Տեսանկյուն

Հրազդանի երկաթի հանքի շահագործման նախագիծը փոխվելու է, բայց բնապահպանները չեն դադարում մտահոգվել

29.03.2012

Հրազդանի երկաթի հանքավայրում հետազոտական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ունեցող «Ֆորչն Ռիզորսիս» (Fortune Resources) ընկերության աշխատակիցները հավատացնում են, որ վնաս չեն հասցրել բնությանն իրենց աշխատանքներով ու պատրաստվում են փոխել նախկին նախագիծը, որն այդքան քննադատությունների առիթ տվեց բնապահպաններին:

Հիշեցնենք, որ Հրազդանի երկաթի հանքավայրը գտնվում է Հրազդան քաղաքից 1.5կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևելք: «Ֆորչն Ռիզորսիս» ընկերությունը  «Նագին» ՍՊԸ-ի իրավահաջորդն է, որին դեռ 2008թ.-ին տրվել էր հանքը շահագործելու լիցենզիա:

Բնապահպաններն ահազանգում էին, որ նախկին «Հրազդանի երկաթի հանքաքարի հանքավայրի» աշխատանքային նախագծի վերաբերյալ տրված դրական եզրակացությունում գրված էր, որ բաց հանքի շահագործումն անխուսափելիորեն կբերի շրջակա լանդշաֆտի որոշակի փոփոխության՝ ներքին այրման շարժիչներից, կաթսայատնից մթնոլորտ կարտանետվեն ածխածնի օքսիդ, ածխաջրածին, ազոտի օքսիդ, ծծմբային գազ և այլն, ինչպես նաև փոշի' բացահանքից, ավտոճանապարհներից, լցակույտից, արտհրապարակից, ապարների նախնական փխրեցումից, բեռնման և բեռնաթափման աշխատանքներից: Մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի տարեկան ընդհանուր քանակը կկազմի 1448.5տոննա, որից փոշու արտանետումները կազմում է 27.0%-ը, իսկ մեքենաների և մեխանիզմներինը' 65.0%:

«Մոռացեք հին նախագծի մասին, մենք այժմ պատրաստվում ենք նոր նախագիծ կազմել, որտեղ չեն լինի այդ մտահոգությունները և եթե հանքավայրը շահագործվի էլ, մենք օգտագործելու ենք նորագույն տեխնոլոգիաներ»,- հավատացնում է«Ֆորչն Ռիզորսիս» ընկերության լրատվական բաժնի պատասխանատու Գևորգ Հարությունյանը:

Բնապահպանները չեն կարծում, որ ամեն ինչ այդքան իդեալական է, որքան ներկայացնում են կազմակերպության ներկայացուցիչները: Կազմակերպությունը տարեկան 2,5միլիոն տոննա հանքաքար կմշակի, որից 5-6 տոկոսը հարկի տեսքով կստանա պետությունը, բայց բնությանը կհասցվի անդառնալի վնաս, քանի որ հանքը միևնույն է բաց ճանապարհով է շահագործվելու:

Հրազդանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Ժորա Առաքելյանի համար անհասկանալի է, թե ինչպես է հանքը շահագործելու առանց վնասելու խմելու ջուրը, եթե հենց հանքավայրի տարածքում են գտնվում Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան ու Աբովյան քաղաքները սնուցող ջրի աղբյուրները, որոնք նաև ապահովում են ջրով Երևանի 30 տոկոսը՝ ընդհանուր առամբ 300 հազար մարդու:

«Նախկին նախագծի համաձայն՝ պետք է 270մ խորությամբ փոս փորվի, որի արդյունքում խմելու ջրի աղբյուրները կկորեն, քանի որ վերականգնման ենթակա չեն»,- ասում է նա:

Առաքելյանին մտահոգում է նաև ոռոգման ջրի խնդիրը, քանի որ Հրազդան գետը հոսում է դեպի Արարտյան դաշտավայր, իսկ մաքրման աշխատանքներ ապահովելու համար օգտագործվելու է «Քաղսի» մաքրման կայանը, որը 20 տարի է չի աշխատում:

«Հաջորդ խնդիրն այն է որ տները մոտ են գտնվում հանքավայրին՝ մոտ 650 մետր հեռավորության վրա, իսկ հանքավայրի հետագայում ընդարձակվելու պատճառով այդ հեռավորությունը կհասնի 200մ-ի: Բացի այդ լինելու են պայթեցումներ, իսկ Հրազդանում գործող այլ գործարանների պատճառով, պաշտոնական տվյալներով, օդի աղտոտվածությունը 2,5-6 անգամ սահմանային թույլատրելի կետը գերազանցում է »,- ահազանգում է Առաքելյանը:

«Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն ամեն դեպքում հանքի շահագործումն անթույլատրելի է համարում, քանի որ փորձը ցույց է տալիս, որ հանքը շահագործողները երբեք չեն հետևում դրա արդյունքում առաջացած պոչամբարներին, ավելին՝ օրենսդրությունն էլ հարմարեցնում են դրան:

Այս ծրագրով հանքի պոչամբարը նախատեսվում է կառուցել Հրազդանի աղբավայրում, որը սակայն 11 տարով հանձնվել է Դանիական մի ընկերության:

Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության օգտակար հանածոների հաշվառման, որոնման և հետախուզման ամբիոնի ասիստենտ Սուրեն Ներսիսյանը բարձրաձայնում է նաև հանքերի բաց շահագործման խնդրի մասին՝ նշելով, որ համաշխարհային պրակտիկայում օգտագործում են փակ ճանապարհը:

Ընկերության ներկայացուցիչները նախ ասացին, որ հանքի փակ ճանապարհով շահագործումը շահույթ չի ապահովի, հետո էլ ավելացրին՝ մնացած մտահոգությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Ֆորչն Ռիզորսիսի» երկրաբան Վլադիմիր Հարությունյանը հայտնեց, որ մինչև այսօր 4000 մ. հորատանցքեր են փորել՝ 45 հորատանցք, 60-100մ միջին խորությամբ:

«Հորատանցքի պատերն ամրացվում են խողովակներով միշտ և այնպես են փորել, որ խորքային ջրեր չեն կարող լինել այնտեղ՝ երկրաբանական պայմաններից ելնելով: Դրանք շրջանցում են բլուրը»,- ասում է Հարությունյանը:

Այն հարցին, որ կազմակերպությունը հին սովետական սարքեր է օգտագործում, Հարությունյանը նշեց, որ միայն շարժիչն է սովետական, իսկ պայթեցման աշխատանքերը չեն կարող խանգարել շրջակա միջավայրին, քանի որ եթե մեկ տոննա սելիտրա էլ պայթեցվի, միևնույնն է 0.5 բալանոց երկրաշարժ էլ չի առաջացնի։

«Անտառները գալիք սերունդներին» ՀԿ-ի նախագահ Մովսես Մանուկյանը նշեց, որ չկա այդպիսի պրակտիկա աշխարհում, որ հանքավայրի շահագործումը չազդի շրջակա միջավայրի ջրային աղբյուրների վրա, բացի այդ պարտադիր չէ մասնագետ լինել հասկանալու համար, որ այն բլուրը, որտեղ գտնվում են հանքի պաշարները Գեղամա լեռների, Փամբակի, Ծաղկունյաց լեռների թասի մեջ է ու խորքային ջրերը պարզապես գնալու տեղ չեն ունենա ու կաղտոտվեն:

Ամեն դեպքում «Ֆորչն Ռիզորսիսը» դեռ մշակում է նախագիծ, որը պետք է անցնի շրջակա միջավայրի փորձաքննություն, հաստատվի համապատասխան պետական կառույցների կողմից: Այս ամբողջ գործընթացն անցնելու դեպքում ընկերությունը հանքը շահագործելու է 15-30 տարիների ընացքում:

«Երկաթի հանքի շահագործման դրական և բացասական կողմերը» թեմայով քննարկումը կազմակեպել էր «Անկախության սերունդ» ՀԿ–ն։

Հրազդանի երկաթի հանքի տարածքի նկարը՝ ecolur.org–ի

Հեղինակը՝ Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am