Տեսանկյուն

2011թ.՝ լրատվամիջոցների դեմ դատական գործերի տարի

27.12.2011

Այս տարի լրատվամիջոցների դեմ զրպարտության և վիրավորանքի մեղադրանքով երեք տասնյակից ավելի դատական գործեր հարուցվեցին, ստեղծվեց Տեղեկատվական վեճերի խորհուրդ և Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը մեկնաբանեց Քաղաքացիական օրենսգրքի զրպարտության և վիրավորանքի մասին հոդվածը։

Լրատվամիջոցների դեմ հայցերը ներկայացվել են ոչ միայն հերքման պահանջով, այլ նաև նյութական փոխհատուցման՝ հիմնականում օրենքով նախատեսված առավելագույն սահմանաչափով (3մլն ՀՀ դրամ), շատ դեպքերում այս գումարին ավելանում է նաև հայցվորի փաստաբանի վճարը՝ առնվազն կես միլիոնի չափով: Նյութական փոխհատուցման այսպիսի տարբերակը հարցականի տակ է դնում լրատվամիջոցի գործունեությունը՝ հաշվի առնելով հայաստանյան մեդիա շուկան և տպագիր լրատմավիջոցների ֆինանսական հնարավորությունները:

Դատական գործերի շարքում առանձնացան իրենց բնույթով նախադեպային երկու գործ, երկուսն էլ՝ ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի։

Սեպտեմբերին դատարանը արգելեց «Հրապարակին» Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հետ ունեցած դատական վեճի շրջանակներից բխող հոդվածներ հրապարակել, առանց հստակ նշելու՝ ինչ իրավաչափ նպատակ է հետապնդում մամուլի ազատության նկատմամբ կիրառվող նման միջամտությունը: Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը հայց էր ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ. նրա կարծիքով՝ «Հրապարակում» օգոստոսին հրապարակված «Դատական դեպարտամենտը՝ «Միսակնոց»-1» և «Դատական դեպարտամենտը՝ «Միսակնոց»-2» հոդվածներում 3 անգամ վիրավորել և 9 անգամ զրպարտել էր իրեն։

Հոդվածներում թերթն իր կարծիքը չէր արտահայտել, այլ մեջբերել էր հատվածներ Մարտիրոսյանի աշխատակիցների բաց նամակում տեղ գտած դժգոհություններից: Այս գործն ավարտվեց հաշտությամբ՝ թերթի խմբագրությունը հրապարակեց երկու կողմերի հետ նախապես համաձայնեցված մի հոդված:

«Կարծում եմ, որ ԴԱՀԿ-ն որոշեց համաձայնության գալ, քանի որ լրատվամիջոցների կողմից բարձրացրած աղմուկը շատ մեծ էր ու անսպասելի: Ես շատ շնորհակալ եմ իմ գործընկերներին, քանի որ նրանց շնորհիվ է, որ ԴԱՀԿ-ում հասկացան՝ ամոթ է, որ դատական դեպարտամենտը դուրս է գալիս թերթի դեմ»,- մեկնաբանեց «Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանը:

Ընդդեմ լրատվամիջոցի հաջորդ աղմկահարույց հայցը ներկայացրեց փաստաբան Արթուր Գրիգորյանը: Օգոստոսին 10-ին «Հրապարակ» օրաթերթի կայքում հրապարակված «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» վերնագրով հոդվածի տակ ընթերցողների գրած մեկնաբանությունների համար փաստաբան Արթուր Գրիգորյանը պահանջում է 18 մլն դրամ՝ մեկնաբանությունները վիրավորանք ու զրպարտություն որակելով: Դատական գործընթացը շարունակվում է, հաջորդ նիստը տեղի կունենա 2012թ. հունվարի 13-ին:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ նման դեպքեր գրանցվել են Ռուսաստանում, և այնտեղ կա հատուկ մարմին, որը կարող է պահանջել հանել կայքից մեկնաբանությունները մինչև դատարանի որոշումը: «Ես այս հարցերը չէի դիտարկի իրավական համակարգում, դրանք կարելի է լուծել լրագրողական էթիկայի ու ինքնակարգավորման համատեքստում: Պետք է լինի մոդերացիա, ինչպես արվում է զարգացած երկրներում»,- կարծում է Նավասարդյանը:

Ինքնակարգավորմանն ուղղված մի քայլ էր նաև մայիսին ստեղծված Տեղեկատվական վեճերի խորհուրդը, որը խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններ է ներկայացնում զրպարտությանը, վիրավորանքին, մասնավոր կյանքի պաշտպանությանը և տեղեկատվության ազատությանը վերաբերող դատական գործերի մասին: Խորհուրդը ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, ում կարծիքով՝ այն մեխանիզմ է, որը կարող է հնարավորինս կանխարգելել դատական սխալները խոսքի ազատությանը վերաբերող գործերով:

Չնայած խորհուրդը մի քանի դատական գործերի վերաբերյալ ներկայացրել է եզրակացություն, բայց ոչ ոք չի կարող միանշանակ ասել, որ որևէ դատավոր հաշվի է առել կամ առնելու այդ եզրակացությունները, բացի այդ լրատվամիջոցներն իրենք հաճախ մերժում են խորհրդի կարևորությունը և քննարկում դրա իրավասությունն իրենց գործունեությունը քննելու համար:

Զրպարտության և վիրավորանքի հոդվածների ապաքրեականացումից հետո լրատվամիջոցների դեմ հայցերի առատությունը, այդուհանդերձ, ստիպեց Մարդու իրավունքների պաշտպանին դիմել Սահմանադրական դատարան(ՍԴ):

Նոյեմբերի 15-ին ՍԴ քննեց Կարեն Անդրեասյանի դիմումը, որով նա խնդրում էր Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը (Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները) հակասահմանադրական ճանաչել:

ՍԴ-ն հոդվածը հակասահմանադրական չճանաչեց, սակայն իր որոշման մեջ ամրագրեց մի շարք կարևոր իրավական մեկնաբանություններ: Կարեն Անդրեասյանը որոշումը համարեց «մեկ քայլ առաջ»: ՍԴ-ն ևս մեկ անգամ նշեց, որ լրատվամիջոցում հնչած արտահայտությունները չեն կարող որակվել վիրավորանք, եթե ունեն որոշակի փաստական հիմք և պատճառված վնասի դիմաց նախևառաջ անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը՝ ներողությունը, հերքումը և այլն: Իսկ նյութական (դրամական) փոխհատուցում պետք է նշանակվի միայն այն դեպքում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառած վնասը փոխհատուցելու համար:

«Վնասի փոխհատուցման իրավաչափությունը որոշելիս պատասխանողի սահմանափակ միջոցները պետք է դիտվեն որպես գործոն, հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը, չսահմանվի պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը վճռորոշ բացասական ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար՝ ընդհուպ մինչև սնանկության հասցնելը»,- որոշումը ներկայացնելիս նշեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը համոզված է, որ իրականում օրենքը կարող է լավը լինել, եթե ճիշտ կիրառեն, բայց այս 30 գործերը ցույց են տալիս, որ ավելի շատ մարդիկ գնում են լրատվամիջոցից հաշվեհարդար տեսնելու ճանապարհով: Լրատվամիջոցների դեմ դատական գործերի քննությունը շարունակվում է: Թե որքանով էին արդյունավետ խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված 2011թ. արված քայլերը՝ ցույց կտա ժամանակը:

Կարինե Իոնեսյան

Աղբյուրը՝ www.hra.am