Տեսանկյուն

Մանկատան 300 շրջանավարտ անտուն է մնացել (վիդեո)

11.11.2011

Մանկատների շրջանավարտների թիվը հասել է 300–ի. նրանց բնակության կացարաններ հատկացնելու խնդիրը դեռևս լուծված չէ։ Նախորդ տարիների շրջանավարտների մի մասը հատկացված տներում չի ապրում, դրանք բնակության համար անմխիթար վիճակում են։ Պետությունը բնակարաններ է հատկացրել կամ նկուղային հարկերում, որտեղ խոնավ է, կամ շենքերի ամենավերևի հարկերում, որտեղ անձրևաջրերը լցվում են տուն:

«Պատուհաններս չէին փակվում ու անձրևային օրերին ամբողջ գիշեր չէի քնում, որ հարևանիս տունը ջուր չլցվեր: Ես աշխատել եմ որպես մատուցողուհի ու կտուր եմ կառուցել տվել։ Իսկ հիմա աշխատանք չունեմ ու 1 տարեկան 8 ամսական երեխա եմ պահում 19500 դրամ նպաստով, մեկ-մեկ էլ մեզ հետ են մնում մանկատան այն շրջանավարտները, ովքեր տուն չունեն ու օգնում են էլի»,- ասում է Գավառի մանկատան շրջանավարտ Հերմինե Ասատրյանը, ով բնակարանը ստացել է 2004թ.-ին:

Հերմինեն դիմել է պետական մարմիններին. «Ասացին դրանով յոլա գնա, բայց իրանց ասելով՝ մեզ հասնում էր քարից շենք, արևկող ու 12000 դոլարի արժողությամբ, իսկ սա 4500 դոլարանոց տուն է»։

Հերմինե Ասատրյանը միակը չէ. մանկատան մոտ 40 շրջանավարտ դժգոհ է իրենց հատկացված բնակարաններից։ Նրանց մի մասը նույնիսկ չի բնակվում հատկացված տներում, քանի որ այնտեղ վիճակն ավելի վատթար է և անհնար բնակության համար:

2012թ-ի մանկատան 15 և նախորդ տարիներից 300 շրջանավարտներ այս տարի էլ կսպասեն օրենքով իրենց հատկացվելիք բնակարաններին: 2012թ-ին նախորդ տարվա պես պետական բյուջեից գումար չի հատկացվի ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը մանկատների շրջանավարտներին բնակարան հատկացնելու համար:

Այս տարի ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ այդ գումարը կտրվի Քաղաքաշինության նախարարությանը սոցիալական տներ կառուցելու համար։ Այդ տներում բնակարաններ կհատկացվեն նաև մանկատան շրջանավարտներին:

Այս գործընթացը տարիներ կպահանջի: Ինչպես www.hra.am -ին հաղորդեց ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնախնդիրների վարչության պետ Լալա Ղազարյանը՝ ամենաշուտը 6 ամիս հետո միայն պարզ կդառնա, թե Քաղաքաշինության նախարարությունը քանի՞ սոցիալական տուն է պատրաստվում կառուցել նախկին ու ապագա շրջանավարտների համար: Իսկ թե որքան ժամանակում այդ բնակարանները պատրաստ կլինեն, երբ կհատկացնեն, դեռ ոչինչ չի ասվում:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, 5 տարի մանկատան շրջանավարտների իրավունքների համար պայքարելով, հասկացել է՝ գործող իշխանությունը լավ չի հասկանում Սահմանադրության այն կետը, ըստ որի՝ Հայաստանը սոցիալական պետություն է:

«Նախարարությունից հայտարարում են, որ պետական բյուջեով գումար չի հատկացվելու ու ծրագիր չի իրականացվելու, քանի որ 2003-2009թթ. ընթացքում գրպանվել են այդ ծրագրերի համար հատկացված գումարները, ասում են, որ վերցնելու են այն 28 բնակարնները, որտեղ շրջանավարտները հրաժարվում են բնակվել, և հանձնելու են այլ շրջանավարտների, իսկ դրանք տներ են, որտեղ «շունն էլ չի ապրի»»,- ասում է Անահիտ Բախշյանը։

«Պետական աջակցություն ՀՀ մանկական  խնամակալության  կազմակերպությունների շրջանավարտներին»  ծրագրով գնվել է 40 բնակարան, որոնցից 28-ում, փաստորեն, ոչ ոք չի բնակվում։ Մնացած 12 տների բնակիչները դժգոհում են կենցաղային վատ պայմաններից. օրինակ՝ բաղնիքում կան հոսանքի բաց լարեր, տները բարձրահարկ շենքերի նկուղային հարկերում են ու խոնավության պատճառով բնակության համար պիտանի չեն և այլն: Նախարարությունը չի ընդունում, որ գնված տները բնակության համար անպիտան են։

«Կոնկրետ փաստեր ունենք, որ 15 շրջանավարտներ, որոնք աշխատում են բենզալցակայաններում, հենց այնտեղ էլ գիշերում են: 20-ն աշխատում են շինարարությունում ու գիշերում այնտեղ»,- 2009թ.-ին լրատվամիջոցներով հայտարարեց  ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մանկատան երեխաների համար բնակարանների գնման չարաշահումները բացահայտելուց հետո: 

Հիշեցնենք, որ 2010թ-ի հուլիսին պաշտոնապես հայտարարվեց, որ 2003թ. հոկտեմբերի 30-ի թիվ 1419-Ն որոշմամբ «Պետական աջակցություն ՀՀ մանկական  խնամակալության կազմակերպությունների շրջանավարտներին» պետական ծրագրի շրջանակներում երեք ընկերության կողմից չարաշահումներ են եղել:

Անահիտ Բախշյանը կարծում է, որ այդ գումար՝ 1 միլիարդ 237 500 000 դրամ, որն, ի դեպ, Լ. Ղազարյանի հավաստմամբ՝ ամբողջությամբ (և դեռ մի բան էլ ավել) առգրավվել է մեղավորներից, պետք է նորից օգտագործել նախորդ տարիների բնակարանները վերակառուցելու համար, այլ ոչ թե ներկայացնել՝ որպես 2012թ-ին բնակարաններ կառուցելուն հատկացվելիք գումար: Լալա Ղազարյանը նշում է, որ այս տարի տնտեսական ճգնաժամի պատճառով չեն կարող առանձին ծրագիր ունենալ այդ նպատակի համար, և վերոնշյալ գումարը պետք է ուղղորդվի սոցիալական տներ կառուցելուն, որպեսզի չարաշահումներ չլինեն:

Այն հարցին, թե ի՞նչ է լինելու այն շրջանավարտների հետ, ովքեր չեն կարող ապրել հատկացված անմխիթար տներում, Ղազարյանը նշեց. «Այն մարդկանց ում տուն ենք տվել, արդեն երկրորդ անգամ չենք կարող տուն տալ»:

Լալա Ղազարյանի փոխանցմամբ՝ այժմ մանկատան շրջանավարտների թիվը հասել է 300-ի։ Նա խորհուրդ է տալիս շրջանավարտներին սպասել ու հետագայում անպայման ընդգրկվել սոցիլական տներ ստանալու ծրագրերում:

Սոցիալական տները կառուցվելու են մարզերում՝ Գյումրի, Ստեփանավան: Այսինքն՝ տները ստանալուց հետո հնարավոր է  մանկատան շրջանավարտներն այդտեղ էլ չբնակվեն, քանի որ մարզերում աշխատատեղերի խնդիր կա: Ղազարյանը հավաստիացնում է, որ այդ շրջանավարտները, բնականաբար, կունենան առաջնահերթության իրավունք ցանկացած աշխատանքի ընդունվելու համար, բացի այդ կանցկացվի հատուկ պետական ծրագիր,  որը միտված է մանկատան շրջանավարտների մասնագիտական կողմնորոշման ու զբաղվածության խնդիրը լուծելուն:

Կկառուցվեն սոցիալական տներ, կլինի հատուկ պետական ծրագիր զբաղվածության խնդիրը լուծելու համար. խոսքեր, որոնք ապառնիով են, իսկ մանկատան շրջանավարտների բնակության, աշխատանքի հարցը՝ ներկա և արագ լուծում պահանջող խնդիր է։

Կարինե Իոնեսյան

Աղբյուրը՝ www.hra.am