Տեսանկյուն

Եռակի անհամապատասխանություն. կրպակները կքանդե՞ն, թե՞ ոչ

01.03.2012

Այդպես էլ հասկանալի չէ, թե Մաշտոցի պուրակը պաշտոնապես տրամադրվելու՞ է կրպակներ կառուցելու համար, թե՞ ոչ. Հայաստանի Հանրապետության գործադիր մարմիններն իրար հակասող հայտարարություններ են անում:

Առաջին անհամապատասխանությունն առկա է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարության  և Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: ԱԺ-ում Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարական է տվել, որ Մաշտոցի պուրակի հարցը քննարկվի և ՀՀ կառավարության որոշմամբ մշակվի և վավերացվի Մաշտոցի այգում տաղավարներ չտեղադրելու մասին հայեցակարգ: Փաստորեն, վարչապետը հայտարարում է տաղավարներ չտեղադրելու մասին, իսկ Երևանի քաղաքապետարանից Ինֆորմացիայի ազատության կենտրոնին հայտնում են, որ Մաշտոցի զբոսայգու տարածքը, քաղաքապետարանի որոշման համաձայն, 25 տարի օգտագործման իրավունքով հատկացվել է 7 ընկերությունների՝ դեռ 2002 թվականից:

Երկրորդ հակասությունն, արդեն, Քաղաքապետարանի տարածած հայտարարությունների մեջ է առկա: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցնում է, որ կրպակների տեղադրումը ժամանակավոր բնույթ է կրելու: Նախ՝ ոչ մի օրենսդրական փաստաթղթով «ժամանակավոր» բառը ձևակերպված չէ: Երկրորդ, եթե քաղաքապետարանի աշխատակիցները «ժամանակավոր» բառն ասելով հասկանում են 3 տարի, ապա հասկանալի չէ՝ ինչ պատասխան է տալու նույն քաղաքապետարանն այն 7 կրպակատերերին, ովքեր դեռ 15 տարի էլ կարող են օրինական համարել իրենց կրպակների գոյությունը Մաշտոցի պուրակում:

Երրորդ հակասությունն առկա է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հայտարարության և քաղաքապետարանի կայացրած որոշման մեջ: Հարությունյանչի ժխտել, որ շինարարությունը պետք է իրականացվի ծառերից առնվազն 5 մետր հեռավորության վրա, բայց քաղաքապետարանի որոշման համաձայն տրամադրված տարածքում ծառեր կան, որոնք նույնիսկ մեկ սանտիմետրով հեռու չեն կրպակներից:

Հասկանալի չէ նաև՝ ինչպես է քաղաքապետարանը կայացնում մի որոշում, որով խախտում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքը, ՀՀ «Քաղաքաշինության մասին» օրենքը, Երևանի գլխավոր հատակագծով և կենտրոնի գոտիավորման նախագիծը, ՀՀ կառավարության 02.05.2003թ. N625-Ն որոշումը և այլ օրենսդրական ակտեր:  

Մինչ գործադիր մարմինները շարունակում են իրար հակասող հայտարարություններ տարածել, արդեն 20 օր է՝ հստակ դիրքորոշում են դրսևորում Երևանի առնվազն 4000 բնակիչներ, տասնյակ մտավորականներ և այգում գիշերող բնապահպան ակտիվիստներ. նրանք դեմ են կրպակներ կառուցելուն:

Կարինե Իոնեսյան

Աղբյուրը՝ www.hra.am