Տեսանկյուն

Նախագահը չվավերացրեց ՇՄԱՓ օրենքի փոփոխությունները

14.03.2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի վավերացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» (ՇՄԱՓ) ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծերը։

Ազգային ժողովը 2012թ. փետրվարի 6-ին ընդունել էր այս օրենքների նախագծերը և ուղարկել էր ՀՀ նախագահի հաստատմանը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ին դրանք վերադարձրել է Ազգային ժողով՝ վերանայման։

Նախագահի առաջարկությունների ու դիտողությունների մեջ մասնավորապես ասված է. «Օրենքով սահմանվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա գործունեության տեսակների համար չհիմնավորված սահմանաչափեր: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բնապահպանական պետական փորձաքննության նախնական փուլում նախատեսվող գործունեության առանձին տեսակների համար փորձաքննական եզրակացություն տալու համար սահմանվել է չհիմնավորված բարձր պետական տուրք»:

Նախագահը համարում է նաև, որ օրենքները համահունչ չեն Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված քաղաքականությանը: Օրենքները նաև չեն լուծում բնապահպանական, հասարակական և այլ կազմակերպություններին ու անհատներին հուզող խնդիրները:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովը, հաշվի չառնելով բնապահպանների ու հասարակական ակտիվիստների բողոքը, փետրվարի 6-ին երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել էր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Բնապահպան ակտիվիստն, իրավաբան Արթուր Գրիգորյանը դեռ նախագահի նստավայրի առջև կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ հայտնեց, որ օրենքի հետ կանչելը միայն առաջին քայլն է:

«Բնապահպաններն օրենքը վերադարձնելուց պայքարելու են, որ օրենքում կատարվեն այնպիսի լրամշակումներ, որոնք չեն սահմանափակի սովորական քաղաքացիների և քաղաքացիական ակտիվիստների գործողությունները, կթույլատրեն իրենց մասնակցել շրջակա միջավայրի փորձաքննության գործընթացներին և ընտրել փորձագետների, ովքեր կարող են բարձրաձայնել իրենց տեսակետը»,- ասում էր Ա.Գրիգորյանը:

Բնապահպանները պահանջելու են նաև, որ փորձաքննության եզրակացությունը այդ օրենքի համաձայն իրավական ակտ համարվի, որ հետագայում անհրաժեշտության դեպքում կարողանան այն բողոքարկել դատարանում:

Օրենքը նաև պետք է Սահմանդրությանը համապատասխանի: ՀՀ սահմանադրության 83.5 հոդվածով՝ բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը: Ուստի օրենքի նախագծում, իրավաբանների կարծիքով, պետք է տեղ գտնի նաև այդ կարգը:

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am