Տեսանկյուն

Կանանց իրավունքները՝ Եփրատիկի աչքերով

29.12.2011

Ես ընդամենը 10 ամսական եմ ու այս աշխարհը ճանաչում եմ 1.5 տարի, սակայն արդեն շատ բաներ եմ հասցրել յուրացնել ու հասկանալ իմ կյանքում: Պատճառը պարզ է՝ մայրս անտարբեր չի իր շուրջը կատարվող իրադարձությունների նկատմամբ, ու դուք իրեն հաճախ կարող եք  ինձ հետ հանդիպել իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելիս այս կամ այն  բողոքի ակցիայի ժամանակ:

Մայրս Հայաստանում «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի  տնօրենն է՝ Լարա Ահարոնյանը, իսկ ես Եփրատ Նիզիբլյանն եմ՝ իր 4-րդ փոքրիկը, ով միշտ ժպտում է ձեզ, երբ դուք էլ եք որոշում մասնակցել այդ ակցիաներին:

Այնպես է ստացվել, որ ես արդեն բազմաթիվ դժբախտ դեպքերի մասին գիտեմ ու հասկանում եմ, որ միայն տխրելով ու դրանց մասին չխոսելով չեմ կարող վերացնել այդ ամենն իմ աշխարհում: Ուստի ուզում եմ հայտնել ձեզ քաղաքացիական իմ առաջին դիրքորոշումների մասին:

Ես դեռ չէի ծնվել, երբ իմացա, որ Զարուհի Պետրոսյանի ամուսինը՝ Յանիս Սարկիսովը, ծեծելով սպանել է իր կնոջը: Մայրս իր կազմակերպությունից բացի ևս 6 կազմակերպության հետ միավորվեց՝ ստեղծելով «Կանանց դաշինք» քաղաքացիական նախաձեռնությունը: Նրանք պայքարում էին, որ Սարկիսովը ստանար իր արժանի պատիժը:

Այս տարվա ընթացքում Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Սարկիսովին մեղավոր ճանաչեց կնոջը՝  20-ամյա Զարուհի Պետրոսյանին կյանքից զրկելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-մասի 14-րդ կետով՝ առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) և  դատապարտեց առավելագույն պատժի՝ 10 տարվա ազատազրկման։ Այս վճիռն անփոփոխ թողեց նաև Վերաքննիչ դատարանը:

Այժմ Զարուհու երեխան գտնվում է Սարկիսովի մոր խնամքի տակ, բայց մենք պարբերաբար այցելում ենք նրան ու վերահսկում իմ նման փոքրիկի կյանքի անվտանգությունը:

Ցավոք, բռնության դեպքերը շարունակվում են ու ամենավերջին դեպքը, որ ցնցեց մեզ Մարիամ Գևորգյանի և Մ.Բ.-ի նկատմամբ ամուսնության ընթացքում կիրառված բռնություններն էին: Այս կապակցությամբ հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում հիմնական մեղադրյալը՝ Հայկանուշ Միքայելյանն է՝ սկեսուրը: Դավիթ Զիրոյանի  առաջին և երկրորդ կանայք մեղադրում են նրան և նրա մորն իրենց անասելի բռնությունների  ենթարկելու մեջ։

Այժմ կմտածեք, թե ինչպես եմ տիրապետում իրավական գիտելիքների, եթե ընդամենը 10 ամսեկան եմ ու չունեմ ոչ մի կրթություն: Այս թվերն ու հոդվածները չհիշել չի լինի, քանի որ 2011թ.-ի  ընթացքում դրանց մասին ամենաշատն եմ լսել:

Բացի այդ իրավական գիտելիքները մայրիկիս հետ միասին  քաղել եմ տարբեր սեմինարների ու իրավական դասընթացների ժամանակ, ինչպես նաև տարբեր օրենսդրական փոփոխություններ իրականացնելու ժամանակ:

Դեռ չէի ծնվել, երբ մայրս տասնյակ հայ կանանց հետ ՀՀ նախագահի նստավայրի առջև պայքարում էր «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի  դեմ, որով կրճատում էին նախածննդյան և հետծննդյան արձակուրդի, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափերը:

Ես հասկացա, որ երբ պայքարում ես ու քո պայքարը բխում է մարդու իրավունքների պաշտպանությունից, անպայման հաղթանակ ես տանում, քանի որ այս դեպքում էլ մայրիկիս և մյուս կանանց ձայնը հաշվի առան:

Հաջորդ հաղթանակը երևի մայրիկի հետ կտոնենք արդեն Ազգային ժողովում, քանի որ այս տարի շատ ենք աշխատել ՀՀ քրեական օրենսգրքի «Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները» բաժնի հոդվածներում փոփոխություններ կատարելու ուղղությամբ:

Տարիներ առաջ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ Աշոտ Ավագյանին ընդամենը երկու տարով ազատազրկեցին, այն դեպքում, երբ նա մեղադրվում էր անչափահաս երեխաների նկատմամբ բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդված):

Այս տարվա ընթացքում ԱԺ-ում առաջին ընթերցմամբ անցած փոփոխությունների համաձայն՝   նույն հոդվածը նախատեսում է 10-15 տարի ազատազրկում: Ինչպես նաև վերացվել է տուգանքի միջոցով մեղավորին ազատ արձակելու դրույթը և այն, որ եթե անչափահասի թույտվությամբ են եղել սեռական հարաբերությունները, ապա հակառակ կողմը պատասխանատու չէ:

ՀՀ կառավարությունը ևս հաշվի առավ կանանց ձայնը ու գենդերային խտրականության դեմ պայքարելու համար էր, որ ստեղծվեց «Հայաստանում գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը», որի շրջանակներում մշակվեց հատուկ 2011-2016թթ. ծրագիր: Արդյունքում 2012թ.-ից արդեն որոշակի գործողություններ կկատարվեն. ինչպես մարզերում, այնպես էլ՝ Երևանում, կներառվեն հատուկ կրթական ծրագրեր, կվերապատրաստվեն ոստիկանները և այլն:

Այս ընթացքում նաև շատ եմ ճամփորդել մայրիկի հետ՝ գնացել ենք Թուրքիա, Մոնթենեգրո, Վրաստան, որտեղ հավաքվել էին կանանց իրավունքներով զբաղվող տարբեր երկրներից ժամանած մարդիկ ու պետական պաշտոնյաներ:

Արդյունքում հասկացա, որ Բալկանյան երկրներում և Աֆրիկայում կանայք շատ ավելի քիչ են պաշտպանված, քան Հայաստանում, բայց դա չի նշանակում, որ նրանք չեն պայքարում ու պետք չէ նրանց գործունեությունից ևս դասեր քաղել:

Օրինակ՝ Լիբերիայում հենց կանայք կանգնեցրին քաղաքացիական պատերազմը 90-ականներին, առաջին անգամ պատմության մեջ  իգական սեռի ներկայացուցիչը դարձավ  նախագահ՝ 72-ամյա Էլեն Ջոնսոն Սիրլիֆը։ Ու հետաքրքիրն այն է, որ այս երկրում կանանց մեծ մասը չունի կրթություն, կան մարդիկ, որ չգիտեն գրել ու կարդալ:

Մոնթենեգրոյում շատ հետաքրքիր էր ծանոթանալ Սերբիայում սևազգեստ կանանց միջոցով երթ կազմակերպողների հետ, ովքեր բարձրաձայնում էին պատերազմի ժամանակ սեռական բռնության զոհ դարձած կանանց խնդիրները:

Նման մի երթի էլ մասնակցում էի Հայաստանում, երբ բանակում մահացած զինվորների մայրերը պահանջում էին արժանի պատիժ մեղավորներին: Սևազգեստ մայրերի կողքին էր նաև իմ մայրը:

Տարբեր տեսակի ցույցերի ժամանակ ինձ ամենաշատը հետաքրքրում են ոստիկանները: Կարծում եմ՝ իրենք էլ սովորական մարդիկ են, քանի որ զայրացած դեմքեր ընդունելուց և երբեմն կոպիտ լինելուց բացի, ինձ նայելով ժպտում են, փորձում են խոսել հետս: Հուսով եմ, որ մեծանամ, նրանք կհիշեն ինձ ու էլի ժպիտով ու մարդկային կվարվեն ինձ հետ, ինչպես, որ այժմ են վարվում:

Մայրիկիս հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ է ինձ էլ հետը տանում աշխատանքի, ու ես մյուս երեխաների նման փափուկ բմբուլի պես չեմ ապրում իմ տանը, խաղում իմ խաղալիքներով, մուլտֆիլմ նայում: Մայրս միշտ պատասխանում է.

«Դա իմ երեխաների կրթության մի մասն է կազմում՝ ինքը փոքրուց սկսում է հասկանալ, թե ինչ է նշանակում արդարություն, ինչ է նշանակում պայքարել դրա համար,  ու ինքը արդեն ենթագիտակցորեն մեծանում է, որպես ակտիվ ու գիտակից քաղաքացիական հասարակության անդամ»:

Երբեմն  ցուրտ է լինում, քաշքշուկ, բարձր բղավում են, բայց ես երբեք լաց չեմ լինում, քանի որ գիտեմ, որ մայրս կողքիս է ու պատրաստ է միշտ պաշտպանել ինձ, ու այն, ինչ անում ենք մենք երկուսով առաջին հերթին իմ ապագայի համար է արվում:  

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am