Տեսանկյուն

Կոնդի ճակատագիրն անհայտ է. կառուցապատողը չկա, քաղաքապետարանը պատասխանատվություն չի կրում

22.03.2012

Եթե հեռվից չնշմարվեին Երևանը խորհրդանշող շենքերը, կթվար ֆանտաստիկ կինոյի հերոս ենք, ովքեր մի ժամանակից մյուս ժամանակ են տեղափոխվում, երբ ոտք դրեցինք Երևանի կենտրոնական թաղամասերից  մեկը՝ Կոնդ: Առաջինն արձագանքեցին մեր ոտքերի զգայարանները, երբ հարթ ասֆալտը վայրկենապես վերածվեց քարի կտորների: Ճանապարհները նեղացան, տները քանդվեցին կամ վթարային վերջին շնչով նեկայացան։ 

Փողոցում հայտնվեցին մարդիկ, ովքեր դույլերով ջուր էին կրում դրսում հոսող ծորակներից, իսկ ոմանք քարեր էրն կրում կտուրին դնելու համար, որ  քամին մի օր բաց երկինք չբերի իրենց գլխին:

Կոնդի բնակիչներն արդեն մի քանի տարի է ապրում են՝ կենցաղային պայմանների բարելավման սպասումով: Մինչև 300 տարվա հնության խարխուլ տները զրկված են կենցաղային ամենատարրական պայմաններից` չունեն կոյուղի, ջրագիծ, էլեկտրականություն: Նրանք միշտ լսում են, որ իրենց տները պետք է քանդեն, նորերը կառուցեն, փոխհատուցում տան: Սակայն այդ խոստումների վաղեմությունը նույնքան հնաբույր է դարձել, որքան Կոնդի տները:

«Շատ վատ ա Կոնդի վիճակը: Սաղ քանդվում ա՝ տները, փողոցները... Բա սա ապրելու տեղ ա՞, ոչ ոք տիրություն չի անում: Ասում են կքանդեն, քանի տարի ա ձգձգում են, ոչ մի բան չեն անում»,- ասում է Սերյոժա պապիկը, ում ծնողները Կոնդ են տեղափոխվել 1918 թվականին:

Տիկին Անժելան պատմում է, որ իրենց բակում 3 ընտանիք մի զուգարանից են օգտվում, իսկ լողանալը չգիտեն թե ինչ բան է:

«Առավոտը զուգարանի համար հերթ ենք կանգնում: Թոռներս 7-8 տարեկան են, մինչև հիմա վեդրոյի վրա են նստում: Սա ո՞ր դարն է, որ Երևանի կենտրոնում մի մետրանոց զուգարանից 3 ընտանիք օգտվի: Դիմեցի քաղաքապետարան, ասեցին՝ գեոդեզիա բեր, ճարտարապետ բեր, թող գծի: Ճարտարապետն էլ 200 դոլար փող ուզեց, հիմա ես ճարտարապետի՞ն փող տամ, զուգարան սարքելուն փող տամ թե՞ պետության հարկերը մուծեմ, ո՞րը հասցնեմ»,- ասում է Անժելան:

Վերակառուցման չիրականացված ծրագրեր

Կոնդի վերակառուցման որոշում եղել է դեռ խորհրդային տարիներին, որը 1990-ականներին կիսատ է մնացել: 2006թ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կոնդ թաղամասը ճանաչվեց հանրային՝ բացառիկ գերակա շահ, ձեռքբերող ճանաչվեց «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ն, որը պարտավորվեց իրացնել թաղամասի 175.769 քմ տարածքը: 2007թ. ընկերությունը սկսել է բանակցություններ վարել և պայմանագրեր կնքել սեփականատերերի հետ: Կնքվել է 200 պայմանագիր՝ ըստ որոնց կոնդեցիները «Դվին» հյուրանոցի հարևանությամբ կառուցվելիք բազմաբնակարան շենքում համարժեք մակերեսով բնակարան պիտի ստանան:

Պայմանագրերի ժամկետներն արդեն լրացել են, սակայն մինչև հիմա կառուցված է միայն շենքի հիմքը և մի հատվածում 4-5 հարկի կմախքը: Իսկ Կոնդի մնացած 700 տներում ապրող մարդկանց ճակատագիրն անորոշ է:

Արդեն 2 տարի է, ինչ բանակցություններ չեն վարվում, պայմանագրեր չեն կնքվում: Ո՛չ կառուցապատող ընկերությունը, ո՛չ էլ Երևանի քաղաքապետարանը սպառիչ պատասխան չեն տալիս, թե ինչո՞ւ է սառեցվել պայմանագրերի կնքման գործընթացը, ինչո՞ւ են դադարեցվել շինարարական աշխատանքները և ե՞րբ պատրաստ կլինեն խոստացված տները: Բնակիչները չգիտեն՝ ո՞ւմ դիմել և ումի՞ց պահանջել պայմանագրերի կետանցի համար սահմանված տույժերը:

Նաիրա  Սեդրակյանն իր նոր բնակարանին սպասում է արդեն 4 տարի: 2011թ. լրացել է պայմանագրի ժամկետը: «Պայմանագիր կնքելուց հետո մեր սեփականության վկայականը վերցրել են մեր ձեռքից, պահել են: Ոչ մի գործարք չենք կարողանում անել, բանկից վարկ չենք կարողանում վերցնել: Նոր տունը չեն տալիս, տուգանքները չեն տալիս ու չեն էլ ասում, թե երբ կտան»,- ասում է նա:

Նաիրան պատմում է, որ մեկ տարուց ավել է խոսակցություններ են պտտվում, որ «Դաունթաուն Երևանը» սնանկացել է և ի վիճակի չէ կատարելու իր պայմանագրային պարտավորությունները:

«Դիմում ենք քաղաքապետարանին, ասում են՝ կառուցապատողը չկա, ում տվել եք ձեր վկայականները, գնացեք նրանից էլ ուզեք: Չեն ասում՝ մեր պայմանագրերը ի՞նչ են լինելու, ո՞վ պիտի մեզ փոխհատուցի, մենք ո՞ւմ պիտի դիմենք, մեր հարցը ո՞վ պետք է լուծի»,- ասում է Նաիրան՝ ավելացնելով, որ բնակիչները նամակներով դիմել են տարբեր մարմինների, սպասում են, թե ի՞նչ է լինելու և հավանաբար դատարան կդիմեն:

Մեկ այլ կոնդեցի՝ տիկին Լիզան, ասում է, որ իրենք օտարման պայմանագիր չեն կնքել և ճիշտ էլ արել են. «Հեն ա, ով կապել ա, արդեն 5 տարի ա անցել, ոչ սարքում են, ոչ էլ, ո՞ւմ ա պետք: Մեր տունը 24 քառակուսի մետր է, 7 անձ ենք, նեղվածք, եթե մեզ դրան համարժեք տուն կամ փող տան, ի՞նչ ա փոխվելու, էլի նույն բնում 7 հոգով չե՞նք ապրելու, ի՞նչ պայմանների բարելավման մասին ա խոսքը»:

Սնանկացման կամ լուծարման մասին լուրերը ճշտելու նպատակով մենք նամակ ենք ուղղել «Դաունթաուն Երևանին» և սպասում ենք պատասխանի: Իսկ քաղաքապետարանից մեզ պատասխանել են, որ «Դաունթաուն Երևան» ՓԲ ընկերության «սնանկ ճանաչվելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը չի տեղեկացվել»:

Իրացման գործընթացի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող քաղաքապետարանը ոչ միայն տեղյակ չէ, թե ինչ վիճակում է կառուցապատող ընկերությունը, այլ նաև նամակով մեզ հայտնել է, որ բնակիչների հանդեպ որևէ պարտավորություն չունի. «Երևան համայնքը, որպես տեղական ինքնակառավարման մարմին, «Դաունթաուն Երևան» ՓԲ ընկերության և բնակիչների միջև կնքված պայմանագրերի երաշխավոր չի հանդիսանում և վերջինների հանդեպ որևէ պարտավորություն չունի»,- գրված է քաղաքապետարանի պատասխան նամակում:

Իսկ պայմանագիր կնքող բնակիչներին չգիտես ով հավաստիացրել է, որ պետությունն իրենց երաշխավորն է և կառուցապատողը չի կարող չկատարել իր պարտավորությունները: Փաստն այն է, որ բնակիչներն այսօր ոչինչ չեն կարողանում պահանջել ո՛չ պետությունից, ո՛չ էլ կառուցապատողից:

«Ինձ համար լավագույն լուծումն այն է, որ ինձ բնակարանով փոխհատուցեն: Իմ տան սեփականության վկայականը 4 տարի իրենց մոտ է եղել, ես կարող է վաճառում էի բնակարանս ու գնում էի Կոնդից: Սպասել եմ հույսով, որ նոր բնակարան կունենամ: Բայց այսօր հայտնվել եմ կոտրած տաշտակի առջև՝ ոչ ոք չի պատճառաբանում, թե ինչո՞ւ է այս վիճակը ստեղծվել և ո՞վ հարցին լուծում պիտի տա»,- ասում է կոնդեցի Նաիրա Սեդրակյանը:

Կոնդի վերակառուցումն ավելի քան 20 տարի է ձախողվում է, իսկ կոնդեցիները շարունակում են ապրել մայրաքաղաքի կենտրոնում ծայրահեղ անմխիթար պայմաններում։

Մերի Ալեքսանյան 
Կարինե Իոնեսյան  

Աղբյուրը՝ www.hra.am