Տեսանկյուն

ՄԻԵԴ–ն ընդունել է Գուլյանի գործով նախնական բողոքը

30.03.2012

Լևոն Գուլյանը՝ որդիների հետ

Հատուկ քննչական ծառայությունը 4–րդ անգամ կարճեց Գուլյանի գործի վարույթը՝ չկատարելով Վճռաբեկ դատարանի որոշումը

2007թ. ոստիկանությունում մահացած Լևոն Գուլյանի գործի վարույթն արդեն չորրորդ անգամ կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդպես էլ չի կատարում Վճռաբեկ դատարանի վճիռը, այն է՝ վերսկսել Լևոն Գուլյանի մահվան առիթով հարուցված քրեական գործի քննությունը և վերացնել նախաքննության ընթացքում թույլ տրված անձի իրավունքների և ազատությունների խախտումները։

Գործի վարույթը կարճելու վերջին որոշումը ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գաբրիել Պետրոսյանը կայացրել է 2012թ. փետրվարի 8-ին: Դրանից հետո անցել է մոտ 2 ամիս, սակայն մինչ օրս Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հրայր Ղուկասյանն այդ մասին չի տեղեկացվել: Նրա խոսքերով՝ գործի վարույթը վերաբացելուց հետո իրենք որևէ ծանուցում կամ տեղեկություն չեն ստացել, թե ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել:

ՀԿԳ քննիչ Գաբրիել Պետրոսյանն իր աշխատանքային գործունեության վերջին ընթացքում տարին մեկ այս գործը կարճում է՝ առանց որևէ գործողություն կատարելու։ Նույն քննիչը գործը կարճել է 2008թ. մարտի 18–ին, 2009թ. ապրիլի 16–ին, 2011թ. մարտի 21–ին և 2012թ. փետրվարի 8–ին։ Իսկ այս ամսաթվերի միջանկյալ ժամանակահատվածում Գուլյանի իրավահաջորդն անցնում է ՀՀ դատական ատյաններով՝ կարճման որոշումը բողոքարկելով. արդեն գրեթե 5 տարի։

Քրեական գործը կարճելու վերջին որոշման մասին մեզ հաջողվեց իմանալ հարցում ուղարկելուց և շարունակ ՀՀ քննչական ծառայություն զանգելուց հետո: ՀԿԳ քննիչ Գաբրիել Պետրոսյանը մեր գրավոր մի քանի հարցերին պատասխանել է 3 օրում ընդամենը մի նախադասությամբ՝ «Քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով», նույնիսկ չնշելով կարճման որոշման ամսաթիվը։

Փաստաբան Հրայր Ղուկասյանը կարծում է, որ ոչ մի քննչական գործողություն էլ չի արվել և քննություն իրականացնող մարմինը հակված չէ բացահայտել Գուլյանի մահվան իրական հանգամանքները:

Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչներն անցյալ տարվա հոկտեմբերին դիմել էին գլխավոր դատախազին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել կատարված քննչական գործողությունների վերաբերյալ:

«Միայն պատասխանել էին, որ վարույթը վերսկսվել է և նախկին քննիչն է քննում գործը: Այդ պահից ի վեր մենք որևէ գործողության մասին չենք ծանուցվել, մենք չգիտենք՝ ի՞նչ գործողություններ են կատավել»,– www.hra.am –ին փոխանցել էր Հրայր Ղուկասյանը:

Հրայր Ղուկասյանի կարծիքով՝ գործի կարճումը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ոչ միայն Լևոն Գուլյանի հիշատակի ու նրա ընտանիքի հանդեպ, այլ՝ արհամարհանք Հայաստանի ամբողջ դատական իշխանության նկատմամբ, որովհետև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները չեն կիրառվում:

Փետրվարի վերջին Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Հրայր Ղուկասյանը և Արամ Կարախանյանը Լևոն Գուլյանի գործով նախնական բողոք են ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ից ստացել են հաստատում և 2 ամիս ժամանակ՝ հիմնական բողոքն ուղարկելու համար:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը կարծում է, որ «անօգնական» վիճակում հայտնված նախաքննական մարմնի վերաբերյալ երկու եզրահանգում կարելի է անել:

«Կա՛մ նախաքննական մարմինն անկարող է գործի նորմալ քննություն իրականացնել, և պետք է դրա վերաբերյալ լուրջ կադրային հետևություններ անել, կա՛մ եթե պարզվի, որ գործը չի բացահայտվել միտումնավոր, ապա պետք է համապատասխան մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- կարծում է Դանիելյանը:

Նրա խոսքերով՝ ակնհայտ է, որ Լևոն Գուլյանի՝ ՄԻԵԴ ներկայացված գործի քննության արդյունքում Հայաստանի Հանրապետությունը պարտվելու է:

«Նախաքննական մարմինը շարունակաբար անտեսում է դատարանի որոշումները և չի իրականցանում այն գործողությունները, որոնք մատնանշված են դատարանների վճիռներում: Ավելին, գործը վերսկսելու վերաբերյալ դատարաների որոշումները մշտապես բողոքարկվում են դատախազության կողմից, ինչը կարելի է մեկնաբանել որպես դատախազության կողմից հստակ հայտարարություն՝ մենք այս գործը չենք ուզում բացահայտել»,- ասում է Արման Դանիելյանը՝ հավելելով, որ հինգ տարվա գործընթացն ապացուցեց, որ Հատուկ քննչական ծառայությունը հետևողականորեն ամեն ինչ անում է, որ գործը չբացահայտվի:

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am