Տեսանկյուն

Գրաքննության փորձ. ոստիկանները կարդացել են «Ուվալնյատի օրը»

24.03.2012

Հովհաննես Իշխանյան

Ժամանակակից գրող Հովհաննես Իշխանյանին Ռազմական և Երևանի ոստիկանության կենտրոնական բաժին կանչելը, հարցաքննելը և նրա «Ուվալնյատի օրը» գրքի գրախանութներից վերանալը հայ գրողները գրաքննության դրսևորում են համարում:

24-ամյա Իշխանյանը «Ուվալնյատի օրը» գիրքը հրատարակել է դեռ 2011թ. գարնանը՝ 300 տպաքանակով, որից 120-ն արդեն վաճառվել է: Այն ներառում է 16 պատմվածք, որոնցից երեքը գրված են բանակային թեմայով ու ամբողջությամբ մտացածին են: Պատմվածքները ներկայացնում են բանակային առօրյան, վարքն ու բարքը, կան նաև բաց տեսարանների նկարագրությամբ հատվածներ։

Գիրքը հրատարակվել է, «Բյուրոկրատ» գրախանութում շնորհանդես է կազմակերպվել, պատմվածքներն արտատպվել են տարբեր բլոգերում, բայց ՀՀ ռազմական ոստիկանության աշխատակիցները, կարծես այդ մասին իմացել են միայն 9 ամիս հետո ու որոշել են, որ պետք է հարցաքննության ենթարկեն դրանց հեղինակին:

Հարցաքննություններից հետո «Բյուրոկրատ» գրախանութը դադարել է գրքերը վաճառել՝ առանց որևէ պատճառաբանություն տալու: Այժմ գիրքը հասանելի է միայն «Արտբրիջ» սրճարան-գրախանութում, որի աշխատակիցը www.hra.am –ին հաղորդեց, որ իրենք չեն պատրաստվում գիրքը վաճառքից հանել:

Իշխանյանին հեռախոսով Ռազմական ոստիկանություն են կանչել դեռ փետրվարի 26-ին՝ ասելով, որ փաստեր են ուզում ճշտել իր՝ «Ուվալնյատի օրը» գրքի մի քանի պատմվածքների վերաբերյալ:

Հովհաննես Իշխանյանը գնդապետ Խաչատրյանին պարզաբանել է, որ գրքում փաստեր չեն կարող լինել, քանի որ գրքի բովանդակությունն իրականությանը չի համապատասխանում և, այնուամենայնիվ, նաև գրավոր բացատրություն տվել ոստիկաններին:

Ռազմական ոստիկանության սպա, իրավաբան Անահիտ Եսայանը www.armenianow.com –ին հայտնել է, որ, ըստ իրենց, Իշխանյանի պատմվածքները խեղաթյուրում են իրականությունը, կոպիտ հայհոյանքները վարկաբեկում են ՀՀ զինված ուժերը, վիրավորում կրոնը, հայ մայրերին:

«Ես աղմուկ չբարձրացրեցի՝ մտածելով, որ էլ չեն կանչի ու ամեն ինչ կհարթվի, բայց իրենք չհանգստացան ու գործը տեղափոխեցին փաստորեն Երևանի ոստիկանության կենտրոնական բաժին, այնտեղից էլ կանչեցին ու գրեթե նույն հարցերը տվեցին, ես էլ նույն բաները գրեցի: Սկզբում բանակի հարցն էին բարձրացնում, հետո հասկացան, որ այդ առումով ոչ մի պատասխանատվության չեն կարող ենթարկել ինձ, հիմա էլ սկսել են ասել, թե իմ գործերը պոռնոգրաֆիկ տեսարաններ են պարունակում ու դիմել են ՀՀ մշակույթի նախարարություն, որ փորձաքննության ենթարկեն գործերս»,- մեզ պատմեց Իշխանյանը:

Միակ հոդվածը, որով կարող են քրեական գործ հարուցել երիտասարդ գրողի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածն է, որը պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածողներին պատժում է տուգանքով կամ կալանքով՝ երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Սակայն Իշխանյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի համոզմամբ՝այս հոդվածն էլ իրատեսական չէ, քանի որ այն չի տարածվում գրական ստեղծագործությունների վրա:

Ռևազյանի խոսքերը հաստատեց նաև ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շողիկ Ասոյանը, ով www.hra.am –ին հաղորդեց, որ մի քանի օր առաջ պատասխանել են ոստիկանությանը, որ Հայաստանում 75 տարվա վաղեմություն ունեցող գործերն են միայն փորձաքննության ենթարկվում ու իրենք նման գործառույթ չեն իրականացնում ժամանակակից գործերի առումով ՀՀ կառավարության 2011թ. թիվ 1471-Ն, 2005թ.-ի 630-Ն և 2004թ. 245-Ն որոշումների հիման վրա:

«Բացի այդ, անհասկանալի է՝ ինչու են առանց ծանուցագրի նրան կանչում հարցաքննության, եթե ինքը ոչ մեղադրյալ է, ոչ էլ կասկածյալ: Հարցաքննության օրը միայն տալիս են ծանուցագիր, որտեղ գրում են, թե չներկայանալու դեպքում կենթարկվեք հարկադիր բերման: Նրանք դրա իրավունքը ընդհանրապես չունեն իրավական տեսանկյունից»,- փաստում է Ռոբերտ Ռևազյանը:

Իշխանյանը համոզված է, որ իրեն հետապնդում են, քանի որ անդրադարձել է բանակային թեմաների:

Հայ ժամանակակից գրողները հանդես են եկել հայտարարությամբ և ստորագրահավաք նախաձեռնել, որով սատարում են Իշխանյանին ու քննադատում են ոստիկանության պահվածքը: Ժամանակակից գրողներից Արմեն Օհանյանը մտավախություն ունի, որ քրեական գործ հարուցելու դեպքում այս հարցը կարող է դառնալ նախադեպային ու սպառնալիք լինել բոլոր գրողների համար:

«Հովհաննեսը, կարծում եմ, բավականին հաջողված գիրք է գրել, ու նման գրականությունը ողջունելի է՝ որպես այլընտրանքային գրականություն»,- www.hra.am–ին փոխանցեց Օհանյանը:

Գրողներից Մարինե Պետրոսյանը կարծում է, որ մտավախություն պետք է ունենան բոլոր գրողներն անկախ նրանից, թե ինչ ոճով են գրում:

«Նույն «Ուվալնյատի օրը» պատմվածքը մենք քննարկել ենք ու պարզել, որ ինքը գրում է մոգական ռեալիզմի ժանրով, այսինքն՝ պարզ է, որ այստեղ փաստացի տվյալներ չեն ու այդպես են գրում լատինաամերիկյան գրողների մեծ մասը, ինչպես նաև՝ հայ ժամանակակից գրողների 90 տոկոսը: Այսինքն ի՞նչ, բոլորին քրեական պատասխանատվությա՞ն պետք է ենթարկեն»,- հարց է բարձրացնում Մ. Պետրոսյանը:

Իշխանյանը համոզված է, որ այսկերպ ոստիկանությունը հակառակ արդյունքը կքաղի, քանի որ գրողները կսկսեն հակառակվել ու ավելի շատ գրել այս թեմաներով:

ՀՀ ոստիկանությունը դեռ լռում է. Հովհաննես Իշխանյանին էլ միայն ասել են, որ դեռ քրեական գործ հարուցված չէ: Այսինքն, չնայած նրան, որ իրավական տեսանկյունից հնարավոր էլ չէ գործ հարուցել, ոստիկանությունը դեռ չի բացառում դա:

Հովհ. Իշխանյանի լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am