Տեսանկյուն

Human Rights Watch–ը հրապարակեց տարեկան զեկույցը

23.01.2012

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հունվարի 22-ին հրապարակել է հերթական տարեկան զեկույցը։ Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, և միջազգային գործընկերներն ամբողջովին չեն օգտագործում իրենց ազդեցության լծակները՝ իրավիճակը բարելավելու համար. այս եզրակացության է եկել Human Rights Watch-ը։

Զեկույցն  անդրադարձել է մարտյան դեպքերի չբացահայտմանը, հավաքների ազատության սահմանափակմանը, մարդու իրավունքների ոտնահարմանը փակ հաստատություններում և զինված ուժերում, ինչպես նաև՝ լրատվամիջոցների ազատության խնդիրներին։

«2008 թ. մարտյան ողբերգական իրադարձություններից ավելի քան երեք տարի անց՝ այսօր էլ, դեռևս որևէ բովանդակալից հաշվետվություն չի ներկայացվել իրավապահների կողմից ուժի անհամաչափ գործադրման վերաբերյալ», - ասվում է զեկույցում։

Անդրադառնալով հավաքների ազատությանը՝ զեկույցում նշվում է, որ թեև Երևանի քաղաքապետարանը 2011 թ. ապրիլին արտոնեց ընդդիմության բողոքի ցույցն Ազատության հրապարակում, այդուամենայնիվ, ընդդիմության ակտվիստները հայտարարում են, որ իշխանությունները խոչընդոտել են այլ քաղաքներից ցուցարարների տեղաշարժն ու մասնակցությունը մայրաքաղաքում կազմակերպվող զանգվածային միջոցառումներին։

«Հոկտեմբերին ոստիկանությունը կառավարության շենքի առջև ձերբակալել է Վարդգես Գասպարիին։ Նա մասնակցել է զինծառայողների մի քանի տասնյակ ծնողների և ակտիվիստների խաղաղ ցույցին՝ ուղղված բանակում խաղաղ պայմաններում մեծ թվով զոհերի առկայությանը։ Գասպարին մեղադրվել է  խուլիգանության  և ոստիկանությանը դիմադրելու մեջ»,- նշված է զեկույցի հավաքների ազատության բաժնում։

Զեկույցը փաստում է, որ Հայաստանում  շարունակում են լուրջ խնդիր մնալ ոստիկանությունում ու բանակում իրականացվող դաժան վերաբերմունքը, որոնց մասին հաղորդում են տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։

«Օգոստոսին ոստիկանությունը ծեծի ենթարկեց և ձերբակալեց Հայ ազգային կոնգրեսի մի քանի ակտիվիստների, յոթին մեղադրանք առաջադրվեց խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Ու թեև բժիշկները  նրանց մոտ վնասվածքներ էին հայտնաբերել, այդուամենայնիվ, որևէ քննություն չիրականացվեց ոստիկանության գործողությունների շուրջ»,- արձանագրում է Human Rights Watch-ը և հավելում, որ բռնություններից բացի' Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը ստվերում են նաև չպատճառաբանված մահվան դեպքերը ազատազրկման վայրերում ու բանակում։

Մամուլի ազատությանն անդրադառնալով, նշվում է 2010թ. մայիսին Հայաստանում զրպարտության ապաքրեականացումը և դրան հաջորդած դատական գործընթացները։ «Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունը բարձր դրամական փոխհատուցում է նախատեսում զրպարտության համար, ինչը հանգեցրել է թերթերի դեմ դատական գործերի ավելացման, մասնավորապես՝ պետական պաշտոնյաների կողմից։ Որոշ դեպքերում դատարանների անհամաչափ տույժերը սպառնում են թերթերի գոյությանը։ Լրագրողներն ու խմբագիրները բարձրաձայնում են, որը այն կարող է ունենալ զսպող ազդեցություն»,–նշվում է զեկույցում։

Զեկույցի վերջում Human Rights Watch-ը փաստում է, որ 2011թ. Հայաստանի միջազգային գործընկերներից մի քանիսը սահմանափակել են իշխանությունների հասցեին իրենց քննադատությունը։

«2011 թ. հոկտեմբերին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև ընդունեց Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, արձանագրելով, որ 2008 թ. մարտի 1-ի էջը վերջապես կարելի է փակված համարել»,- նշում է Human Rights Watch-ը՝ համարելով անհարկի Հայաստանի կառավարությանը վստահության նման երաշխիք տալը։

Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Աղբյուրը՝ www.hra.am