Տեսանկյուն

Սեփականության իրավունք. հին «վերքերին» գումարվում են նորերը

26.12.2011

Բացառիկ՝ գերակա հանրային շահի զոհերը շատանում են

«2011թ. սեփականության ոլորտում դրական ոչ մի փոփոխություն չի կատարվել, ավելին ասեմ՝ այնպիսի զարգացումներ եղան, որոնք թարմացրեցին նախկին վերքերը»,- ասում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը՝ որպես օրինակ նշելով Արամի փողոցի նորակառույց շենքը, որտեղից Բյուզանդ փողոցի օտարված տների բնակիչները պետք է բնակարան ստանային:

«Պարզվեց, որ այդ շենքի 172 բնակարաններն արդեն վաճառված են 700-ից ավելի քաղաքացիների»,- նշում է նա:

Բաղդասարյանի կարծիքով՝ խնդիրներն ավելանում են, քանի որ Կառավարությունը ցանկություն չունի դրական և օբյեկտիվ լուծում տալ խնդրին: Որպես ապացույց՝ նա նշում է 2006 թ. ընդունված «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը, և պնդում, որ այն պետք է վերանայել, քանի որ  լիարժեք չի ապահովում քաղաքացու՝ սեփականության իրավունքի պաշտպանությունը։  

Ոչ միայն առաջընթաց չկա, այլև շատանում են պետական կարիքների զոհերը: Սեդրակ Բաղդասարյանը թվարկում է «հանրային գերակա շահ»-ին վերաբերող Կառավարության նորանոր որոշումներ և հավելում. «Կառավարությունը, չբավարարվելով Երևանի տարածքներով, հասել է Հայաստանի մյուս «չալաղաջ կտորներին» և բացառիկ գերակա հանրային շահի անվան տակ թաքնվելով՝ միակողմանի, ինքնագլուխ որոշում  է օտարել դրանք»:

Որոշումներից մեկը վերաբերում է Կոտայքի մարզի Արտավազդ գյուղի մոտ 100 հեկտար ոռոգվող հողատարածքների օտարմանը: Տարածքը վաճառվել է «Էլ ընդ Էմ Ռեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ տեղում հանքային ջրերի գործարան կառուցելու համար:   

Գյուղի 10 ընտանիք սեփականության իր իրավունքը պաշտպանելու համար դիմել է դատարան:

Մյուսը ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշումն է, որով Սյունիքի մարզում գյուղատնտեսական նշանակության 181,7 հա հողատարածք ճանաչվել է բացառիկ՝ հանրային գերակա շահ, փոխվել է հողերի նպատակային նշանակությունը՝ դառնալով արդյունաբերական, ընդերքoգտագործման և այլ արտադրական նշանակության: Տարածքը վարձակալության իրավունքով տրամադրվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ին' հանքանյութ արդյունահանելու համար: 

Օտարված տարածքից 27 հա պատկանում է Քաջարան գյուղին, որի բնակիչները պայքար են սկսել Կառավարության որոշումը չեղյալ հայտարարելու համար:

Ներկայումս օտարման և իրացման գործընթացը շարունակվում է Կոնդ, Կոզեռն, Ֆիրդուսի թաղամասերում, Սախարովի հրապարակին հարակից տարածքում:

«ՄԻԵԴ վճիռները դաս չեղան իշխանությունների համար»

2011թ. Հայաստանին վերաբերող սեփականության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)-ը կայացրեց 2 վճիռ և 5 որոշում: Երկու վճիռները եղել են Բյուզանդ փողոցի բնակիչների ուղարկած բողոքներով:

Առաջինը հունիսի 7-ին կայացված վճիռն է՝ Նելի Մինասյանը և Ելենա Սեմերջյանը ընդդեմ Հայաստանի Հանրապետության գանգատով: Իրավունքի խախտման փաստը Եվրադատարանը ճանաչել էր դեռ 2009թ. սեպտեմբերին, իսկ այս տարի կայացրեց սեփականության դիմաց փոխհատուցման գումարի չափի մասին որոշում: ԵԴ վճռով՝ այս գործով Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխհատուցի ընդհանուր առմամբ 14.500 եվրո:

«Դատարանը պատճառաբանել էր, որ քանի որ չկա գույքը, իրենք չեն կարող գնահատման վերաբերյալ եզրահանգում անել՝ փոխհատուցումը համաչա՞փ էր գույքին, թե՞ ոչ, դրա համար հիմնվել են պետության կողմից ներկայացված տվյալների վրա»,- ասում է հայցվորների փաստաբան Լիզա Գրիգորյանը:

Նա ՄԻԵԴ որոշումը համարում է «վտանգավոր»: «Ստացվում է, որ պետությունը կարող է վերցնել գույքը՝ չնչին փոխհատուցում տալով, հետո վերացնել այդ գույքը, և դատարանը ոչ մի կերպ չի կարողանալու պատկերացում կազմել, թե ինչքան է շուկայական գինը»,- www.hra.am -ին ասում է փաստաբանը:

Մյուս վճիռը ՄԻԵԴ-ը կայացրեց 2011 թ. նոյեմբերի 15-ին՝ Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով: Դատարանը պարտավորեցրեց ՀՀ կառավարությանը 18.500 եվրո վճարել հայցվորներին՝ 2005թ. նրանց հարկադրաբար տանից վտարելու և սեփականության իրավունքը խախտելու համար: Այս ընտանիքին կառուցապատողը տվել էր 10.500 դոլար փոխհատուցում, որով նրանք չեն կարողացել բնակարան գնել և մինչև այսօր բնակվում են վարձով:

Նոյեմբերի 15-ին ՄԻԵԴ կայացրած 5 որոշումները, Սեդրակ Բաղդասարյանի հավաստմամբ, կայացվել են ՀՀ կառավարության կողմից ներկայացված առաջարկների հիման վրա:

Կառավարությունը ՄԻԵԴ առջև պարտավորվել է Պուշկինի 36 հասցեի նախկին բնակիչ Իրինա Եդիգարյանին վճարել 29,5 միլիոն ՀՀ դրամ, Բյուզանդի 15 հասցեի նախկին բնակիչ Աշոտ Պողոսյանին՝ 45,000 եվրո, իսկ Բյուզանդ 25 հասցեի նախկին սեփականատերեր Սեդրակ Բաղդասարյանին, Գրիգորի Հովհաննիսյանին և Լևոն Ղասաբյանին յուրաքանչյուրին տրամադրել 115-117 քմ մակերեսով բնակարան նրանց քանդված տների տեղում կառուցված էլիտար շենքերում: Հիշեցնենք, որ տվյալ շենքերը կառուցել է «Գրիար» ՓԲԸ-ն: Նշված 5 որոշումները Կառավարությունը պարտավորվել է կատարել 3 ամսվա ընթացքում:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները «դաս չեղան իշխանությունների համար»,- ասում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահը: Նա անարդար է համարում, որ սեփականատերերին փոխհատուցումը տրվում է ՀՀ պետական բյուջեից:

«Նախկին նախագահի, քաղաքապետի և դատավորների կամայականության, թալանի պատճառով այսօր հատուցում է ՀՀ քաղաքացին: Երբ որ հանրությունը ընդվզի, ասի՝ «Հարգելի՛ Կառավարություն, մեզ բացատրեք, թե ինչո՞ւ պիտի մի քանիսի հանցագործ որոշումների պատճառով մենք փոխհատուցենք և վճարենք այդ գումարները՝ մեր հաշվին», և երբ որ պատասխանատվության կանչվեն այդ պաշտոնյաներն ու դատավորները, ովքեր ապօրինի որոշում են կայացրել և իրենք հատուցեն, կլինի արդար դատավարություն և չինովնիկներն էլ զգույշ կլինեն»,- կարծում է Բաղդասարյանը:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ տվյալներով՝ ՄԻԵԴ-ը սեփականության իրավունքի վերաբերյալ մինչ օրս կայացրել է 8 վճիռ և որոշում: Իսկ 15-ից ավելի գործեր սպասում են իրենց ճակատագրին: Բաղդասարյանի խոսքերով՝ հավանական է, որ մոտ ժամանակներս ևս 5-7 որոշում կամ վճիռ կայացվի, քանի որ արդեն կան նախադեպային վճիռներ:

«Ճիշտ է, վճիռները ուշ կայացվեցին, բայց ես ուզում եմ, որ մեր հասարակությունը գիտակցի, որ սեփականության, և ընդհանրապես իրավունքի համար պարտադիր պետք է պայքարել: Եթե պայքարես, կհասնես հաջողության: Այսօր այս որոշումներն ու վճիռները ցույց են տալիս, որ չպետք է հուսալքվել: Իսկ այն մարդիկ, ովքեր նոր պիտի դիմեն, արդեն ստիպված չեն լինի սպասել 6 տարի»,- խորհուրդ է տալիս Բաղդասարյանը, ով Բյուզանդի փողոցի բնակիչների հետ սեփականության իր իրավունքը պաշտպանելու համար պայքարում է մոտ 7 տարի:

Մերի Ալեքսանյան

Նկարները`  www.imt.iewww.armhels.com 

Աղբյուրը՝ www.hra.am