զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից նետված պայթուցիկ սարքի արձակած բեկորների հետևանքով։ Զանգվածային անկարգության մասնակցի արձակած կրակոցից վիրավորվել ու հետագայում հիվանդանոցում մահացել է ոստիկանության զորքերի զինվորը»,- ասում է Հարությունյանը։

Մեկ այլ անձ, նրա խոսքերով, վնասվածք է ստացել բութ գործիքից ստացած հարվածից, որն ամենայն հավանականությամբ  ցուցարարների կողմից նետված քարերից մեկն է եղել։

Հարությունյանը նշեց, որ ոչ մի հրաման չի տրվել ոստիկաններին, որ նրանք հարձակում գործեն ու նրանք պարզապես գնացել են ստուգելու'արդյոք զենք կա ցուցարարների մոտ, թե' ոչ։

Ըստ Հարությունյանի' դեպքի վայրում հայտնաբերած մոտ 1700 պարկուճներ համեմատվել են ոստիկանության աշխատակիցների ու զինվորականների զենքի հետ, բայց նույնացում չի հայտնաբերվել։ Հարությունյանը նշում է, որ իրենց հայտնի չէ, որ դեպքի վայրում հնարավոր է լինեին նաև օլիգարխների աշխատակիցներ իրենց զենքերով, հետևաբար այդ զենքերի հետ համեմատություն ևս չի արվել։

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող այս գործի մասին հասարակությանը տեղեկացնելու նպատակով  այսուհետ  յուրաքանչյուր ամիս քննչական մարմինը հանդիպելու են զանգվածային լրատվության ներկայացուցիչների հետ:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am