Տեսանկյուն

ՇՄԱՓ օրենքը ընդունված է. նախագահը կհաստատի՞ այն

20.02.2012

ՀՀ ազգային ժողովը, հաշվի չառնելով բնապահպանների ու հասարակական ակտիվիստների բողոքը, փետրվարի 6-ին երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ  ընդունել է  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» (ՇՄԱՓ)ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Բնապահպաններն այժմ պահանջում են, որ ՀՀ նախագահը չվավերացնի օրենքը և այն հետ ուղարկի Ազգային ժողով, որտեղ էլ նրանք կներկայացնեն իրենց գործնական առաջարկությունները:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն արդեն մեկ տարուց ավելի է քննարկվել է տարբեր բնապահպանական հավաքների ժամանակ: Փոփոխությունների մասին դժգոհություն էին արտահայտել նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները:

Դժգոհությունների ալիք բարձրացավ հատկապես երբ օրենքը 2011թ.-ի հոկտեմբերի վերջին դրվեց քննարկման Ազգային ժողովում: Եւ բնապահպանները նորից բացասական արդյունք գրանցեցին՝օրենքը արագացված կարգով 2 ամսվա ընթացքում ամբողջությամբ հաստատվեց:

«Ես համոզված եմ, որ որոշ ժամանակ հետո այս օրենքը նորից փոխելու են, քանի որ այն այս տեսքով չի կարող գործել»,- ասում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Գոռ Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ այս օրենքը սահմանափակում է սովորական քաղաքացիների և քաղաքացիական ակտիվիստների գործողությունները: Նրանք չեն կարող մասնակցել  շրջակա միջավայրի փորձաքննության որևէ գործընթացի և ընտրել փորձագետների, ովքեր կարող են բարձրաձայնել իրենց տեսակետը:

Օրենքի համաձայն՝ փորձաքննության եզրակացությունն իրավական ակտ չի համարվում, ուստի ոչ ոք չի կարող այդ որոշումը բողոքարկել դատարանում:

Բնապահպանները պահանջում են, որ պահպանվի իրենց սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրության 83.5 հոդվածով՝ բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում  ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը: Ուստի օրենքի նախագծում պետք է տեղ գտներ նաև այդ կարգը, սակայն այն բացակայում է:

ՀՀ նախագահի նստավայրում փետրվարի 14-ին ընդունել են բնապահպան-ակտիվիստների բողոքը: Նախագահը 10 օրվա ընթացքում կամ կհաստատի, կամ հետ կուղարկի օրենքը Ազգային ժողով:

Կարինե Իոնեսյան

Լուսանկարը՝ Երվանդ Կարապետյանի

Տեսանյութը պատրատվել է Ինտերնյուսի կողմից կազմակերպված «Մեդիան իրապաշտպանների համար. գործիքներ և հմտություններ» դասընթացի շրջանակներում

Աղբյուրը՝ www.hra.am