Տեսանկյուն

Հունիսի 26. խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր (վիդեո)

26.06.2011

Հայաստանում չկա վիճակագրություն, թե տարեկան քանի մարդ է խոշտանգվում: Խոշտանգման դեպքերի մասին տուժողները հաճախ չեն բարձրաձայնում: Բռնություն կիրառողները հազվադեպ են պատասխանատվության ենթարկվում, իսկ տուժողները վախենում են, որ բարձրաձայնելը կարող է ավելի ծանր հետևանքների հանգեցնել։

Մեծ հասարակական հնչեղություն ստացավ Լևոն Գուլյանի մահվան դեպքը ՀՀ Ոստիկանությունում։ Վերջինս 2007թ. մայիսի 12-ին որպես վկա կանչվել էր ՀՀ Ոստիկանություն: Փաստաբանները, որոնք ներկա են գտնվել դիակի դատաբժշկական փորձաքննությանը, հրաժարվել են մանրամասներ ներկայացնել, սակայն հայտնել են, որ մարմնի վրա բռնության հետքեր են եղել: Գուլյանի մահվան գործով ոչ ոք մինչ օրս չի ենթարկվել պատասխանատվության։

2010 թ. ապրիլի 13-ին 24-ամյա Վահան Խալաֆյանը մահացել է ՀՀ Ոստիկանության Չարենցավանի բաժնում։ Իրավապաշտպաններն ու մահացածի հարազատները պնդում են, որ Խալաֆյանն իրականում սպանվել է, ներկայումս գործը գտնվում է բողոքարկման փուլում:

Ստեփան Հովակիմյանը, ով մեղադրվում է «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված  գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավորին հայտնել է, որ 2010թ. հունվարի 14-ին և փետրվարի 6-ին նրա նկատմամբ բռնություն է կիրառվել, որի արդյունքում կորզվել է ինքնախոստովանական ցուցմունք։

Մեկ այլ գործով մեղադրյալ Սաշա Դավթյանը ենթարկվել էր խոշտանգումների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։ Նույն գործով տուժողը և նրա քույրը նույնպես 4 օր շարունակ ՀՀ Կենտրոն ոստիկանությունում ենթարկվել են խոշտանգումների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։ 2009թ. դեկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրեց Սաշա Դավթյանին։ Սակայն քննություն չիրականացվեց  խոշտանգումների փաստի կապակցությամբ, որի մասին հայտարարություն էր արվել դատարանում: Սաշա Դավթյանին և նրա դուստրերին խոշտանգումների  ենթարկած ոստիկաններից որևէ մեկն առ այսօր  պատասխանատվության չի  ենթարկվել:

Հայաստանը 1993թ. միացել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիային:

Ըստ ՄԱԿ-ի Կոնվենցիայի 1-ին հոդվածի' «խոշտանգում» հասկացությունը նշանակում է ցանկացած գործողություն, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք՝ նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ կատարման մեջ կասկածվում է նա կամ երրորդ անձը, կամ նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից կամ նրանց դրդմամբ կամ համաձայնությամբ։ 

ՀՀ Քրեական օրենսգրքում «խոշտանգում» եզրույթը չի համապատասխանում ՄԱԿ-ի Կոնվենցիայի սահմանմանը: Ըստ ՀՀ օրենսդրության (ՀՀ Քրեական օրենսգիրք, հոդված 119)' խոշտանգումը ցանկացած այնպիսի գործողություն է, որի միջոցով դիտավորյալ կերպով անձին պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք: Այսինքն'մեր օրենսդրությամբ խոշտանգումը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, այն կարող է կատարվել ցանկացած անձի կողմից և բացակայում է կոնկրետ նպատակը:

Կոնվենցիայի 1-ին հոդվածում տրված խոշտանգման հատկանիշները արտացոլված են ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածում. «Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը»։

ՀՀ քրեական օրենսգիրքը որպես խոշտանգում քրեականացրել է միայն դատավարության ընթացքում խոշտանգմամբ ցուցմունք կամ ցանկալի եզրակացություն տալուն հարկադրելու դեպքերը՝ դուրս թողնելով ընդհանրապես պետական պաշտոնատար անձի կողմից կամ նրա հովանավորությամբ որոշակի նպատակով Կոնվենցիայի իմաստով խոշտանգման կիրառման բազմաթիվ այլ ոլորտներ՝ խոշտանգում հանրահավաքների ժամանակ (օրինակ ոստիկան-ցուցարար) քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում և այլն։

Խոշտանգումների մասին դեպքերը հաճախ չեն բացահայտվում, քանի որ տուժողները հազվադեպ են բարձրացնում իրենց դեմ բռնությունների կիրառման խնդիրը:

Աղբյուրը՝ www.hra.am