Տեսանկյուն

11 օր է բնապահպան–ակտիվիստները պայքարում են

21.02.2012

Բնապահպան–ակտիվիստները շարունակում են պայքարել Մաշտոցի պուրակի համար: Այս գիշեր շինարարները ոստիկանների հսկողությամբ տեղադրել են կրպակների ապակիները: Նրանց չի կանգնեցրել անգամ գիշերը ծննդատան մոտ աղմուկով շինարարություն իրականացնելու հանգամանքը: Այժմ ցուցարարները շարունակում են բողոքի ակցիան այգում ու չեն պատրաստվում զիջել։

«Ժառանգություն» կուսակցությունը Մաշտոցի պուրակում տեղի ունեցող շինարարության դեմ արդեն հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան' պահանջելով անվավեր ճանաչել քաղաքապետի որոշումները:

Ակտիվիստnներից մեկն էլ՝ Բայանդուր Պողոսյանը, որպես բողոքի նշան, Մաշտոցի պուրակում հացադուլ է հայտարարել:

Վերջին 11 օրերի ընթացքում ակտիվիստները շարունակում են պայքարել: Նրանց են միացել նաև հայտնի գործիչներ, իրավապաշտպաններ, ինչպես նաև ժողովրդական ճանաչում վայելող երգիչներ, դերասաններ: Բնապահպաններին սատարող կոչով են հանդես եկել նաև Հայ առաքելական եկեղեցու քահանաներից մի քանիսը՝  Տեր Կյուրեղ քահանա Տալյանը, Հայ առաքելական եկեղեցու Կանադային թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Բնապահպան–ակտիվիստները փետրվարի 20-ին հավաքվել էին քաղաքապետարանի առաջ: Նրանք ուզում էին հանդիպել Երևանի քաղաքապետի հետ՝ ներկայացնելու իրենց գործողությունների իրավական հիմնավորումները: Նրանց ընդունել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, ով ցուցարարներին մեղադրել է շոու կազմակերպելու մեջ:

Մաշտոցի պուրակի շինարարության ապօրինի լինելու հիմքերը

1. Երևանի գլխավոր հատակագծով և կենտրոնի գոտիավորման նախագծով Մաշտոցի պուրակում կառուցապատման որևէ ծրագիր նախատեսված չէ: Այսինքն այս շինարարությունը անօրինական է, քանի որ ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն՝ համայքային սեփականություն հանդիսացող հողերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով կարող են տրամադրվել միայն հողերի օգտագործման սխեմաներին և գլխավոր հատակագծերին համապատասխան:

2. Քաղաքաշինության մասին օրենքի 22.1-րդ հոդվածի համաձայն՝  համայնքի գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակասող ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումն արգելվում է:

3. Խախտվել են ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի 13-րդ հոդվածը, որի համաձայն ՝

  • հասարակայնության ներկայացուցիչներն իրավունք ունեն ստանալ ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին
  • մինչև հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի հաստատումը' մասնակցել դրանց քննարկումներին, ներկայացնել իրավական և նորմատիվ ակտերով հիմնավորված դիտողություններ, առաջարկություններ, այլընտրանքային նախագծեր և ծրագրեր.
  • հրապարակված քաղաքաշինական ծրագրերը և նախագծերը սեփական միջոցներով ենթարկել անկախ փորձաքննության.
  • Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովել քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունը:

3. Չի անցկացվել նաև փորձաքննություն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի համաձայն:

4. Այս շինարարությունը չի համապատասխանում ոչ հիմնական շինություններ տեղադրելու կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման պայմաններին: Այդ որոշման համաձայն՝ ոչ հիմնական շինությունը տեղադրվում է հողի մակերեսին , հողի մակերեսի բարեկարգման ծածկույթի վրա, հողի մեջ չի ունենում հիմքեր ու անհրաժեշտության դեպքում կարող է դուրս հանվել իր տեղից առանց վնաս հասցնելու հողին:

5. Խնդրո առարկա տարածքում կառուցապատում իրականացնելու մտադրությունը ենթադրում էր գոտիավորման նախագծում համապատասխան փոփոխությունների կատարում, որը պետք է իրականացվեր ՀՀ կառավարության 02.05.2003թ. N625-Ն որոշմամբ սահմանված  նախագծման առաջադրանքի կազմման, uխեմաների մշակման, փորձաքննության, համաձայնեցման ու հաuտատման նույն ընթացակարգերին համապատասխան, որոնցով հաստատվել է Կենտրոնի գոտիավորման նախագիծը, ինչը չի արվել:

6.Կառուցապատման աշխատանքների իրականացման արդյունքում տեղ են գտել քաղաքաշինական գործընթացների և նորմերի այլ խախտումներ: Մասնավորապես, խախտվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի թիվ 23.05.2003թ. «ՀՀՇՆIII-9.02-02-03 «Արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծեր» շինարարական նորմերիհաստատման մասնի» թիվ 32-Ն հրամանով հաստատված նորմերը, որոնք սահմանում են շինությունների հեռավորությունը ծառերից և ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.01.2008թ. «ՀՀՇՆI-3.01.01-2008 «Շինարարականարտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմերը հաստատելու մասին»14.01.2008թ. թիվ 11-Ն հրամանով հաստատված նորմերը, որոնք սահմանում են աշխատանքների կատարմանվերաբերյալ հասարակական իրազեկումը:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am