Տեսանկյուն

Ամուլսար. վտանգավոր ուրանի և թանկարժեք ոսկու պաշար

24.10.2011

«Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ Ամուլսարից միայն ոսկի են ուզում, իսկ բնապահպանները շարունակում են պնդել, որ այդ նույն հանքում գտնվող 70 տոննայից ավելի ուրանը տարածաշրջանը ռադիացիայի ենթարկելուց հաշվի չի առնի իրենք ոսկի՞ են ուզում, թե՞ այլ բան:

«Արևորդի» բնապահպանական փառատոնի շրջանակներում ցուցադրվեց «Ամուլսար' ոսկու տենդ» ֆիլմը, բնապահպանները ներկայացրեցին իրենց մտահոգությունները, որոնց հետ «Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչը չհամաձայնեց:

Ամուլսարը գտնվում է Երևանից 170 կմ հեռավորության վրա' երկու մարզերի' Վայոց Ձորի և Սյունիքի սահմանին: Ամուլսարի տարածքում աճում են 248 տեսակի բույսեր, որոնցից 6-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Ապրում են 60 տեսակ կաթնասուն կենդանիներ, 12 տեսակ սողուններ, 2 տեսակ երկկենցաղներ և 5 տեսակ ձկներ: Բնապահպանները նախ մտահոգված են ոսկու հանքավայրի շահագործման պատճառով այս ամենի վերացման վտանգով:

Ամուլսարի մոտ երկու ջրամբար կա՝ Կեչուտինը և  Ամուլսարից 2 կմ հեռավորության վրա գտնվող Սպանդարյանի ջրամբարը, որը Հայաստանի 2-րդ ամենախոշոր ջրամբարն է' 257 միլիոն խորանարդ մետր տարողությամբ։

«Նաև շատ վտանգավոր ենք համարում հանքավայրի շահագործումը Ջերմուկ առողջարանային համալիրի ու շրջակա 6000-ից ավելի բնակչության համար, որը Ամուլսարի գագաթից ընդամենը 12 կմ հեռավորության վրա է գտնվում»,- ասում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը:

Բնապահպանները հիշեցնում են, որ Ջերմուկը միջազգային առողջարան է: Ջրավազանը, որտեղ ձևավորվում են բուժիչ ջրերը, հիդրոլոգիական արգելավայրի կարգավիճակ ունի և մտնում է Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների ցանցի մեջ: Այստեղ ներդրումներ են կատարվում' ուղղված տուրիզմի, առողջարանային-հանքաջրաբուժական հաստատությունների ցանցի  զարգացմանը:

Հանքավայրը շահագործելու համար «Գեոթիմ» ընկերությունից պաշտոնապես հայտարարեցին, որ օգտագործելու են տարրալուծող հեղուկ՝ ցիանիդ, որը վնասակար է առողջության համար: Բացի այդ, շահագործման ընթացքում պայթեցման աշխատանքներից հետո՝  մի քանի րոպե անց, փոշին նստելու է շրջակա տարածքներում, որը ևս վտանգավոր է.

«Հանքավայրի շահագործման արդյունքում կառաջանա կապար, որը ազդում է նյարդային ու արյունատար համակարգերի վրա ու կունենանք բարձր մահացություն այդ տարածքում, ինչպես նաև՝ թերզարգացում կարող է առաջացնել: Բացի այդ, ոսկու հանքավայրից  առաջացած ցիանիդները շնչառական մեծ խնդիրներ են առաջացնում. այդ մանր փոշին մինչև 30կմ տեղաշարժվում է, կուտակվում է բույսերի մեջ, անցնում է կենդանական շղթային ու անմիջապես հասնում մեզ»,- ահազանգում է Քնարիկ Գրիգորյանը՝  «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի էլոլոգիական առողջության բաժնի աշխատակիցը:

Երկրաբան Ռուբեն Յադոյանը նշեց, որ մինչև այսօր չի շահագործվել մի հանքավայր, որը չի ազդել շրջակա միջավայրի վրա՝ որքան էլ առաջնորդվեն միջազգային ստանդարտներով:

«Հանքավայրի նույնիսկ բաց շահագործման պայմաններում դուք չեք գնահատել ակնհայտ ռիսկերը: Հանքավայրի շահագործման արդյունքում դուրս մնացած թունավոր նյութերի մասով ոչ մի կոնկրետ քայլեր չեք մշակել ձեր նախնական ծրագրերի մեջ ու հաշվի չեք առել, որ Ջերմուկը շատ նուրբ 6-7 հանքավայրերի միացություն է, որը  մի թեթև  ցնցումից կարող է իր ճանապարհը փոխել»,- Յադոյանն իր անհանգստությունը փոխանցեց հանքը շահագործել պատրաստվող ընկերության սոցիալական հարցերով մենեջեր Արմեն Ստեփանյանին:

Ֆիլմի հեղինակների տվյալներով՝ հանքաքարի մեկ տոննայի մեջ 1 գրամ ոսկու պարունակության դեպքում (թվերը' Lydian International-ի) տարածքում կմնա 70 միլիոն տոննա թափոն, իսկ հանքավայրի շահագործումից հետո կունենանք լցակույտերի տակ թաղված 420 հա տարածք: «Լիդիան ինթերնեյշնլ»-ը Ամուլսարի պաշարները գնահատում է 70 տոննա:

Արմեն Ստեփանյանը նշեց, որ իրենք ոչ մի վտանգ չեն տեսնում ու դեռ շարունակում են հետազոտական աշխատանքները։ Նա չմանրամասնեց, թե ի՞նչ են անելու հանքավայրի շահագործումից առաջացած թափոնների հետ կամ բնակիչների մոտ առողջական խնդիրներ առաջանալու դեպքում:

Ընկերության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում չի նշվում, որ հանքավայրի շահագործման հետևանքով հնարավոր է' շրջակա միջավայրի ջրային պաշարների աղտոտում: Շեշտվում է միայն՝ տարածքի ջրերում չեն հայտնաբերվել մետաղներ, որոնց պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի չափանիշները:

Իսկ ուրանի առկայության մասին Ստեփանյանը նշեց, որ շատ չնչին տոկոսով են հայտնաբերել ու անկեղծ զարմացավ. «Ինչքա~ն կարելի է խոսել ուրանի մասին: Մենք հողի նմուշները ուղարկվել են Չեխիա, չափվել են ռադիացիան ու բավարարում են ամենախիստ պահանջներին։ Երկու շաբաթ առաջ կառավարությունից, Միջուկային անվտանգության պետական կոմիտեից այցելել են, վերցրել նմուշներ ու կատարել չափումներ, սպասում ենք այդ տվյալներին»։

www.hra.am -ի  հարցին՝ արդյոք բացառում են, որ ուրան ընդհանրապես կա հանքավայրում ու դա կարող է ազդել բնակչության կյանքի վրա, Ստեփանյանը հրաժարվեց  պատասխանել:

Հիշեցնենք, որ 2007թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակված Գ.Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածի՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչև 0,5 %: Ամուլսարի երևակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան: Իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում' ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա:

«Գեոթիմ» ընկերության ղեկավարներն ամբողջությամբ հերքում են հոդվածի գիտական արժեքը:

Այս հարցով պետական մարմիններից պատասխանատու է ՀՀ էներգետիկայի և բնական  պաշարների նախարարությունը, որի պաշտոնական պատասխանի համաձայն՝ փորձանմուշներում ուրան չի հայտնաբերվել։ Նախարարությունն իր պատասխանում հղում է կատարել ոչ թե իր սեփական հետազոտություններին, այլ «Lydian International»-ի' այսինքն շահագրգիռ կողմի պատվերով արված հետազոտություններին:

Ամուլսարի նախագծի ներդրողների թվում, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ տվյալների համաձայն, կան երկու ազդեցիկ ֆինանսական ինստիտուտներ' Համաշխարհային բանկի ընկերությունների խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը:

Կարինե Իոնեսյան

Ամուլսարի լուսանկարները՝ www.lydianinternational.co.uk
Աղբյուրը՝ www.hra.am

Աղբյուրը՝ www.hra.am