Տեսանկյուն

Ինքնասպանության գործիքի վրա մատնահետքեր չեն հատնաբերվել

29.11.2011

Կապանի Կարմրաքարի զորամասի հարակից անտառում հունիսի 29-ին հայտնաբերված 19-ամյա զինծառայող, պաշտոնական վարկածով՝ ինքնասպանություն գործած Տիգրան Համբարձումյանի ծնողները սպասողական վիճակում են: Մահվանից անցել է 5 ամիս, սակայն դեռ պատրաստ չեն դատաբժշկական կրկնակի փորձաքննության արդյունքները: Չնայած Տիգրանի հայրը՝ Բենիկ Համբարձումյանը, կարծում է, որ «դրանից ոչ մի բան չի փոխվելու»:

«Ընդհանրապես ոչ մի մեղավոր, կասկածյալ, ոչ ոք չկա, որ պատասխան տա... Ես միշտ էլ ասել եմ ու ասում եմ՝ իմ երեխային սպանել է սպայական կազմը, թող գնան գտնեն՝ ով է»,- www.hra.am -ի հետ զրույցում ասաց զինվորի հայրը:

Տիգրան Համբարձումյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը): Բենիկ Համբարձումյանի՝ ինքնասպանությունը դիտավորյալ սպանության հոդվածով փոխարինելու փորձերն արդյունք չեն տվել: «Իրենք ինձ չեն կարողանում ապացուցել, որ ինքնասպանություն է, իսկ իմ ասածներն էլ չեն ընդունում, բանի տեղ չեն դնում»,- ասում է զինվորի հայրը:

Նրա խոսքերով՝ հոդվածի փոփոխությունը վարույթն իրականացնող մարմնի համար շատ խնդիրներ կստեղծի. «Պետք է ման գան մեղավորներ, դրդապատճառներ, մեղավորները պետք է պատժվեն, իսկ այսպես իրենց համար ավելի հեշտ է՝ ի՛նքն է արել, ի՛նքն է մեղավոր, դրանով էլ ամեն ինչ վերջանում-գնում է՝ կարճ-կոնկրետ, հեշտ-հանգիստ, ոչ մեկը պատասխան չի տալիս, ոչ ոք գլխացավանք չի ունենում: Հերթական սպանությունը մեր բանակում...»:

Մահվան պատճառների պաշտոնական վարկածը

Ըստ պաշտոնական վարկածի՝ 2011 թ. հունիսի 28-ին' ժամը 18:30-ի սահմաններում, Տիգրան Համբարձումյանն ինքնակամ լքել է զորամասը: Որոնողական աշխատանքների արդյունքում հունիսի 29-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, զինծառայողի դիակը հայտնաբերվել է զորամասից մոտ 100 մետր հեռավորության վրա՝ դեմքի և պարանոցի հյուսվածքների բացակայությամբ: Դեպքի վայրի զննությամբ՝ դիակից մոտ 16մ հեռավորության վրա՝ ծառի տակ, հայտնաբերվել է արնանման հետք, որից մոտ 3մ հեռավորության վրա՝ «Ռապիրա» տեսակի ածելի: Դիակի զննությամբ ձախ ձեռքի արմնկափոխ շրջանում առկա է լայնակի վերք՝ 7-8սմ երկարությամբ և 1,5x2սմ խորությամբ:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը): Ներկայումս գործով մեղադրյալներ կամ կասկածյալներ չկան, նախաքննությունը շարունակվում է:

Ծնողների կարծիքով՝ «միանշանակ եղել է սպանություն»

Առաջին դատաբժշկական եզրակացությունն անհասկանալի կետեր է պարունակել ոչ միայն զինվորի ընտանիքի, այլև՝ զինդատախազ Գևորգ Կոստանյանի համար: Վերջինիս պահանջով սեպտեմբերին նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները մինչ օրս պատրաստ չեն:

www.hra.am -ի հարցմանը Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչության ավագ սպա Մերի Սարգսյանը պատասխանեց, որ փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն և հայտնի չէ, թե երբ պատրաստ կլինեն:

Բենիկ Համբարձումյանի կարծիքով՝ կատարվել է դիտավորյալ սպանություն, և դեպքը տեղի է ունեցել այլ վայրում: «Դիակի հայտնաբերման վայրը բացարձակապես չի համապատասխանում այն ամենին, ինչ իրենք նկարագրում են, թե ինչպես է եղել իրենց կարծիքով ինքնասպանությունը: Սպանությունը կատարվել է ուրիշ վայրում, դիակը բերել են, գցել են այդտեղ, դա միանշանակ»,- համոզված է հայրը:

Հոր համար անտրամաբանական ու անհասկանալի է, թե ինչպես կարող էր իր երակները կտրած մարդն արտահագուստն իր վրայից հանել ու հորիզոնական ուղիղ դիրքով բերանքսիվայր պառկել գետնին՝ ձեռքերն էլ ծալած դրված գլխի տակ: «Իր երակները, ջլերը կտրած, ցավ տանող մարդը չի կարող ուղիղ հորիզոնական դիրք ընդունել, դա բացառվում է: Նա պիտի գալարվի, կծկվի, կուչ գա»,- ասում է Բենիկ Համբարձումյանը:

Դատաբժիշկական փորձաքննության առաջին արդյունքներով՝ մահվան պատճառ է նշվել արյան սուր կորուստը, իսկ մահվան ժամը կոնկրետացված չէ՝ «մեզ մոտ բերելուց 24 ժամ առաջ»:

Հայրը համոզված է, որ իր որդուն ավելի վաղ են սպանել. «Ինչպե՞ս կարող է մի քանի ժամվա ընթացքում կենդանիներն ամբողջ դեմքը ուտեին և թողնեին միայն չոր գանգը: Հնարավոր չէ կենդանին ուտի քիթ բերանի վրա պառկած մարդու դեմքը և կոկորդը»:

Բացի այդ, ըստ գործի նյութերի՝ Տիգրանը երկար ժամանակ ընկած է մնացել զորամասի հարակից անտառում՝ տեսանելի վայրում: Բենիկ Համբարձումյանի համար տարօրինակ է, որ իր տղային փնտրել են, սակայն հայտանաբերել են միայն մեկ օր անց:

Փորձաքննությունը պարզել է, որ դեպքի վայրում հայտնաբերված ածելու վրա, որով Տիգրանն իբր կտրել է իր երակները, կան արյան հետքեր, սակայն մատնահետքեր չկան. «Երևի մահվանից հետո վեր է կացել, մաքրել է իր մատնահետքերը»,- հեգնում է հայրը՝ կասկածի տակ դնելով նաև 2 սանտիմետրանոց ածելիով սեփական ձեռքի վրա նման խորը կտրվածք անելու հնարավորությունը: Ծնողները կասկածում են, որ ձեռքի կտրվածքն արվել է սպանության հետքերը թաքցնելու և ինքնասպանություն բեմադրելու համար:

Արարատի մարզի Նորաբաց գյուղի (Մասիսի շրջան) բնակիչ Տիգրան Համբարձումյանը բանակ էր զորակոչվել 2009թ. դեկտեմբերին: Նա բանակում մահացավ, երբ  զինծառայության ժամկետի լրանալուն մնացել էր 6 ամիս։

Այսօր նրա մահվան 5-րդ ամիսը լրացավ, սակայն դեռ պարզված չեն մահվան հանգամանքները. չկան մեղավորներ, չկան ձերբակալվածներ։

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am