Տեսանկյուն

Դեռ չեն սկսել վերակառուցել բուտիկները

27.02.2012

Ավարտվել է Մաշտոցի պուրակում բուտիկների շինարարությունը մեկ շաբաթով կասեցնելու' ՀՀ ոստիկանության աշխատողների կողմից հայտարարված ժամկետը, սակայն Մաշտոցի պուրակում շինարարությունը չի վերսկսվել. ոստիկանները քիչ են քանակով, ցուցարարները շարունակում են բնապահպանական ակցիաները:

Հիշեցնենք, որ բնապահպան ակտիվիստները արդեն 17 օր է պայքարում են՝ պահանջելով հանրային այգուց ապամոնտաժել առեւտրի բուտիկները, քանի որ դրանց կառուցումը անօրինական է:

 «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը և «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ արձագանքելով փետրվարի 20-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից տրված պատասխանին:

Քաղաքապետարանից պատասխանել էին, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չեն անցկացրել, քանի որ կառուցապատման ընդհանուր մակերեսը չի հասնում ՀՀ կառավարության 30.03.1999թ. թիվ 193 որոշմամբ սահմանված սահմանային չափին, այն է' 1500 քմ:

«Հիշեցնում ենք, որ հենց Երևանի քաղաքապետարանի կողմից մեզ հանձնված փաստաթղթերի փաթեթում առկա ճարտարապետահատակագծային առաջադրանքում կառուցապատման ընդհանուր մակերեսը նշված է 10981 քմ, այսինքն' գերազանցում է նշված սահմանային չափը»,- պատասխանել են բնապահպանները:

Քաղաքապետրանից նաեւ պնդում են, որ կառույցները ոչ հիմնական են եւ հողին ամրացված են ժամանակավորապես: Սակայն ակնհայտ է, որ այգու կառուցապատման ընթացքում շինությունների ամրակցումն ընթանում է թաց պրոցեսների միջոցով ու վնասվում են հողը, ծառերը, հավելում են բնապահպան ակտիվիստները:

 «Երևանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրություններում անընդհատ շեշտադրվում է կառուցվող տաղավարների «ժամանակավոր» բնույթը:

Երևանի քաղաքապետարանին խնդրում ենք նաև մեզ ուղղորդել դեպի այն իրավական ակտը, որը սահմանում է, թե ինչ է նշանակում «ժամանակավոր» և ինչ իրավական կարգավորման է ենթարկվում նման կառույցի շինարարության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը»,- ասված է բաց նամակում:

Քաղաքապետարանի աշխատողները նաեւ պնդում են, որ  շինարարությունը համապատասխանում է Երևանի գլխավոր հատակագծին և Երևանի Կենտրոն համայնքի գոտևորման նախագծին: Բնապահպանները խնդրում են ոչ թե հանդես գալ հայտարարություններով, այլ հիմնավորել և հանրությանը ցուցադրել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման ու հաuտատման ընթացակարգերին համապատասխան ընդունված որևէ քաղաքաշինական փաստաթուղթ, որը կհիմնավորի զբոսայգում իրականացվող կառուցապատումը:

Բնապահպան ակտիվիստները Քաղաքապետարանին են դիմել մի շարք պահանջներով: Նրանք մասնավորապես պահանջում են բոլոր այն փաստաթղթերի պատճեները, որոնց հիման վրա բուտիկները տեղադրվում են պուրակում, նշել սեփականատրերի անունները և թե ինչ հիմունքներով են դրանք տեղադրված եղել Աբովյան փողոցում:

www.hra.am -ի հետ զրույցում ցուցարարները հայտարարեցին, որ վճռական են տրամադրված ու չեն պատրաստվում լքել Մաշտոցի պուրակը, քանի որ համոզված չեն, որ շինարարությունը նորից չեն սկսի գիշերը, ինչպես դա եղավ պայքարի 11-րդ օրը:

ՀՀ Ոստիկանությունը վաղը՝ ժամը 12:00-ին, պատրաստվում է կլոր սեղան քննարկում անցկացնել լրագրողների ու շահագրգիռ անձանց հետ այս խնդրի լուսաբանման, ոստիկանների աշխատանքի վերաբերյալ:

13:00-ին Մաշտոցի պուրակում հավաքված երիտասրադները կանցկացնեն հերթական ակցիան՝ մոմեր կվառեն 1988թ.-ին Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը հարգելու նպատակով:

Կարինե Իոնեսյան

Աղբյուրը՝ www.hra.am