Տեսանկյուն

Համակարգչի տիրոջը գտել են, տեսանյութը տեղադրողին՝ ոչ

15.07.2011

«Մարտի 1-ի» գործով քննչական խումբը մեկուկես ամիս ուսումնասիրելով նոր ի հայտ եկած տեսանյութերը դեռ ոչ մի էական բան չի պարզել, բացի նրանից, որ տեսանյութ տեղադրող մարդու համակարգչից օգտվում են շատերը ու տվյալ մարդը չգիտի, թե ով է այդ տեսանյութը տեղադրել։

Համացանցով տարածված կադրերում երևում է, թե  ինչպես 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ իրավապահների շարքերից ինչ-որ անձինք կրակոցներ են արձակում:

ՀՀ նախագահի կողմից վերջերս տրված հատուկ հանձնարարականից հետո արդեն հարցաքննել են մոտ 140 վկայի ու դեռ պատրաստվում են 460-ին էլ քննել, բայց մինչև այսօր էական փաստեր չեն արձանագրել։ Հիշեցնենք, որ մինչև նախագահի հանձնարարականը 3 տարվա մեջ հարցաքննվել է 3000 մարդ ու մինչև այսօր չեն պարզվել 10 զոհվածների մահվան հանգամանքներն ու մեղավորները։

«Տեսանյութերի փորձաքննությունների եզրակացություններն ենք ստացել, որտեղ կրակոցների դրվագի հետ կապված փորձագետի միջնորդության հիման վրա երեկ կատարվել է քննչական փորձարարություն ոստիկանության զորքերի սպառազինությունում եղած զենքերի կիրառմամբ նույնականացում ապահովելու համար, որ կարողանանք պարզել, թե կադրում երևացող ոստիկանական համազգեստով մարդն ինչ զենքից է կրակում։ Մյուս տեսանյութերի վերաբերյալ կա համակարգչատեխնիկական փորձաքննությունների եզրակացություններ, որով արձանագրվել է՝ համակարգչային տեխնիկայի կիրառմամբ նույնացման համար պիտանի կադրեր չկան» ,- մանրամասնեց  «Մարտի 1-ի» քրեական գործով քննչական խմբի ղեկավար, ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Վահագն Հարությունյանը։

Հարությունյանը հայտնում է, որ տեսանյութում կրակող անձին բացահայտելուց հետո, անպայման կքննարկվի փորձաքննությունն արտերկրում արտերկրի մասնագետների օգնությամբ կատարելու հարցը։

Երբ լրագրողները մի քանի անգամ հարցրին, թե Հարությունյանը կոնկրետ աշխատանքներ տանու՞մ է պարզելու համար այն անձանց, ովքեր օգտվել են  այն համակարգչից, որով տեսանյութը տեղադրրվել է համացանց, Հարությունյանը պատասխանեց.Բացահայտելու խնդիր չի դրված, որ բացահայտենք։ Կոնկրետ տեղադրողին հարցաքննելու կամ նրա անձը հայտնի դարձնելն էր նպատակը։ Դե թողնենք տեղադրողի խղճին, եթե գտնեն նպատակահարմար, եթե կան կադրեր ու մինչև այսօր չեն քննարկվել, կարող են ներկայացնել նախաքննությանն առավել մանրակրկիտ դրանք հետազոտելու, ուսումնասիրելու և դրանց արդյունքները գնահատելու համար»,- ասաց Հարությունյանը, ով լրագրողներին սկսեց համոզել, որ իր խոսքերը չեն նշանակում, որ իրենք այդ մարդկանց բացահայտելու ուղղությամբ աշխատանքներ չեն տանում։

Հարությունյանը դեռ անհրաժեշտ չի համարում հանրապետության նախկին երկու նախագահներին հարցաքննությունը։

«Մարտի 1-ի» քրեական գործով քննչական խմբի անդամների հետ հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին։ 

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am