Տեսանկյուն

Կոնդի բնակիչները մտահոգ են. կառուցապատողը չի կատարում պարտավորությունները

20.09.2011

Պետության գերակա շահի համար իրացման ենթակա Կոնդ թաղամասի խնդիրն այդպես էլ  վերջնական լուծում չի ստանում: Ներկայիս կառուցապատող «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն  առանց մեկնաբանության դադարեցրել է կառուցվող շենքի շինարարությունը, որտեղ պետք է բնակարան ստանան նաև իրացված գոտու բնակիչները։

Դեռ խորհրդային տարիներին երկրի գործադիր իշխանությունները հաստատել էին Կոնդի վերականգնման մի նախագիծ, ըստ որի՝ երկու տարում պետք է ավարտված լինեին շինարարական աշխատանքները: 1990-ականների սկզբին գործընթացը դադարեցվեց: Տարիներ անց՝ 2006թ ՀՀ Կառավարության որոշմամբ Կոնդ թաղամասը ճանաչվեց հանրային՝ բացառիկ գերակա շահ: Կառուցապատող «Դաունթաուն Երևան» ՓԲԸ պարտավորվել է մինչև 2012թ իրացնել ընդհանուր 175.769 քմ տարածք զբաղեցնող թաղամասը: 2007 թ. ընկերությունը սկսել է բանակցություններ վարել և պայմանագրեր կնքել սեփականատերերի հետ: Այդ պայմանագրերով՝ կոնդեցիները տեղում կառուցվելիք բազմաբնակարան շենքում համարժեք մակերեսով բնակարան պիտի ստանան:

Կոնդի տների մի մասը քանդվեցին և ընկերությունը Սուրբ Հովհաննես եկեղեցու և «Դվին» հյուրանոցի հարևանությամբ սկսեց բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքները, բայց մինչև հիմա կառուցված է միայն շենքի հիմքը և մի հատվածում 4-5 հարկի կմախքը:

«Իմ պայմանագիրը կնքել եմ 2008թ հունիսի 20-ին՝ 36 ամիս ժամկետով: Այսինքն՝ այս տարվա հունիսին ես արդեն պիտի իմ բնակարան մտնեի, բայց շենքի 20 տոկոսն էլ չի կառուցված: Պայմանագրի կետանցի համար կառուցապատողը պարտավոր է տույժ վճարել՝ պայմանագրի արժեքի 0,05 տոկսի չափով յուրաքանչյուր օրվա համար: Բայց կվճարի՞...»,- հռետորական հարց է տալիս Կոնդի բնակիչ Սոնյա Եղյանը:

Նրա խոսքերով՝ թվով 909 գույքային միավորից իրացված է միայն 198-ը (35.000 քմ տարածք) և արդեն մեկուկես տարի է, ինչ բանակցություններ  չեն վարվում, պայմանագրեր չեն կնքվում:

Կոնդի բնակիչներն անորոշության և վախի մեջ են՝ արդյոք «Դաունթաուն Երևանը» կկատարի՞ պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները: Նրանք նամակներով դիմում են իրավասու տարբեր մարմինների և այդպես էլ չեն ստանում սպառիչ պատասխաններ, թե ինչո՞ւ է իրացման գործընթացը սառեցվել, իսկ շինարարական աշխատանքները՝ դադարեցվել:

Դիմումներին ի պատասխան՝ Քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակից» (ԾԻԳ) նրանց հավաստիացնում են, որ ընկերությունը «պատրաստակամ է պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները ժամանակին և պատշաճ կերպով կատարել»: Իսկ «Դաունթաուն Երևան» ընկերությունը տեղեկացնում է, որ «Կոնդ թաղամասում մինչև Կառավարության որոշման ժամկետի ավարտը շինարարական աշխատանքների գործընթացը կընթանա բնականոն ճանապարհով»:

Կոնդեցիներն արդեն չեն հավատում ո՛չ Քաղաքապետարանի, ո՛չ կառուցապատողի հավաստիացումներին: Նրանք բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին՝ պահանջելով, որ իրացման գործընթացը և շենքի կառուցման աշխատանքներն արագացվեն:

Կոնդի բնակիչներն ունեն առողջական լուրջ խնդիրներ

Կոնդ թաղամասի տները, որոնք բնակիչները նույնիսկ դժվարանում են տուն կոչել, սպառել են վաղեմության ժամկետները: Բնակիչների պնդմամբ՝ մինչև 300 տարվա հնության կիսաքանդ շինություններ կան:

«Տուն չկա, որ հիվանդ չլինի: Մենք ամառ-ձմեռ արևի լույս չենք տեսնում: Տները բորբոսնած են, խոնավ, պատի ծեփերը թափած, ճաքած... Տուբերկուլյոզի համաճարակ է, էդ բորբոսից ինչ հիվանդություն ասես, չի առաջանում: Մեր երեխաները փոքր տարիքից ջուր են կրում: Ջուր կրելուց մարդկանց ողնաշարը ծռվում է, գրիժաներ ես ստանում: Երիտասարդ կանայք երեխա չեն կարողանում ունենալ. պետք է առողջ լինեն, որ առողջ երեխա ունենան... Էլ ո՞րն ասեմ՝ միջատներն ու առնետները վխտում են տներում»,- պատմում է Կոնդի բնակիչ Տատյանա Իգիթյանը:

Կոնդեցիները չեն կարողանում իրենց տունը բարեկարգել՝ կամ շինարարության թույլտվություն չեն տալիս, կամ հնարավորություն չունեն: «Էս տները վերանորոգել չի լինի, պիտի հիմքից քանդես, նոր տուն գցես: Բայց ո՞վ է ի վիճակի նման ծախս անել՝ իմանալով, որ պիտի տունը քանդեն: Ոչ ոք ավելորդ փող չունի, որ ջուրը գցի»,- նշում է Տատյանան:

«21-րդ դարում Երևանի կենտրոնում ապրող մարդիկ զուրկ են տարրական կոմունալ հարմարություններից. ո՛չ ջուր են քաշում, ո՛չ հոսանք՝ ասում են՝ կարմիր գոտի է: Խնդրում ենք, որ փողոցները սարքեն, ասֆալտապատեն, էլի ասում են՝ իրացման գոտի է: Բա մենք ի՞նչ անենք, մենք մեղք ունե՞նք, որ չեք իրացնում»,- ասում է Սոնյա Եղյանն՝ ավելացնելով, որ կոնդեցիները նույնիսկ պատրաստ են քաղաքի ծայրամասի հետ փոխել իրենց կենտրոնի տունը, միայն թե նորմալ պայմաններում ապրեն:

Կոնդը քաղաքին կապող միակ նեղ փողոցը զառիթափ է և ձմռանը սառցակալում է ու դառնում անանցանելի: «Մենք ձմռանը պատերը ճանկռելով ենք քայլում՝ ո՛չ տրանսպորտ կա, ո՛չ մեքենա է կարողանում մտնել նեղ փողոցները»,- ասում է տիկին Սոնյան: Իսկ Տատյանան ավելացնում է, որ նույնիսկ շտապ օգնության մեքենան Կոնդից կանչ գրանցելիս ճշտում է՝ ո՞ր փողոցն է, եթե նեղ փողոց է, չի գալիս:

«Մենք ոչ ոքի պետք չենք, էլ պաշտոնյա չմնաց, ում չենք դիմել Կոնդի հարցով՝ ոչ ոք մեզ չի ասում, թե ի՞նչ է լինելու սրա վերջը: Կոտորվում  ենք, սա եղեռն ա»,- բողոքում է  Տատյանա Իգիթյանը:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am