Տեսանկյուն

Դատարանն անփոփոխ թողեց կալանքի մասին որոշումը

28.03.2012

Դատավոր Մխիթար Պապոյան

Դատավոր Մխիթար Պապոյանը երկրորդ անգամ մերժեց փաստաբանների՝ Ստեփան Հովակիմյանին ու Վահրամ Քերոբյանին ազատ արձակելու միջնորդությունը՝ նշելով, որ իրենք ծանր հանցագործության մեջ են մեղադրվում:

Հիշեցնենք, որ 2010թ. հունվարին է եղել գողությունը. «Մոսկվա» կինոթատրոնից գողացվել է 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գումար: «Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարությունը և գործով մեղադրող դատախազ Սամվել Հարությունյանը պնդում են, որ գողությունը կատարվել է Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի կողմից: Տղաների ծնողները և այլ վկաներ համոզված են, որ իրական մեղավորներն ազատության մեջ են:

Երևանի Կենտրոն Նորք–Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Պապոյանը հաշվի չառավ, որ այն հիմքերը, որով տղաները կալանավորվել են 2 տարի առաջ, այսօր չեն գործում: Հարազատները պատրաստ էին գրավ տրամադրել, Հովակիմյանի հայրը պատրաստ էր գրավ թողնել իրենց միակ անշարժ գույքը՝ բնակարանը: Դատարանը հաշվի չառավ նաև 20-ից ավել մտավորականների դիմում-խնդրագիրն ուղղված դատարանին, որով նրանք երաշխավորում են Ստեփան Հովակիմյանի պատշաճ վարքագիծը:

Դատարանը, միայն հիմք ընդունելով հանցագործության վտանգավորության աստիճանը, որոշում է կայացրել կալանավորման մասին որոշումը թողնել անփոփոխ։

Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության 135 հոդվածի համաձայն ՝ դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեականդատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

Դատավորը չի հիմնավորել իր կալանավորման մասին որոշումը՝ ելնելով վերոնշյալ դրույթներից՝ հաշվի առնելով տվյալ գործի փաստական հանգամանքները։

Պապոյանը նաև հաշվի չառավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կա որոշում, որ պատժի ծանրությունն ինքնին բավարար չէ մեղադրյալին կալանավորելու համար: (Իլիջկովն ընդդեմ Բուլղարիայի, (Ilijkov v. Bulgaria, no. 33977/97) (Sect. 4) (Eng) – (26.7.01) (paras. 80-81)

Միևնույն ժամանակ դատարանը չի կարող կալանավորման որոշումը հիմնավորել մեղսագրվող պատճառված վնասի չափով, այլ պետք է հաշվի առնի մեղադրյալի անձը և նրա բնութագրիչ տվյալները: Նպատակը ոչ թէ վնասի հատուցումն է, այլ դատական քննությանը մեղադրյալի ներկայությունը երաշխավորելն է: (Նյումայսթերն ընդդեմ Ավստրիայի (Neumeister v. Austria), (article 50) – 17 (7.5.74) (par. 14)

3 ամիս տևած փորձաքննությունն արդյունք չտվեց

Դատարանում նաև հրապարակվեց դատաձեռագրաբանական փորձաքննության արդյունքը, որի համաձայն՝ եղած նյութերը բավարար չեն եղել, որ պնդեն, թե երկրորդ ստորագրությունը չի պատկանում գանձապահ Կարինե Միսակյանին:

Ստեփան Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը միջնորդել էր անցկացնել կինոթատրոնի գանձապահի ձեռագրի դատաձեռագրաբանական փորձաքննություն: Կինոթատրոնի ղեկավարությունը նշում է, որ հունվարի 4-10-ը գանձապահի գրառումներն արվել են մեկ մարդու կողմից, բայց փաստաբանի համար ակնհայտ է, որ ձեռագրերը տարբերվում են:

Պաշտպանական կողմը ներկայացրեց նաև միջնորդություններ, որ որպես ապացույց գործին կցվեն Հովակիմյանի խցակիցների ու Ռուսատանում ապրող բարեկամների ցուցմունքները: Դատարանը դրանք ընդունեց ոչ որպես ապացույց, բայց խոստացավ հաշվի առնել վերջնական որոշում կայացնելու ժամանակ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 12-ին՝ժամը 14:30-ին:

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am