Տեսանկյուն

Սահմանադրական դատարանը մեկնաբանեց 1087.1 հոդվածը

15.11.2011

ՀՀ Սահմանադրական դատարանն (ՍԴ) այսօր եզրակացրեց, որ  Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը (վիրավորանքի և զրպարտության դրույթներ) համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն «մամուլի ազատության և անձի արժանապատվության միջև առկա է բախում»:

37 էջից բաղկացած որոշման մեջ ՍԴ-ն տվեց մեկնաբանություններ, որոնք, ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդերասյանի, կարող են օգտակար լինել խոսքի ազատության պաշտպանության տեսանկյունից:

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին և 43-րդ հոդվածին: Նա ակնկալում էր, որ ՍԴ-ն կգտնի միջին գիծը, որը հավասարակշռություն կստեղծի խոսքի ազատության և անձի արժանապատվության պաշտպանության միջև:

«ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը պարունակում է մի շարք դրույթներ, որոնք գնահատման հայեցողության չափազանց լայն շրջանակ են տալիս դատարաններին»,- նոյեմբերի 15-ին կայացած դատական նիստում նշեց Կարեն Անդրեասյանը:

Նա թվարկեց այն դրույթներն ու եզրույթները, որոնք օրենքում հսկատորեն սահմանված չեն և տարբեր դատարանների կողմից տարբեր կերպ են մեկնաբանվում: Բացի այդ, ՄԻՊ կարծիքով' դատարանները զրպարտության և վիրավորանքի համար նախատեսվող փոխհատուցման չափը սահմանելիս հաշվի չեն առնում ԶԼՄ հնարավորությունները և ՄԻԵԴ այն սկզբունքը, որ կիրառվող տուգանքը չպետք է խոչընդոտի լրատվամիջոցի հետագա գործունեությանը կամ սնանկության հասցնի:

Անդրեասյանի խոսքերով՝ ՄԻԵԴ նախադեպային իրավունքով հանրային դեմքերի նկատմամբ քննադատության սահմաններն ավելի լայն են, քան այլոց: Իսկ մեր դատարանները, ըստ ՄԻՊ-ի, կայացնում են ճիշտ հակառակ որոշումներ, այսինքն՝ հաշվի առնելով ԶԼՄ-ների դեմ հայց ներկայացրած անձանց բարձր դիրքը հասարակության մեջ, կիրառում են նախատեսված փոխհատուցման վերին շեմը, ինչը հաճախ համարժեք չի լինում նրանց հասցված ենթադրյալ վնասին:

Որպես պատասխանող կողմ ներգրավված ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Անի Մխիթարյանը ներկայացրեց ԱԺ տեսակետը: Մխիթարյանի խոսքերով՝ վիճարկվող հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը: Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումն անհիմն է և ենթակա մերժման:

Նիստի ընդմիջման ժամանակ www.hra.am -ի հարցին, թե ԶԼՄ-ների շուրջ ստեղծված դատական քաշքշուկի պատճառը 1087.1 հոդվածի հակասահմանադրական լինե՞լն է, թե՞ խնդիրը իրավակիրառ պրակտիկայում է, Անդրեասյանը պատասխանեց. «Կան անհստակություններ և անորոշություններ հենց օրենսդրության մեջ, և այդ անորոշություններն արդյոք պետք է հստակեցվեն ԱԺ-ում օրենքի փոփոխությա՞մբ, թե՞ ՍԴ դիրքորոշումներում, թե՞ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքներում, սա արդեն այսօր այս դիմումի շրջանակներում կպատասխանի Սահմանադրական դատարանը: Մենք ակնկալում ենք ՍԴ հստակ պատասխան, թե որտե՞ղ մարդիկ ակնկալեն այդ որոշակիությունը»:

Կարեն Անդրեասյանը, ընդհանուր առմամբ, գոհ է ՍԴ կայացրած որոշումից, քանի որ դատարանն իր որոշման մեջ անդրադարձել էր նրա բարձրացրած բոլոր խնդիրներին և դրանց վերաբերյալ արել մեկնաբանություններ' ելնելով նաև միջազգային իրավունքի սկզբունքներից ու նորմերից:

ՄԻՊ-ը հատկապես կարևորեց տուգանքի համաչափության վերաբերյալ դատարանի մեկնաբանությունը: Ըստ նրա` եթե ՍԴ որոշման մեջ արված մեկնաբանությունները հաշվի առնվեն, այսօր դատարաններում գտնվող ԶԼՄ դեմ հայցերը կլուծվեն հօգուտ խոսքի ազատության:

Հ.Գ. Սահմանադրական դատարանի որոշումն ավելի մանրամասն կներկայացնենք վաղը:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը` www.hra.am