Տեսանկյուն

Մասնագիտությունը՝ քաղաքացիական դիրքորոշում արտահայտող մարդ (վիդեո)

04.11.2011

Գրինը ծնվեց, ապրեց ու կյանքից հեռացավ ժամանակից շուտ՝ մարդկանց ստիպելով իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել արմավենու յուղի արտադրության պատճառով բնությանը վնաս հասցնելու վերաբերյալ:

«Գրինը» կանաչ է նշանակում թարգմանաբար, բայց այս պարագայում դա Ինդոնեզիայի անտառներում բնակվող այժմ արդեն գոյություն չունեցող էգ օրանգուտաններից (կապիկի տեսակ) մեկի անունն է, որի մահվան տեսարանների միջոցով մարդիկ իմացան, թե արմավենու յուղ ստանալուց հետո ինչ է կատարվում արմավենիների վրա բնակվող կենդանիների հետ:

49 րոպե տևողությամբ «Գրինը» ֆիլմը, որը ներկայացնում է ինդոնեզական արևադարձային անտառի, անտառահատման և օրանգուտանների վերացման վտանգը նկարել է ֆրանսիացի ռեժիսոր Պատրիք Ռուսելը, ով մասնագիտությամբ ռեժիսոր չէ, ոչ էլ լրագրող. ասում է, որ մասնագիտությամբ պարզապես քաղաքացիական դիրքորոշում արտահայտող մարդ է:

Այս ֆիլմն աշխարհի ճանաչված փառատոնների շրջանակներում բազմաթիվ մրցանակներ է  ստացել։ Արևորդի 6-րդ բնապահպանական միջազգային փառատոնի այս տարվա «Արևորդի փառատոնի ընտրություն» մրցանակը 19-րդն էր, որը Ռուսելը ստացել էր այս ֆիլմի համար:

Չնայած նման հեղինակություն վայելելուն, ֆիլմը աշխարհում գնվել է դեռ միայն 10 հեռուստաընկերությունների կողմից։ Ռուսելի կարծիքով՝  սա դասական օրինակ է ցույց տալու, որ հեռուստատեսությունները մտահոգված չեն բնապահպանական խնդիրները վեր հանելով և ուզում են միայն գումար վաստակել:

«Զարմանալի է, բայց ֆիլմեր գնում են ավելի փոքրիկ երկրները. օրինակ Միացյալ նահանգներում,Մեծ Բրիտանիայում ու Ավտրալիայում չցանկացան գնել, իսկ Իտալիան, Ֆրանսիան, Բելգիան, Լեհաստանը , Ճապոնիան գնել են: Որպես պատճառ ասում են, որ իմ ֆիլմը համր է ու հաղորդավարական տեքստ չկա»,- ասում է ռեժիսորը:

Ձայն չկա, քանի որ ֆիլմը ներկայացնում է օրանգուտանների կյանքը ու բնական ձայները, մարդկանց միջամտությունն այդ կյանքին տարբեր սարքավորումների հակաբնապահպանական ձայներով: Ռեժիսորը կարծում է, որ ինքն ամեն ինչ արդեն ասում է այդ ձայներով: Ֆիլմը, բնականաբար, նաև չեն ցուցադրում, քանի որ այն կարող է վնասել իրենց անմիջական գովազդատուներից ստացվող գումարային հոսքին:

«Գրինը»  ապացուցում է, որ ամեն օր ուտելով, օրինակ՝ Nutella, Kit-Kat կամ օգտագործելով Dove, Head& Shoulders և այլ ճանաչված ապրանքանիշեր, որոնք գովազդվում են նույն հեռուստաընկերություններով, մենք սպանում ենք օրանգուտաններին. վիճակագրական տվյալներն ապացուցում են սա։

«Բայց կան ընկերություններ, որոնք այս ֆիլմից ու միջազգային այլ կազմակերպությունների պայքարից հետո դադարեցին օգտագործել արմավենու յուղ իրենց արտադրանքի մեջ»,- ուրախությամբ արձանագրում է ռեժիսորը:

Ռուսելն այժմ էլ պայքարում է գորշ արջերի իրավունքների համար, ում պահում են վանդակներում: Ինդոնեզիայում նա մի արջի իր վանդակից տեղափոխել է բնության մեջ ու ինչպես ինքն է ասում՝ նրա հայրն է դարձել:

«6 ամսով մեկնում եմ այնտեղ ու պատրաստվում եմ այդ արջի միջոցով բացահայտել այդ բնաշխարհը»,- ասաց նա:

Ռուսելը գործազուրկ է, այսինքն որևէ տեղից չի ֆինանասավորվում, միայն ստանում է գործազրկության համար նախատեսված թոշակ իր պետության կողմից, երբեմն էլ նկարած ֆիլմերից գումարներ է ստանում: Ասում է, որ դժգոհ չէ ոչ մի բանից ու թեև արդեն 45 տարեկան է, բայց դեռ ամուսնացած չէ, որը ևս օգնում է նրան խուսափել հավելյալ ծախսերից:

Ֆիլմն ազատ կարելի է դիտել համացանցում, Ռուսելի համար  ֆիլմի անվճար հասանելիությունը ևս պայքարի ձև է։  

Կարինե Իոնեսյան
Նկարը՝ www.sunchild.org-ի
Աղբյուրը՝ www.hra.am