Տեսանկյուն

Բնակարանային հերթագրում. վանաձորցի ազատամարտիկը 4 տարի սպասել է իր հերթին ու տեղեկացել, որ հերթացուցակից հանվել է իր անունը

08.09.2011

Այս տարվա ապրիլի 22-ին ՀՀ Պաշտպանության նախարարության (ՊՆ) բնակհանձնաժողովը որոշում է կայացրել Վանաձորում գրանցված, ղարաբաղյան պատերազմում հաշմանդամ դարձած ազատամարտիկ Կարապետ Հովհաննիսյանին հանել բնակարան չունեցող անօթևանների հերթացուցակից:

«Օրեր առաջ եմ ստացել գրությունը, մինչ ստանալն էլ դեռ հունիսին, հուլիսին տարբեր դիմումներ եմ գրել, բայց ինձ այն ժամանակ չէին տեղեկացնում, որ դեռ ապրիլին հանել են հերթացուցակներից»,-ասում է Կարապետ Հովհաննիսյանի դուստրը՝  35-ամյա Լուսինեն:

ՊՆ-ից բացատրում են, որ ՀՀ կառավարության 09.06.2005թ. թիվ 947-Ն որոշման պահանջների համաձայն՝ բնակարանային հաշվառման հերթագրման պահին Կարապետ Հովհաննիսյանը չի ունեցել տվյալ բնակավայրում վերջին 5 տարվա մշտական գրանցում:

Լուսինեի հայրը՝ Կարապետ Հովհաննիսյանը, 2008 թ.-ից հաշվառված էր Լոռու մարզպետարանի կողմից ՊՆ ուղարկված բնակարան չունեցողների (անօթևանների) հերթացուցակում՝ 1271 հերթական համարով:

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունից hra.am-ին փոխանցեցին, որ Կարապետ Հովհանիիսյանը հերթաթուցակներում հաշվառվել է Տեղական ինքնակառավարման մարմինների թերացման կամ բնակավայրում 5 տարի հաշվառված չլինելը չնկատելու հետևանքով, ինչը բացահայտվել է, ու վերջինս հանվել է հերթացուցակից:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ' Կ.Հովհաննիսյանին հերթացուցակից հանելու մասին որոշում կայացնելն անհիմն է և ենթակա է անվավեր ճանաչման:

«Կ. Հովհաննիսյանի մշտական բնակության վայրը անձնագրի տվյալների համաձայն Վանաձոր քաղաքն է, գրառումը կատարվել է 1998 թվականին: Հերթացուցակում նա հաշվառման է վերցվել 2008-ին»,-բացատրում է իրավապաշտպանը:

Սակայն այս որոշմամբ՝ 7 հոգանոց ընտանիքը զրկվել է անգամ հերթին սպասելով գոնե բնակարան ունենալու հնարավորությունից: Լուսինեն ասում է, որ իր ընտանիքի անդամները՝ հայրը, երկու եղբայրները, աղջիկը, 5 տարի և ավելի գրանցված են Վանաձորում:

Բնիկ վանաձորցի Կարապետ Հովհաննիսյանը 1990 թ. ղարաբաղյան պատերազմի ժամանակ վեց հոգուց բաղկացած ընտանիքով ու եղբոր տղայի հետ մեկնել է  ԼՂ Հադրութի շրջան' ապաստանելով Մեծ Թաղլար գյուղում: Հովհաննիսյանները Վանաձորում են թողնում երկրաշարժից կիսաքանդ դարձած վարձով բնակարանը' սեփական տուն ու աշխատանք ունենալու հույսերը կապելով Ղարաբաղի հետ: Սակայն հետագայում ընտանիքը վերադառնում է Հայաստան։

«Եթե մինչև հիմա կռվում էինք շուտ տուն ստանալու համար, ապա արդեն վերջին հույսն էլ մարեց: Հիմա ի՞նչ անենք՝ կամ պիտի դիմենք որևէ երկրի դեսպանատուն՝ փախստականի կարգավիճակ ուզենք, կամ գնանք  ՀՀ նախագահի նստավայրի առաջ պալատկա խփենք, ապրենք, որ տեսնեն՝ մենք տուն չունենք»,-ասում է պատերազմին որպես կապավոր մասնակցած Լուսինեն:

«Ճիշտ է՝ տարբեր ժամանակներ տարբեր բնակարաններում ենք մնացել, որովհետև տուն չունենք, բայց դրանից միայն հասցեն է փոփոխվել, հո բնակավայրը չի փոխվել, Վանաձորը մնացել է նույն Վանաձորը»,-բացատրում է Լուսինեն, ով մինչ այդ պայքարում էր հերթացուցակի վերանայման համար:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի իրավաբան Արայիկ Զալյանն ասում է, որ տվյալ պարագայում տեղի է ունեցել անձի՝ սեփականության իրավունքի միջամտություն, և որ նման որոշում կայացնելուց առաջ տվյալ վարչական մարմինը պարտավոր էր նիստի կայացման օրվա, ժամի մասին տեղյակ պահել ընտանիքի անդամներին:

«Դա կոպիտ խախտում է, ինչի պատճառով անձը հնարավորություն չի ունեցել իր շահերը, իր դիրքորոշումը հայտնելու տվյալ նիստի ժամանակ: Բոլոր ապացույցները կան, որ անձը 5 տարի և ավելի բնակվել է Վանաձորում, բայց քանի որ տեղյակ չի եղել այդ նիստի կայացման մասին, զրկվել է այդ փաստաթղթերը ներկայացնելու հնարավորությունից»,-խախտումների մասին է  պատմում իրավաբանը:

Բացի այդ՝ իրավաբան Զալյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Լուսինե Հովհաննիսյանի՝ ապրիլից հետո ՊՆ ուղարկված դիմումների պատասխաններում չի տեղեկացվել հերթացուցակից հանելու որոշման մասին, և ընտանիքը դրա մասին իմացել է մի քանի ամիս անց:

«Անձն իրավունք ունի տվյալ որոշումը բողոքարկելու: Իսկ վարչական ակտերը բողոքարկելու համար հստակ ժամկետներ են սահմանված: Տեղեկություն չհայտնելը կամայական բնույթ է կրել՝ հետագայում բողոքարկման պրոցեսի վրա ազդելու համար»,-կասկած է հայտնում իրավաբանը:

ՀՀ ՊՆ բնակհանձնաժողովի նիստում կայացված որոշումը բողոքարկելու համար Հովհաննիսյանների ընտանիքը դիմելու է Վարչական դատարան:

Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը՝ www.hra.am